ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ, իշխող նախկին կուսակցությունը՝ Հանրապետականը, կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ այժմ թեկնածուների փնտրտուքների մեջ է, չնայած շատ են հնչում կարծիքներ, որ ՀՀԿ-ն նույնիսկ շանսեր չունի խորհրդարանում հայտնվելու:

Հաշվի առնելով ՀՀԿ-ի կողմից ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումը` ռեյտինգային ընտրակարգի մնալը ձեռք է տալիս այդ կուսակցությանը, քանի որ կուսակցությունում դեռ կան մարդիկ, ովքեր առանձին տարածքներում կարծում են, որ համբավ ունեն եւ կարող են բավականաչափ ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար: Թեպետ թավշյա հեղափոխությունից հետո հասարակության մեծ մասին թվում է, թե Հանրապետականի շանսերը անհույս են, սակայն հարցումներ կան, որոնք ցույց են տալիս, որ տվյալ ուժը խորհրդարանում կարող է նույնիսկ երկրորդ ուժը լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո: Օրինակ, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, խոսելով ՀՀԿ-ի շանսերի մասին, ասել է, որ նրանց շանսերն այդքան անհույս չեն, ինչպես թվում է առաջին հայացքից: Չնայած իշխանությունների եւ վարչապետի լուրջ վարկանիշին, որը հազիվ թե նվազի այս կարճ ժամանակում` ամեն դեպքում, կա որոշակի խումբ, որը նախկին իշխանությունների օրոք նրանց սոցիալական բազան էր: Նրա խոսքով` դա բիզնեսն է, վերնախավի մի մասը, նրանց հետ կապված մարդիկ: Այդ ամենը որոշակի տոկոս են կազմում, եւ նրանք են ՀՀԿ էլեկտորատը: «Հարցն այն է, թե որքանով ՀՀԿ-ին կհաջողվի համախմբել նրանց, եթե, իհարկե, նրանք մասնակցեն ընտրություններին»,-հավելել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ունեցած շանսերի մասին խոսել է ՀՀԿ-ական պատգամավորների հետ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայան
-Տիկի՛ն Եսայան, արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Դուք լինելո՞ւ եք ՀՀԿ-ի ցուցակներում:
-Այո, իհարկե առաջադրվելու եմ: Բոլոր այն թեկնածուները, ովքեր լինելու են համամասնական ցուցակում, առաջադրվելու են նաեւ ռեյտինգայինով. այդպիսին է պայմանավորվածությունը:
-Արդեն հայտնի է, որ կան ՀՀԿ նախկին ներկայացուցիչներ, ովքեր լինելու են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:
-Ճիշտ ասած` որեւէ տեղեկություն չունեմ, թե ով որ ցուցակում է լինելու: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր ընտրությունը կատարում: Գիտեք իմ բնավորությունը: Ես չեմ ուզում դատավորի կեցվածք ընդունել: Ցանկացած մարդու որոշում հարգում եմ: Թող իրենք որոշեն` որտեղ կլինեն, ում հետ կլինեն եւ ոնց:
-Հանրապետական կուսակցությունից մեծ արտահոսք է սկսել: Մտավախություն չունե՞ք, որ դա շարունակական կլինի:
-Ովքեր պետք է գնային, արդեն գնացել են: Ովքեր մնացել են, նրանք մնալու են ընդմիշտ:
-Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Եթե լավ աշխատենք, եթե ճիշտ աշխատենք, եթե ազնիվ ու անկեղծ լինենք մարդկանց հետ, եթե մենք ինքներս մեր սխալներն ու թերությունները ներկայացնենք ազնվորեն եւ կեղծավորություն չանենք, կարծում եմ, որ շանսերը վատ չեն լինի, բավականին լավ կլինեն: Ըստ իս` թիվ մեկ պայմանը անկեղծությունն է: Եթե կարողանանք էդպես աշխատել ընտրողների հետ, ամեն բան լավ կլինի:
-Ձեր նշածները ե՞րբ պետք է երեւան:
-Կերեւան քարոզարշավի ընթացքում: Այդ ժամանակ կլինեն բակային, ընդհանուր հանդիպումներ, գուցե նաեւ բանավեճեր: Դա դեռ հստակ չգիտեմ, որովհետեւ հիմա այդ փաստաթղթային մասերով ենք զբաղված: Բայց էլի եմ ասում` ընտրողի հետ պայմանը պետք է լինի անկեղծությունը: Վստահ եմ` շատ կան մարդիկ, ովքեր մեզ հետ են, մեզ հետ են լինելու ապագայում եւ մեզ հաստատ ձայն են տալու: Եթե յուրաքանչյուր թեկնածուի ընտանիքն ու հարազատները ձայն տան, կունենանք բավականին ծանրակշիռ ներկայություն: Չէի ասի, որ շատ մեծ են մեր շանսերը, բայց հույս ունեմ` մենք ունենք նորմալ շանսեր: Այսօր Հայաստանում ընդամենը մեկ քաղաքական ուժ բարձր շանսեր ունի:
-Ինչի՞ հետ է դա կապված:
-Դա կապված է միայն մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչքան ձայն կստանա «Իմ քայլը» դաշինքը, դա միայն նրանն է, կրկնում եմ` բացառապես նրանը: Այս պահին Հայաստանում անձի պաշտամունք կա, եւ այդ անձը կստանա բոլոր այն ձայները, որը կստանա ինքը:
-Ովքե՞ր են լինելու Ձեր ցուցակներում: Նոր դեմքեր կտեսնե՞նք:
-Ճիշտն ասած` ցուցակը չեմ տեսել եւ չգիտեմ` ովքեր են լինելու: Ես միայն իմ մասով կարող եմ ասել, որ հաստատ առաջադրվելու եմ: Ընտրողների հետ ազնիվ եմ լինելու: Այն ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրվելու, մարդիկ ինձ կտեսնեն, կլսեն, մեծ հույսեր ունեմ, որ կհավատան եւ ձայն կտան:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյան

-Պարո՛ն Մինասյան, դուք լինելո՞ւ եք ՀՀԿ-ի ցուցակներում:
-Դրա հետ կապված դեռ քննարկումներ են ընթանում: Չեմ կարող որեւէ բան ասել:
-Հաշվի առնելով այն, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ի շանսերը նվազել են, կարծում եք` ՀՀԿ-ն կհայտնվի՞ ապագա խորհրդարանում:
-Ժամանակը ցույց կտա: Եկեք սպասենք եւ կտեսնենք:
-ՀՀԿ մի քանի նախկին ներկայացուցիչներ կան, որ լինելու են «Իմ քայլը» դաշինքի ցուցակներում: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:
-Դուք վստա՞հ եք, որ նման բան կա:
-Այո: Իշխող կուսակցությունն էլ հայտարարել է, որ այդպես է:
-Օրինակներ կբերե՞ք:
-Կան անուններ, որոնք շրջանառվում են, բայց պաշտոնապես ոչինչ ասված չէ:
-Դե երբ այդ անունները տան, այդ ժամանակ էլ կխոսենք:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ԵՍ ԲԱՎԱԿԱՆ ԱՌՈՂՋ ՄԱՐԴ ԵՄ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր:

Փաշինյանը կարեւորել է ՍԴՀԿ դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործում եւ հույս հայտնել, որ ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները նոր ազդակ կհաղորդեն Սփյուռքի եւ սփյուռքահայ քաղաքական կառույցների հետ հարաբերություններին:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ում Հնչակյան անունով այլ կուսակցություն էլ կա, որը ՍԴՀԿ-ից առանձնացված թեւն էր: Խոսքն ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը այս հանդիպման մասին խոսել է Լյուդմիլա Սարգսյանի հետ։
-Տիկի՛ն Սարգսյան, ինչպե՞ս ընդունեցիք այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴՀԿ վարչության անդամներին։
-Նորմալ եմ նայում դրան։ Որեւէ արտառոց բան չկա, դրանից հետո որեւէ հետեւանք չի լինելու։ Այդպիսի հանդիպումներ միշտ եղել են իշխանությունների հետ։ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները տարբերվում են Հայաստանում ծավալվող ներքաղաքական հարաբերություններից։ Այդ հանդիպմամբ ցանկացել են իրենց աջակցությունը հայտնել Փաշինյանին։
-Ձեր եւ այդ թեւի մեջ հակասություններ չկա՞ն։
-Մեր եւ այդ թեւի մեջ որեւէ հարաբերություն չկա։ Բայց ինչ նորմալ է, պիտի ասես, որ նորմալ է։ Համբիկ Սարաֆյանը կենտրոնական վարչության այն քիչ հնչակյաններից է, ում նկատմամբ շարունակում եմ պահպանել իմ հարգանքը։
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանը հենց այդ կողմի լեգիտիմությունն է ընդունում։
-Լեգիտիմության հարց չկա։ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը Սփյուռքում գոյություն ունեցող հնչակյանների միավորման կենտրոնական վարչությունն է։ Հետեւաբար ի՞նչ կա լեգիտիմության ճանաչման։ Ես բավականին առողջ մարդ եմ, որ լավ երեւույթին լավ գնահատական տամ, վատին` վատ։ Շատ նորմալ եմ համարում։

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱՎ
Երեկ ԱԺ-ում պետք է կայանար Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով քննիչ հանձնաժողովի նիստը, սակայն այն չկայացավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննիչ հանձնաժողովի հետագա նիստերը կարող է տեղի չունենան: Բանն այն է, որ հանձնաժողովը ստեղծվել էր երկամսյա ժամկետով, եւ այդ ժամկետը նոյեմբերի 12-ին լրանում է: Միայն թե դատելով ներքաղաքական իրավիճակից, արդեն լուծարված ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունից` հնարավոր է՝ հանձնաժողովի ժամկետը չերկարացվի, արդյունքում դրա գործունեությունը համարվի դադարեցված, կամ եթե երկարացվի, այն կկրի ձեւական բնույթ մեկ պարզ պատճառով՝ խորհրդարանն իրավունքի ուժով լուծարվել է, դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններ են, եւ մինչեւ տարեվերջ այդ ԱԺ-ն կդադարեցնի լիազորությունները:

 

 

ՄՆԱՑ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը կասեցրել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ստուգումների իրականացումը: Բայց չնայած սրան` հաշվեքննիչ պալատը նախարարությունում ստուգումները պետք է իրականացներ 2018 թվականի տարեկան ծրագրի համաձայն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ստուգումները կասեցվել են «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով: Այսինքն` հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն է առաջացել կամ էլ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, դատարանի որոշման հիման վրա առգրավված են եղել: Արդյունքում այս նախարարությունում հաշվեքննության իրականացումն անհնարին է դարձել, եւ այդ մարմինը ստիպված ստուգումները կասեցնելու որոշում է կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվեքննիչ պալատը նախարարությունը կստուգի հաջորդ տարի: Հետաքրքիր է փաստը, որ սա առաջին դեպքը չէ, երբ հաշվեքննիչ պալատը կասեցնում է ստուգումները նույն պատճառաբանությամբ. մեկ անգամ էլ նրանք կասեցրել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում զեկույցները:

 

ՊՆ-Ն ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՉԻ ՏԱԼԻՍ
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներից Ռուբեն Գրիգորյանը պահանջում է վճարել իր պարգեւավճարները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Գրիգորյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ՊՆ-ին պարտավորեցնի սահմանված կարգով նշանակել պարգեւավճար 48.000 դրամի չափով: Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գեւորգ Սոսյանը: Թե ինչու է ՊՆ-ն հրաժարվել Գրիգորյանին պարգեւավճար տալուց, դժվար է ենթադրել:




Լրահոս