Հարց քաղաքացիներից` քանի ավտոբուս է սպասարկում 7 համարի երթուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես մշտապես կանգնած եմ աշխատանքի հասնելու խնդրի առաջ, քանի որ օգտվում եմ 7 համարի ավտոբուսից: Այս համարի երթուղին չունի ֆիքսված ժամանակացույց եւ աշխատում է խայտառակ ուշացումով: Ինձ ասեք, թե քանի ավտոբուս է սպասարկում երթուղին: Կոնկրետ ուզում եմ իմանալ ավտոբուսի աշխատանքի ժամանակացույցը րոպեներով: Ինչքան կարելի է մարդկանց նյարդերի հաշվին աշխատել: Դեռ չեմ հիշում մի օր, երբ 7 համարի երթուղին ժամանի ֆիքսված ժամանակին:

Նարինե Պողոսյան (31 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավտոբուսային հ.7 երթուղու վերաբերյալ աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ որոշ ավտոբուսների անսարքության պատճառով 10-ի փոխարեն երթուղին սպասարկվում էր 7-8 ավտոբուսներով, արդյունքում մեծանում էին շարժման միջակայքերը: Վերջին օրերին վերանորոգվել են ավտոբուսները, երթուղում ներկայումս շահագործվում է 9-10 միավոր ավտոբուս, եւ շարժման միջակայքը կազմում է միջինը 15 րոպե:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ կա՛մ քաղաքապետարանի պատասխանն է սուտ, կա՛մ քաղաքացու հարցադիմումը: Բայց քանի որ խմբագրության ահազանգերն այս հարցի վերաբերյալ անթիվ են, ապա ենթադրվում է, որ քաղաքապետարանի ներկայացրած պատասխանն ուղղակի բառերի մի փունջ է: Այն, որ 7 համարի ավտոբուսը կարող է 15 րոպե միջակայքով շահագործվել, վստահ կարող ենք ասել, որ հեքիաթի ժանր է հիշեցնում: Թերեւս լավ կլիներ քաղաքապետարանը խոստովաներ, որ այս երթուղու սպասարկումը կրում է ժամանակավոր բնույթ եւ այն փակման եզրին է:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:   




Լրահոս