1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՀՀԿ-Ի ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը ամեն տարի 1 միլիոն դոլար գումար է փոխանցել Հայաստանի հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հովիկ Աբովյանի հետ:

-Պարո՛ն Աբովյան, լուրեր կան, որ նոր Հայաստանում իրավապահները բացահայտել են՝ Դուք ամեն տարի 1 միլիոն դոլար գումար եք փոխանցել Հայաստանի «Հանրապետական» կուսակցության հաշվեհամարին: Ի՞նչ կասեք այս մասին:
-(Ծիծաղում է Ք.Մ) Բացառվում է, այդքան փող ունենամ, ի՞նչ գործ ունեմ, եկել եմ չոլերն եմ ընկել:
-2018 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ գործարարները նախագահական նստավայր` Բաղրամյան 26, ճամպրուկներով փող են տարել, միգուցե Ձեզ էլ են ստիպել տանել ինչ-ինչ հետապնդումներց զերծ մնալու: Ձեզ նման հրահանգ չի՞ եղել:
-Որեւիցե մեկը ոչ ինձ հորդորել է, ոչ մեկին ոչ մի կոպեկ ընդհանրապես չեմ տվե: Բայց ինչի՞ պետք է տայի, լրիվ ապատեղեկատվություն է, եւ բացառվում է, նման բան չէր կարող լինել: Ստից բաներ մի՛ ասեք, դուք միլիոն դոլար տեսա՞ծ կամ ես տեսա՞ծ եմ, կամ ինչո՞ւ պետք է տամ:
-Մարզպետներ են եղել, որ տվել են ինֆորմացիայի դիմաց կամ հետապնդումներից խուսափելու համար, կարո՞ղ է դուք էլ տված լինեք:
-Նման բան չկա, իրենք ինձ պետք է տային, որ ես ընդհանրապես լույս քաշեյի, այդ աշխատանքը անեի, ինչու պետք է տամ: Գիշեր -ցերեկ այդ սահմաններում քարշ եմ եկել, մի հատ էլ պետք է տա՞մ: Չի կարելի մարդկանց այսքան հունից հանել, եթե նման բան լիներ, վաղուց ասած էլ կլինեին, վաղուց փակած էլ կլինեին, ամեն ինչ էլ արած կլինեին: Միլիոն դոլար….
-Նկատեցինք, որ թավշյա հեղափոխությունից հետո բացահայտվեցին նախկին պաշտոնատար անձանց որդիների` ծառայությունից խուսափելու դեպքեր: Ձեր որդին նույնպես չի ծառայել, ինչո՞ւ:
-Այդ մասին բազմիցս գրվել է, վերջին անգամ տարել եմ կամիսիայի, ուղղակի հիմա այդտեղ չեմ, չգիտեմ` ինչ է եղել այս ընթացքում: Բայց հիվանդության պատճառով է եղել, որ որդիս չի ծառայում:
-Բայց շատերն են կեղծ թղթեր ձեռք բերել՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, որ իրենց երեխաները չծառայեն բանակում: Մեկ օրինակ կա. Սյունիքի նախկին մարզպետի որդիներից մեկի նկատմամբ արդեն հետախուզում կա հայտարարված, մյուսի մասով էլ փորձաքննություն է նշանակված: Այսինքն հիմա այլ պատկեր ունեք: Մտավախություն չունե՞ք, որ հիմա այլ բան բացահայտեն, որ Ձեր գործոնն է պատճառ եղել, որ նրան ազատել եք:
-Եթե իմ գործոնով է պայմանավորված, ենթադրենք մտածենք այդպես է եղել, ոնց է կրկնակի, եռակի անգամ գնում կամիսիայի ու նույն դիագնոզն են տալիս, որը ինձ համար` որպես ծնողի, ցավալի է: ԻՆձ հաճելի չէ ամեն անգամ այդ մասին խոսել: Նա աշխարհի վերջին երեխա՞ն է եղել, որ չի գնացել ծառայել, չեմ հասկանում: Տավուշի մարզից 72 հոգի ազատված են, ինչո՞ւ չեք գնում, տեսնեք, թե ինչպես են ազատվել: Դուք երեխա չունե՞ք, եթե չունեք, Տա՛ Աստված` երեխա ունենաք, ու ինքը առողջ լինի, մնացածը թողնում եմ Ձեր խղճին:
-Պաշտոնյաների երեխաներ են ազատվածները:
-Դա ի՞նչ կապ ունի, ի՞նչ կապ ունի:
-Ձեր որդին այսօր աշխատում է մաքսային ծառայությունում: Դուք 2007-2009 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետն եք եղել, 2009-2014 թթ.` Գուգարքի մաքսատան պետը, Ձեր որդուն Ձեր մոտ «գործի եք տեղավորել»: Այս մասին ի՞նչ կասեք:
-Եթե օրենսդրությունը թույլ է տալիս, որ մարդիկ աշխատեն այդ համակարգում, եթե ուշադիր ուսումնասիրեք, կտեսնեք, որ համակարգն է թույլ տալիս աշխատել:
-Բայց տեղեկություններ կան, որ Ձեր գործոնով է պայմանավորված` Ձեր որդին այնտեղ աշխատանքի է անցել:
-Նման բան չկա:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԿԻՆ ՍՈՒՏ ՄԱՏՆԻՉԸ
Տարբեր պաշտոնատար անձանց դեմ իրավապահներին սուտ տեղեկություններ տված քաղաքացիները հայտնվել են դատարաններում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակության շրջանում սկսվել է մի իրավիճակ, որ նախկինում ինչ -ինչ խնդիրներ ունենալով տարբեր մարդկանց հետ` նրանց մասին սուտ տեղեկություններ են հաղորդում իրավապահներին, իսկ իրավապահներն էլ, սկսելով քննությունը, որոշ ժամանակ հետո պարզում են, որ քաղաքացիները սուտ են խոսել: Ստիպված են լինում «սուտ մատնության» հատկանիշներով մեղադրանք առաջադրել:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Հասմիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հուլիսի 28-ին ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, թե իբր 2012-2015թթ. ընթացքում նպաստ ստանալու եւ նպաստատուների ցուցակից դուրս չմնալու համար ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետ Հովհաննես Հովհաննիսյանին 240.000 դրամ գումար է տվել:
Հիմա իրավապահները քննություն են իրականացնում եւ պարզում, որ նման բան չկա: Ու նոր Հայաստանում առաջին անգամ կնոջ նկատմամբ «սուտ մատնության» հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել կնոջը` Հասմիկ Դանիելյանին:

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ
Պարզվում է՝ ՀՀ ՊՆ-ում կան զորամասի հրամանատարներ, որոնք դասալքությամբ են զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացի Համլետ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ զորամասում եւ զբաղեցնելով 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, 2017թ նոյեմբերի 19-29-ը ներառյալ գտնվել է կարճաժամկետ արձակուրդում, սակայն արձակուրդը լրանալուն պես թեեւ պարտավոր էր վերադառնալ, նոյեմբերի 30-ին չի ներկայացել զորամաս: Արդյունքում նախաքննական մարմինը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` Դասալքություն: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:

 

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ
Ադրբեջանի 2019թ. պետբյուջեի նախագծում նախատեսված է մեծացնել պաշտպանությանը հատկացվող գումարի չափը: Ռազմական ծախսերի համար նախատեսված է 3 մլրդ 37 մլն 618 հազար մանաթ: Այդ գումարից պաշտպանության ուժերին կհատկացվի 1 մլրդ 494 մլն մանաթ, ազգային անվտանգությանը` 156 մլն 989 հազար մանաթ:

 

 

ԴԵՄ Է ԼԳՏԲ-ԻՆ
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի փոխանցմամբ` «Ծառուկյան դաշինք»-ը բացարձակապես չի նպաստել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չընդունմանը: Ըստ նրա` խմբակցության 4 պատգամավորի ներկայության պարագայում անգամ նախագիծը չէր կարող ընդունվել, որովհետեւ այն սահմանադրական օրենք էր, եւ պետք էր 63 կողմ ձայնի առկայություն։ «Այնպես որ, այստեղ ԲՀԿ պատգամավորների բացակայությունը փնտրելն անօգուտ բան է»,- նշել է նա։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք որպես պատգամավոր, որը պարբերաբար քննադատում է ԼԳԲՏ համայնքին, պատրաստվո՞ւմ է ԼԳԲՏ ֆորումի տապալման դեմ իրականացվելիք ակցիաներին մասնակցել` Գեւորգ Պետրոսյանն ասել է. «Ես եթե մասնակցեմ, ոչ թե որպես պատգամավոր եմ մասնակցելու, այլ որպես հայ մարդ, հայ տղամարդ, որ սկզբունքորեն դեմ է, որ համասեռամոլությունը թափանցի ավանդական ընտանիք։ Չեմ ասում՝ տվե՛ք, սպանե՛ք, բռնության կոչ չեմ անում, ես ընդամենը դեմ եմ, որ այդ երեւույթները թափանցեն հայկական ընտանիք ու մեր ուսումնական հաստատություններ»,-նշել է նա։

 

 

ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՄՈՐԸ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժպ Մանե Թանդիլյանը հանդիպել է Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մոր հետ: 18-ամյա բնակչուհին, գիտակցելով, որ սխալ է գործել, ցանկանում է հետ վերադարձնել իր փոքրիկներին: Հանդիպման ընթացքում Մ. Թանդիլյանի եւ մոր միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու եւ երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով: Նշենք, որ այս պահին փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը երկամսյա ժամկետով կանգնեցված է։

 

 

«ԿԱՑԻՆ»-ԻՆ ՓՐԿԵԼ ԵՆ
Շիրակի մարզում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել. Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի 15 մետր բարձրություն ունեցող կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով ցանկացել է իրեն ցած նետել։ Ոստիկանները մոտեցել են կամրջին, որի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն կարողացել են անվտանգ դուրս բերել: Քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ, «Կացին» մականվամբ 35-ամյա Կարեն Ա.-ն է։

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվել են վերաքննիչ քրեական դատարանի եւ վարչական դատարանի դատավորներ: Լուսինե Աբգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Ռոբերտ Մաքեյանը՝ վարչական դատարանի դատավոր: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից, փոխարենը նշանակվել է Վարուժան Ներսեսյանը։




Լրահոս