Աղբամուղը ախտահանող ընկերությունը կա, ախտահանումը` ոչ. աղբի հոտի դեմ անզոր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի բնակարանային ֆոնդը հիմնականում գտնվում է անմխիթար վիճակում: Անբարեկարգ վիճակում են շենքերի մուտքերը: Իսկ բազմաբնակարան շենքերի աղտոտված վիճակը այլեւս անտանելի է դարձել:

Երեւանի 16-րդ թաղամասի 26 շենքի բնակչուհի Քնարիկ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զայրացած նկատեց. «Մեր ընտանիքը առաջին հարկում է ապրում, դե պատկերացրեք, թե որքան մոտ ենք աղբի հոտին, գարշահոտությանը: Բացարձակ չի ախտահանվում մեր շենքի աղբատար խողովակը: Սա դեռ ամենը չէ. ամեն օր վխտացող առնետների պատճառով վախենալով եմ տուն մտնում:

Մեր հարեւանները եւս պատմում են, որ առնետներին ողջ օրվա ընթացքում կարող են հանդիպել աստիճանների վրա: Տուն մտնելիս կարող է առնետը դեմքիս լինի: Առանց կատակի անգամ դեպքեր են եղել, երբ առնետները մտել են մարդկանց տներ: Օրեր է պահանջվել դրանց տանից դուրս հանելու համար: Իսկ գարշահոտության, աղբի հոտի դեմ անզոր ենք պայքարել»:

Դժգոհող քաղաքացու խոսքերով` այս մասին իրենք պարբերաբար ահազանգում են համատիրություն, որտեղից դեղեր են բերում ու շաղ տալիս շենքի մուտքում, սակայն արդյունք չկա, դա չի փրկում: Իսկ առնետները բազմաբնակարան շենքերում հայտնվում են միայն կեղտոտ աղբախցի, վերելակի, աղբամուղի եւ դրանց հակահիգիենիկ վիճակի հետեւանքով: Եթե դրանք պատշաճ կարգով մաքրվեն, ապա առնետներ չեն լինի շենքում:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ դժգոհություններ է ստանում տարբեր վարչական շրջաններից: Պարզվում է, որ կա մի ընկերություն, որի գործառույթների մեջ մտնում է նաեւ աղբատար խողովակների ախտահանումը: Խոսքը «Դավարս» ընկերության մասին է, որը քաղաքապետարանի հետ 2015 թվականին պայմանագիր է կնքել 10 տարով:

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե երբ է նախատեսվում լվանալ բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակները: Մեր հարցին ի պատասխան` քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունից հայտնեցին, որ «Դավարս» ՍՊԸ-ի կողմից պարբերաբար իրականացվում են աղբամուղների ախտահանման աշխատանքներ:

«Դավարս» ընկերության հաշվապահ Ռեբեկա Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իրենք աղբամուղը չեն լվանում, այլ ախտահանում են: «Մենք Երեւանի քաղաքապետարանի հետ ունենք կնքած պայմանագիր 10 տարով: Ըստ դրա` մենք ոչ թե աղբատար խողովակներն ենք լվանում, այլ աղբի խցանումն ենք բացում: Բացի այս, մենք բազմաբնակարան շենքերի մուտքերը քլորով ախտահանում ենք, աղբամուղի դռնակը: Ամբողջ քաղաքի վարչական շրջանների շենքերում մենք աշխատանքներ իրականացնում ենք»,- լրացրեց ընկերության հաշվապահը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ ընկերությունը քլորով ախտահանման աշխատանքներ իրականացնում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում երկու ամիսը մեկ անգամ, իսկ ահա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում` բազմաբնակարան շենքերի մուտքերը, աղբամուղները, դրանց դռնակները: Եթե խցանվում է աղբամուղը, ապա «Դավարս» ընկերությունը բացում է այն, ինչից հետո անմիջապես լրացուցիչ ախտահանում: Դա լինում է զանգային կանչով:

Բայց ուշագրավն այն է, որ բնակիչների մեծ մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում են` երբեւէ չեն տեսել ախտահանման աշխատանքները: Իսկ աղբախցերը տարիներ շարունակ չեն մաքրվում, չեն լվացվում, ախտահանման մասին ավելորդ է խոսել: Աղբախցի մաքրման աշխատանքները պետք է իրականացնի «Սանիտեք» ընկերությունը, որը այս հարցում եւս պարապուրդի է մատնված:

Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ԺՊ Արարատ Խաչիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, անկեղծացավ. «Ես Սանկտ-Պետերբուրգից թողել եմ ամեն ինչ, այդ թվում եւ աշխատանքս, եկել եմ այստեղ, որ բոլոր այդ թերությունները վերացնեմ: Այնտեղ շենքերի աղբատար խողովակները փակված էին, ոչ ոք այն չէր օգտագործում, բայց շենքի առաջին հարկում` աղբախցում տեղադրված բակեր կային, որոնց մեջ բնակիչները լցնում էին իրենց աղբը: Իսկ աղբահավաք ընկերության աշխատողները իրենց հերթին գալիս, տանում էին այն: Այդպես մաքուր է ամեն բան, ինքդ վատ չես զգում, երբ մտնում ես այդ փակ տարածք ու աղբը թափում: Գարշահոտություն չկա, առնետներ եւս: Այս դեպքում ծախս չկա անելու, ուղղակի պետք է ժողովրդին սովորեցնենք աղբի կուլտուրան: Ես էլ եմ Երեւանում ապրում, ամեն օր երբ վերելակից դուրս եմ գալիս, աղբի հոտը անմիջապես քթիս է տալիս»:

Արդյոք մեր հանրապետությունում նման փորձ նախատեսվո՞ւմ է կիրառել: Այս հարցին ի պատասխան` Խաչիկյանն ասաց.

«Քաղաքապետարանը չի կարող համատիրությունների վրա ազդել: Բայց եթե դուք ձեր շենքի բնակիչների հետ միասին որոշում կայացնեք աղբատար խողովակը փակել եւ աղբախցում համապատասխան աղբամաններ տեղադրել, ապա ձեզ ոչ ոք դա չի արգելի»:

Մնում է հուսալ, որ բազմաբնակարան շենքերի այս հավերժական խնդիրը մի օր կլուծվի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս