Սարի Թաղի բնակիչների ահազանգը. թափառող շների հարցը ե՞րբ է լուծվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր բակի թափառող շների հարցը, ի վերջո, լուծում ստանա: Արդեն անհնար է դարձել մեր թաղամասում քայլել եւ զբոսնել: Այնքան մեծ ու շատ են թափառող շները, որ փողոցի բնակիչները պաշտպանվելու համար փայտերով են դուրս գալիս փողոց: Խնդրում եմ որեւէ կերպ խնդրին լուծում տալ:

ք. Երեւան, Սարի Թաղի 14 փողոցի մի խումբ բնակիչներ

ՊԱՏԱՍԽԱՆ. Սարի Թաղի 14 փողոցի բնակիչների հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ըստ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության` 2018 թվականի հուլիսի 3-ից ոլորտում մասնագիտացված ծառայություններ մատուցող «Յունիգրաֆ-իքս» ընկերությունը լուծարվել է` միաժամանակ ենթարկվելով վարչական տուգանքի Երեւանի քաղաքապետարանի կողմից:
Երեւանի քաղաքապետարանը առաջիկայում անցկացնելու է մասնագիտացված ծառայություններ իրականացնող նոր կազմակերպության մրցույթ, որի հաղթողն էլ կստանձնի տվյալ գործառույթները: Հստակ ժամկետների մասին Երեւանի քաղաքապետարանը պաշտոնական հարթակներում հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքապետարանը փայլուն պատասխան է ներկայացրել: «Յունիգրաֆ-իքս» ընկերությունը լուծարվել է, ապա տուգանվել, սակայն դրանից վերոնշյալ փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել: Հուսանք` քաղաքապետարանը սուղ ժամանակում կփոխի իր աշխատելաոճը, այլապես ոչնչով չի տարբերվի նախկին համակարգի աշխատելաոճից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս