ՀԱՐՑ. Մեր շենքում արդեն անհնար է դառնում ապրելը, քանի որ ամենուր առնետներ են: Մեր համատիրությունից տեղեկացնում են, որ այս առումով մեր շենքը ամենավտանգավորն է: Նույնիսկ 8-րդ հարկի լվացքի պարանի վրա է առնետ բարձրանում, այնքան շատ են: Շենքի բնակիչներով կազմակերպեցինք, որ դեղատնից համապատասխան միջոցներ ձեռք բերենք եւ առնետների դեմն առնենք, սակայն մեզ չտրամադրեցին` պատճառաբանելով, որ չեն կարող: Մի՞թե հնարավոր չէ այս հարցին լուծում տալ: Ինչպե՞ս կարելի է ապրել այս անմարդկային պայմաններում, հո խոզ չե՞նք, մարդ ենք:
ք. Երեւան, Երվանդ Քոչարի 3-րդ շենք
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակիչների հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Երվանդ Քոչար փողոցի հ.3 շենքի տարածքում առնետների հայտնվելու վերաբերյալ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ «Երմիք» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են լրացուցիչ դեռատիզացիոն աշխատանքներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցից հասկանալի է դառնում, թե բնակիչների զայրույթն ինչ աստիճանի է հասել, որ իրենց համեմատում են խոզի հետ: Սակայն նույնը չենք կարող ասել քաղաքապետարանի ստանդարտ պատասխանի մասին: Ե՞րբ են պատկան կառույցները հասկանալու, որ միայն ձեւական աշխատանքներ տանելով` հարցը էական լուծում չի ստանում:
Մարդիկ բարձրաձայնում են, որ առնետներն այնքան են շատացել, որ բարձարնում են նույնսիկ 8-րդ հարկի լվացքի պարանի վրա, իսկ քաղաքապետարանից հայտնում են, որ դեռատիզացիոն աշխատանքներ են կատարել: Այնպես որ, անհրաժեշտ են համակարգային ու լուրջ քայլեր խնդիրը լուծելու համար:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: