Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործը հասավ վերջաբանին. պատվիրատուն ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլեւս չի իրականացվի: Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը խոստովանել է՝ ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել, եւ քանի որ Ղարագյոզյանն արդեն մահացել է, այդ ուղղությամբ որեւէ բան չի արվի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, 3 անձինք զինված հարձակվել էին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա, եւ նրա որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին: Մյուս երկուսը փախուստի էին դիմել: Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վնասազերծված անձը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որին Վրաստանում հայտնաբերեցին եւ տեղափոխեցին Հայաստան: Այժմ իրավապահները Վրաստանի հետ քննարկում են նրա արտահանձնման հարցը: Վերջինս երկար տարիներ աշխատել է որպես Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի թիկնապահ: Իսկ ահա երրորդ անձը 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանն է, որը ծառայել է ՀՀ ոստիկանությունում, կոչումով ավագ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Այս գործը ավելի ուշ տեղափոխվեց ՀՔԾ, քանի որ գործով կալանավորվածներից մեկը ոստիկան էր:

Գործով տուժող Մկրտումյանները որեւէ մեկի նկատմամբ կասկած չունեին:

Սակայն «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգը քննում էր վարկած, որ այս դեպքը կարող է կապ ունենալ ԱԺ նախկին պատգամավորի անվան շուրջ դատական թնջուկի հետ, երբ գործը հասել էր անգամ վճռաբեկ դատարան ու լուծում չէր ստացել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը բանկերից մեկի հետ խնդիր է ունեցել եւ չի ցանկացել կատարել բանկի հետ իր պայմանագրային պարտավորությունները: Բանկի եւ նախկին պատգամավորի միջեւ դատական վեճը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախկին պատգամավորը փորձել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի միջոցով գործը լուծել իր օգտին, սակայն մերժում է ստացել: Ի սկզբանե իրավապահ համակարգը քննում էր այս վարկածը, որից հետո Երեւանում աղմկահարույց սպանություն տեղի ունեցավ:
2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշի Այգի ռեստորանային համալիրում հնչել էին կրակոցներ: Հրազենային վնասվածքներով ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը շտապ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կարո Կարապետյանի մտերիմներից է, հոսպիտալացվել է: Նա դեռ շարունակում է բուժումը: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հայտնի դարձավ, որ սպանության հեղինակ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան է եղել հաջորդ օրը` ժամը 11:30-ի սահմաններում: Դեպքից անմիջապես հետո պարզվեց` հանդիպումը նախաձեռնել էր Աբրահամ Մանուկյանը, որպեսզի «բարիշեցնի» Ղարագյոզյանին եւ Կարապետյանին, որոնց հարաբերությունները լարված են եղել: Մեր տեղեկություններով` մշտապես աղմկալի պատմություններով հայտնի Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, տարբեր մարդկանց տոկոսով փող է տվել եւ հետո սկսել նրանցից պահանջել իր փողերը:


Ինչեւէ, Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակման մեջ մեղադրվողներից Գագիկ Ղեւոնդյանը ցուցմունք է տվել` ասելով, թե հարձակումը կազմակերպել է Հարություն Ղարագյոզյանը, նա է պատվիրատուն: Երբ նախաքննական մարմինը հարց է տվել՝ ինչու, մեղադրյալն ասել է, թե գումար է պետք եղել, եւ նա, իմանալով, որ Արման Մկրտումյանը տանը փող կունենա, ուղղորդել է դեպի վճռաբեկ դատարանի նախկին նախագահը:
Արդյոք ճի՞շտ է Գագիկ Ղեւոնդյանի ցուցմունքը, դժվար է ասել, քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը չկա եւ, ցավոք, որեւէ մեկը չի կարող ապացուցել նրա անմեղությունը կամ առհասարակ կապը այդ ավազակայնին հարձակման հետ: Ավելին, այս պատմությունը լսելով` հենց տուժող Արման Մկրտումյանը բավականին մեծ ցավ է ապրել` չհավատալով ներկայացվածին:
Չի բացառվում, որ Կարո Կարապետյանը Հարություն Ղարագյոզյանից իր գումարներն է պահանջել, իսկ նա էլ, ելք չունենալով, միգուցե կազմակերպել է ավազակային հարձակումը: Մեղադրյալները հիմա կփորձեն կատարվածի պատասխանատվությունը բարդել մի մարդու վրա, որն այլեւս ողջ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Հարություն Ղարագյոզյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը պաշտպան չի ներգրավվել:
Ինչեւէ «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել Հարություն Ղարագյոզյանի հարազատների մեկնաբանությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս