ԱԺ ընտրություններին այլ դաշինքով չմասնացելու որոշումը կուսակցությունում եղել է միաձայն. Հովհաննես Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ստեղծած «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը դեռ չի հասցրել գրանցվել ու չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին: Ըստ Հովհաննես Մարգարյանի` պատճառը օպերատիվ աշխատանքի բացակայությունն է:

«Կուսակցությունների գրանցման պայմանները շատ խստացված են, պահանջները շատ են: Նախկինում անգամ մեկ ընտանիքով հնարավոր էր կուսակցություն ստեղծել, իսկ այժմ պահանջն այն է, որ թղթերը ներկայացնելու ժամանակ պետք է նվազագույնը 800 կուսակցական լինի` ներկայացված մարզերի մեկ երրորդում: Երբ թղթերը ներկայացրինք, որ 1340 կուսակցական ունեինք, այսօրվա դրությամբ ունենք 2000 կուսակցական, ներկայացված ենք գրեթե բոլոր մարզերում, այդ թվում Երեւանում, բոլոր տվյալները կային: Թե ինչն է պատճառը, չեմ կարող ասել, չեմ էլ կարող մտածել, որ միտում կա, քանի որ ապացույցներ չունեմ: Ես օբյեկտիվ մարդ եմ, մինչեւ փաստեր չունենամ չեմ կարող մեղադրել: Ընդամենը պետք էր օպերատիվ աշխատել»,-ասաց «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանը:

Նա պնդում է, որ այլ առաջարկներ եղել են, սակայն բոլոր առաջարկները մեժվել են: ԱԺ ընտրություններին այլ դաշինքով չմասնացելու որոշումը կուսակցությունում եղել է միաձայն. «Աշխարհը փուլ չեկավ, մեծ ողբերգություն չէ: Նորաբաց կուսակցություն ենք: Վստահ եմ, որ սա եւս լինելու է ժամանակավոր խորհրդարան: Գերխնդիրը եղել է ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության փոփոխությունը, ինչը, կարծում եմ, կլինի առաջիկայում»:

Հովհաննես Մարգարյանն ավելի շատ կենտրոնացած է Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրությունների դեպքում այդ պաշտոնը զբաղեցնելու գաղափարի վրա: Հիշեցնենք, որ նա 2016թ. ՏԻՄ ընտրություններում ՕԵԿ ցուցակն էր գլխավորում, եւ զբաղեցրին երրորդ տեղը: «Ես անպայման մասնակցելու եմ ՏԻՄ ընտրություններին:

Մեր ծրագիրն էլ հիմնականում Գյումրուն էր վերաբերում: Մենք անպայման կմասնակցենք, եւ սա առաջին քաղաքական քննությունը կլինի «Արժանապատիվ ուղու»: Եթե ընտրական օրենսգիրքը փոխվի, կարծում եմ, խոշոր քաղաքներում կկազմակերպվեն քաղաքապետի ընտրություններ: Մենք լինելու ենք ակտիվ, ունենալու ենք մեր լրատվամիջոցը, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, պահանջատեր ենք լինելու: Կառաջնորդվենք «լավին` լավ, վատին` վատ» կարգախոսով, մի միլիմիտր անգամ մեր անվանումից չենք շեղվի»,-ասում է նա:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս