«ՀԱՄԱՐԵՔ, ՈՐ, ԱՅՈ, ԻՄ ՍԻՐՏԸ ԶԲԱՂՎԱԾ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը էկրանային նորությունների, բեմի հետ կապված իր նվիրական ցանկության, արվեստի մարդու եւ քաղաքականության հարաբերությունների, անձնական կյանքի մասին զրուցել է դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ:

-Ռոզի, Ձեր մասնակցությամբ վերջին ֆիլմը, որ հեռուստադիտողները տեսան, Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված 30 մասանոց «Բալենի»-ն էր, էկրանային կյանքում այլ նորություններ ունե՞ք:
-Այո, հունվարին «Արմենիա պրեմիում»-ի եթերում կլինի «Սեւ հանքեր» անունով ֆիլմը, որի շրջանակում մարմնավորել եմ լրագրողի: Ֆիլմի հիմքում ընկած են նաեւ իրական փաստեր:
-Ձեր կերտած կերպարներից ո՞րն եք համարում առավել մնայուն, արժեքավոր:
-Ինձ համար առաջին տեղում «Սահմանին» հեռուստաֆիլմում մարմնավորած Լիլիթի կերպարն է: Սա այն դեպքն է, երբ նախագծի հաջողությունը հաջողություն բերեց նաեւ կերպարին, սակայն եթե նույնիսկ այդ հանգամանքը չլիներ, ես էլի կառանձնացնեի Լիլիթին, քանի որ այս կինը իր բնավորությամբ առանձնահատուկ է: Ինձ համար մեծ կարեւորություն ունի նաեւ Աննայի կերպարը «Եվա» գեղարվեստական ֆիլմում: Այս ֆիլմը դեռ լայն լսարան չունի, քանի որ դեռեւս պտտվում է փառատոններում:
-Կա՞ դերասանական ոլորտի հետ կապված նվիրական մի ցանկություն, որը դեռ չեք իրականացրել:
-Այնքա~ն բան կա, որ դեռ չեմ արել, չգիտեմ՝ որն ասեմ: Երեւի թե գլխավոր բաներից մեկը թատրոնում աշխատելն է, բեմում ավելի շատ լինելը: Ու թեեւ հիմա ինչ-որ չափով լրացնում եմ այդ բացը, սակայն այն, ինչ անում եմ, դեռեւս չի բավարարում ինձ: Ավելի շատ ներկայացումներում եմ ուզում խաղալ:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ հարաբերություններ պետք է ունենան արտիստն ու քաղաքականությունը: Արտիստը պե՞տք է թաթախվի քաղաքականության մեջ:
-Ոչ, որեւէ կերպ չպետք է թաթախվի: Ամեն մարդ` անկախ մասնագիտությունից, այսպես թե այնպես, իր վրա կրում է քաղաքական կյանքում իրականացվող փոփոխությունների հետեւանքները, բայց դա այլ բան է, քաղաքական դաշտ մտնելը, հոսանքների ետեւից գնալն ու դրոշակներ ծածանելն էլ՝ այլ: Ինքս երբեւէ հակված չեմ եղել դրան եւ չեմ էլ լինի: Անկախ պայմաններից եւ իրավիճակից՝ փորձում եմ իմ գործն անել հնարավորինս լավ եւ մասնագիտական աճ ապահովել, ձգտում եմ այնպես ապրել, որ իշխանափոխությունը որեւէ կերպ չանդրադառնա դերասանուհու իմ գործունեության վրա:
-Ի՞նչ եք կարծում, այսօր Հայաստանը ի՞նչ փուլ է թեւակոխել: Հեղափոխությունը տալի՞ս է սպասված պտուղները:
-Այսօր դեռեւս սպասողական փուլում ենք: Հեղափոխությունը գլոբալ երեւույթ է, որը ենթադրում է գլոբալ փոփոխություններ: Այն մարդիկ, որոնք մասնակցել են պայքարին, չեն կարող փոքրիկ տեղաշարժերով բավարարվել, տեսանելի փոփոխություններ են պետք: Բոլորս էլ ուզում ենք, որ ամեն ինչ գոնե մի քիչ լավ լինի, չասեմ՝ շատ լավ: Միեւնույն ժամանակ մեզ պակասում է այն գիտակցությունը, որ ամեն ինչի լավ լինելը կախված է ոչ միայն կառավարությունից, այլեւ ամեն քաղաքացուց: Փոփոխությունը նախ եւ առաջ պետք է մարդկանց մտքերում տեղի ունենա:
-Մի փոքր էլ Ձեր անձնական կյանքի մասին խոսենք: Ձեր նշանը հետ տալուց հետո լուրեր տարածվեցին, որ գտել եք Ձեր երկրորդ կեսին: Այդպե՞ս է:
-Ես չգիտեմ, թե այդ ինչ լուրեր են, բայց ես անձնականիս վերաբերյալ վերջին հայտարարությունը արել եմ նշանս հետ տալու կապակցությամբ: Դրանից հետո ոչ մի բան չեմ խոսել: Եթե կարգավիճակումս փոփոխություն լինի, անպայման կհայտնեմ այդ մասին:
-Լավ, գոնե ասեք՝ Ձեր սիրտը զբաղվա՞ծ է, թե՞ ոչ:
-Համարեք, որ, այո, իմ սիրտը զբաղված է:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹՈՀՈՒԲՈՀՆ ՈՒ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ

«Քաղաքականության ոլորտի իմ նախընտրությունների հարցում ես առաջնորդվում եմ ոչ թե անձերով, այլ գաղափարներով: Ինձ համար կարեւորն այն է, որ Հայաստանը ծաղկում ապրի, հզորանա, հայերի աչքերը փայլեն, նրանք ապրեն ուրախ եւ անհոգ, իսկ թե ով կլինի երկրի ղեկավարը, էական չէ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Իրինա Հարությունյանը:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վստահություն ներշնչում են արդյոք երգչուհուն, վերջինս պատասխանեց. «Այն, ինչին կողմ է Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը, կողմ եմ նաեւ ես: Ասում են՝ ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է, ես համաձայն եմ: Իհարկե, սպասելիքներս մեծ են, ցանկություններս՝ շատ, ինչպես ժողովրդի մեծամասնության դեպքում»:
Իրինան խոստովանում է, որ վերջին ամիսների քաղաքական թոհուբոհն իր անմիջական ազդեցությունն է ունեցել շոու-բիզնեսի վրա. «Շոու-բիզնեսը բաժանվեց տարբեր ճամբարների՝ հեղափոխականների, հակահեղափոխականների եւ այլն: Բայց ցանկալի կլիներ, եթե քաղաքականությունն այս դաշտ չմտներ, ամեն մարդ գնահատվեր իր կատարած աշխատանքով»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Մենք խոսեցինք նաեւ երգչուհու անձնական կյանքից: Հարցրինք՝ ամուսնալուծությունից հետո Իրինան մտածու՞մ է արդյոք երկրորդ անգամ ամուսնանալու մասին (Ի դեպ, այդ ամուսնությունից Իրինան երկու զավակ ունի՝ մեկ դուստր եւ մեկ որդի-հեղ.). «Գիտե՞ք, կյանքի այս փուլում զբաղվածությունս շատ մեծ է, առավոտից երեկո միայն գործով եմ զբաղված, որի արդյունքը կերեւա երկու ամիս անց միայն: Այն, ինչ իրականացվում է, դեռ «սեւագրային» փուլում է: Այդ է պատճառը, որ անձնական կյանք ունենալու ժամանակ պարզապես չկա: Ասում են՝ եթե ուզում ես անձնական կյանք չունենալ, երկրորդ աշխատատեղը գտիր: Կարծում եմ՝ դա իսկը իմ մասին է»,-եզրափակեց Իրինան:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
«Նապոլի»-ի նախագահ Աուերելիո Դե Լաուրենտիսը ֆուտբոլային խաղերը կրճատելու առաջարկությամբ է հանդես եկել. «Մենք սպանում ենք ֆուտբոլը: Պետք է նայել ապագային, չէ՞ որ երիտասարդությունը հիմա զբաղված է տեսախաղերով: 8 տարի անց դուք կտեսնեք, որ երեխաներն անտարբեր կլինեն ֆուտբոլի նկատմամբ: Չէ՞ որ կան ձանձրալի խաղեր: Ֆուտբոլային խաղերն այնքան երկար են, որ արդեն ցանկանում ես քնել: Ամեն խաղակեսը պետք է 30 րոպե տեւի` գումարած 2-3 րոպե տեւող ընդմիջումը, այլապես մարզիչ էլ ինչի՞ համար է պետք»,-ասել է Դե Լաուրենտիսը:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Նապոլի»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը ՊՍԺ-ի հետ:

 

 

ԽՈՍԵԼ Է ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻՑ
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է իր սպասումների մասին «Ռեալ»-ի դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումից. «Ճգնաժամը «Ռեալ»-ին դարձնում է ավելի վտանգավոր: Նրանք դուրս կգան խաղադաշտ անմնացորդ պայքարելու համար: Կձգտեն ապացուցել, որ նախկինի նման շատ ուժեղ են: Մենք պետք է մոռանանք «Ինտեր»-ի նկատմամբ տարած հաղթանակը եւ կենտրոնանանք հաջորդ խաղի վրա»,- ասել է Վալվերդեն: Նշենք, որ հոկտեմբերի 28-ին կայանալիք «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին:

 

 

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի 43-րդ առաջնությունը: Հայաստանի հավաքականը լիարժեք կազմով է ներկայացել մրցավայր եւ կմասնակցի անհատական ու թիմային պայքարին: Իրենց ունակությունները կդրսեւորեն Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը` բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ելույթները կսկսեն այսօրվանից` հոկտեմբերի 26-ից:

 

 

ՆԱՀԱՆՋԵԼ Է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 1 տեղով եւ 101-րդն է: Հիշեցնենք, որ հոկտեմբերին Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարած թիմը Ազգերի լիգայում 0:1 հաշվով պարտվել է Ջիբրալթարին, 4:0 հաշվով հաղթել է Մակեդոնիային:




Լրահոս