ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՄԱՅՍԱԲԱՐՈ ՉԻՆՈՎՆԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե նոր Հայաստանում լկտիությունը տեղ չունի, եւ նոր Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում: Խոսքը ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի նախօրեի քաջագործությունների մասին է: Երկու օր է` լրատվամիջոցները հեղեղված են առողջապահության ոլորտի հայտնի մասնագետների նամակներով, որոնցում նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել են Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում Վանեսյանի պահվածքի վրա: Հիշեցնենք, Վանեսյանը միջոցառման ժամանակ պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին` խոչընդոտելով լուսանկարմանը, կոպտել է Առողջապահության նախարարության վարչության պետերից մեկին եւ այլն: Քանի որ այս ամենը տեղի էր ունեցել Երեւանի պետական բժշկական համալսարանի շենքում, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ բուհից պահանջեց ներկայացնել փաստեր: Համալսարանից ուղարկել են անվտանգության համար տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրերը, որտեղ երեւում են Վանեսյանի գործողությունները: Իսկ նրա կողմից նման լկտի պահվածք ցուցաբերելը, թերեւս, պատահական չէ. Վանեսյանը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է, ըստ այդմ, վայելում է նրա հովանավորությունը: Ավելին, Վանեսյանը շատ տեղեր ակնարկել է, որ Թորոսյանի՝ նախարար նշանակվելու հարցում ինքն է մեծ դերակատարություն ունեցել: Ու հավանաբար դրա պատճառով էլ հոգեբուժարանի ղեկավարն իրեն արտոնյալ է զգում ամենուր:
Փաստենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված Կառավարության ներկայացուցիչները կամ նրանց ենթակաները մշտապես քննադատում են «նախորդ հանցավոր ռեժիմին», սակայն իրենց կառավարության ներկայացուցիչների պահվածքը հաճախ չի զիջում նախկիններին:
Հ. Գ. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակից «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ, սակայն Արման Եղոյանն ասաց, որ վարչապետը դեռ չի ծանոթացել բաց նամակին:

 

 

Ինչպես հայտնի է, երեկ Դավթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրը՝ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բժշկուհի Լուիզա Խաչատրյանը: Թե որն է բժշկուհու քայլի պատճառը, դեռեւս պարզ չէ: Մինչ այդ տեղեկացնենք, որ Լ. Խաչատրյանը ոչ միայն Օհանյանի քենակալն է, այլեւ նրա ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ զարմանալի զուգադիպությամբ նման ողբերգական միջադեպ եղել էր նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ նախկին ներկայացուցչի՝ Ֆելիքս Ղուշչյանի ընտանիքում: 2013 թվականի սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ինքնասպան է եղել Ֆելիքս Ղուշչյանի կինը՝ Նարինե Առաքելյանը, կրկին իրեն ցած նետելու միջոցով: Հետաքրքիր է՝ այս դեպքերը զուգադիպությո՞ւն են, թե՞ ոչ:

 

 

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ «Տարոն» ընկերության միջեւ արդեն քսան տարի շարունակվող դատական հակամարտությունը կարծես թե վերջ չունի: Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան ավելի քան 20 տարի է, ինչ կալանքի տակ է գտնվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը պատմեց, որ 20 տարիների ընթացքում ուղիղ 600 դատական գործընթացի է մասնակցել: «Արդեն 21 տարի դատարաններից տուն չեմ գալիս, չնայած այն բանին, որ 4 դատական հայց եմ շահել, բայց չի ավարտվում»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց Իսախանյանը` նշելով, որ ըստ ՊԵԿ-ի` Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան դեռեւս 1992 թվականին մինչեւ մասնավորեցվելը իբր 33 մլն 834 հազար դրամի պարտք է ունեցել, եւ մինչեւ հիմա այդ պատմության շուրջ վիճաբանություն է ընթանում:

 

 

 

Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակն ուշագրավ փոփոխություններ է կրել: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ վճարել է 24 մլրդ 642.5 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը ՀՀ-ում հինգերորդն էր՝ 9 մլրդ 751.4 մլն դրամ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախորդ տարի իր վճարած հարկերով առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էր, որը հիմա երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, ավելին՝ նվազեցրել է իր վճարած հարկերը. 2017թ. առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վճարել է 24 մլրդ 469.3 մլն դրամ, այս տարի՝ 20 մլրդ 736.2 մլն: Իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Գրանդ տոբակո»-ն, որը այս տարի վճարել է 16 մլրդ 699.5 մլն դրամ՛, իսկ նախորդ տարի` 14 մլրդ 608.6 մլն:

 

 

 

ՀԱՏՈՒԿ ՈՒՂԵՐՁՈՎ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում ու Ադրբեջանում հնչեցրած ուղերձները պատահական չէին:
Բոլթոնը տարածաշրջանային խնդիրների թվում խոսել է նաեւ Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին` ասելով. «Պատրաստ ենք մեր աջակցությունն առաջարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից»: Նա հավելել է, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը բարդ է. եթե այն հեշտ լիներ, ապա արդեն վաղուց կարգավորված կլիներ: «Ես չեմ եկել այստեղ ազդարարելու ամերիկյան քաղաքականության մեջ այս հարցում փոփոխություն կամ նոր առաջարկներ անելու մասին»,- հայտարարել է Բոլթոնը: Նա նաեւ ընդգծել է, որ լուծումը պետք է կարողանան կողմերը գտնել: «Երեւի ոչ ոք այդքան շատ խաղաղություն չի ուզում, քան կողմերը: ՀՀ-ի համար ամենավստահ ուղին իր նկատմամբ կիրառվող արտաքին ճնշումները թուլացնելու համար ԼՂ հիմնախնդրի լուծման ապահովումն է»: Բացի այդ, ըստ ԱՄՆ նախագահի ԱԱ հարցերով խորհրդականի, եթե առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանը, ապա լավ հնարավորություն է ստեղծվում վճռական քայլերի, այդ թվում ԼՂ խնդրի լուծման համար: «Եթե պատրաստակամություն լինի, մենք պետք է աշխատենք, որ Ադրբեջանի կողմից նույնպես արձագանք լինի»,- ասել է նա:
Հասկանալի է` Բոլթոնի տարածաշրջանային այցի օրակարգում շատ ավելի գլոբալ խնդիրներ են, քան Արցախյան հիմնահարցը. շարունակում է չլուծված մնալ Սիրիայի ճգնաժամը (որն իր հերթին պատճառ է հանդիսացել Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների սրման), լարված են Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունները, միջուկային զենքի հիմնախնդիրները եւ այսպես շարունակ: ՈՒ հիմա, երբ Բոլթոնն այդ խնդիրներից բացի խոսում է նաեւ Արցախյան հիմնահարցի մասին, նշանակում է՝ հակամարտության կարգավորումն ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է: Պատահական չէ, որ նա երեկ ասել է, թե ԼՂ խնդրի լուծումը «բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից»: Միաժամանակ, ԱՄՆ-ն կարծես արցախյան հիմնահարցի լուծման համար կողմերի առաջ ժամկետ է դնում. Բոլթոնն ասել է, թե ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից հետո կողմերը պետք է ձեռնամուխ լինեն ԼՂ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու հարցում: Ասել է թե` միջազգային հանրությունը Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծումից հետո սպասում է լուրջ տեղաշարժերի:




Լրահոս