ՀՀԿ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՊԱՅՔԱՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ:

Եվ չնայած ներկայիս իշխանությունները պնդում են, թե հատկապես գործող օրենսգրքի պարագայում ոչ ոք չի համաձայնի ՀՀԿ-ի համար վարկանիշային թեկնածու լինել եւ ձայներ բերել, սակայն հանրապետականներն ամեն ինչ ավարտված չեն համարում եւ այս օրերին շարունակում են քննարկումներ անցկացնել հնարավոր վարկանիշային թեկնածուների հետ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Հետաքրքիր է հասկանալ, թե ով որքան ձայն էր ստացել 2017 թվականին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Օրինակ` Արարատի մարզում առաջադրվելու պատրաստակամություն է հայտնել Մուրադ Մուրադյանը, ով ներկայումս եւս ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ է: Նա 2017 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել էր 18 հազար 283 ձայն: Իրականում Մուրադ Մուրադյանի առաջադրվելը շատերի համար զարմանալի էր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ էր խմբակցությունից առանձին դիրքորոշում հայտնում, սակայն փաստացի իր համաձայնությունը տվել է մասնակցելու: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ յուրաքանչյուր վարկանիշային թեկնածուի առջեւ 500 ձայն բերելու պայման է դրված, սակայն Մուրադ Մուրադյանի հանդեպ պահանջներն ավելի շատ են: Հետաքրքիր է, որ այս ընտրատարածքում ամենաշատ` 45 339 ձայն ստացած պատգամավոր Արայիկ Գրիգորյանը դեռեւս չի համաձայնել առաջադրվելու: Այս մարզում երրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Ալիկ Սարգսյանն էր, ով եւս չի առաջադրվելու:
Արմավիրի մարզում նախորդ ընտրություններում Նահապետ Գեւորգյանն ու Սեյրան Սարոյանը 20 հազարից ավելի ձայն էին ստացել, սակայն այս ընտրությունների ժամանակ երկուսն էլ չեն առաջադրվելու: Այս մարզի պարագայում ՀՀԿ-ականները փնտրտուքների մեջ են: Չեն առաջադրվի նաեւ Առաքել Մովսիսյանն ու Ալեքսան Պետրոսյանը, ովքեր եւս նախորդին առաջադրվել էին: Արագածոտնի մարզում, ըստ էության, կառաջադրվի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: Այս խորհրդարանում ներկայացված է նրա եղբայրը` Նաիրի Սահակյանը, ով 2017 թվականի ընտրություններին ստացել էր 14 հազար 166 ձայն: Իհարկե, նրանից ակնկալիքներն այնքան էլ շատ չեն, սակայն ՀՀԿ-ում կարծում են, թե նախկին մարզպետը դեռ ունակ է իրենց ձայներ բերել:
Գեղարքունիքի մարզից ամենաշատ ձայներ հավաքած երեք թեկնածուներից ոչ ոք դեռ հստակ պատասխան չեն տվել ՀՀԿ-ականներին` կառաջադրվեն, թե ոչ: Այս պահի դրությամբ ամենահավանականը Հակոբ Հակոբյանի մասնակցությունն է: Նախորդ ընտրություններին այս մարզում Կարեն Բոթոյանը ստացել էր 14 932 ձայն, Ռաֆիկ Գրիգորյանը` 14430 ձայն, իսկ Հակոբ Հակոբյանն էլ` 13.343 ձայն: Այս առնչությամբ վերջնական որոշումը կկայացվի օրերի ընթացքում:
Լոռու մարզում թերեւս ամենից շատ հստակությունն է: Վարկանիշային ընտրակարգով կառաջադրվեն Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը: Ընդ որում, վերջինս առաջին անգամ է առաջադրվելու այդպիսի ընտրակարգով, քանի որ նա մշտապես համամասնական ցուցակում է եղել: Իսկ ահա Վահրամ Բաղդասարյանը նախորդ ընտրություններին ստացել էր 17.637 ձայն: Կոտայքի մարզից վստահաբար չի առաջադրվի Արամ Հարությունյանը, իսկ ահա Անդրանիկ Հարությունյանը, ով խորհրդարանում համարվում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դրածոն, դեռ վերջնական որոշում չի կայացրել, եւ չի բացառվում, որ կրկին առաջադրվի: Նա նախորդ ընտրություններում ստացել էր 11.324 ձայն:
Սակայն ՀՀԿ-ն շատ ավելի վատ վիճակում գտնվում է Երեւանում, քանի որ այստեղ հիմնական ձայն բերած անձինք այս անգամ չեն լինի: Խոսքը Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի, Արթուր Գեւորգյանի, Միհրան Պողոսյանի, Ռոբերտ Սարգսյանի եւ այլոց մասին է: Նախորդ` 2017 թվականին կայացած ընտրություններին այս անձինք իրենց ընտրատարածքներում մեծ թվով ձայներ են բերել, սակայն այս անգամ փաստացի չեն լինի: Սակայն Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանն այս անգամ կրկին որոշել է առաջադրվել: Նախորդ ընտրություններում նա ստացել էր 18 695 ձայն եւ իր ընտրատարածքում առաջատարն էր: Երեւանի մյուս ընտրատարածքներում շատ հայտնի անձինք դժվար թե լինեն, եւ ՀՀԿ-ում ավելի շատ հույս են դնում երիտասարդ կադրերի վրա, ովքեր այնքան էլ վարկաբեկված չեն լինի եւ կկարողանան այդ նախատեսված 500 ձայնն ապահովել:
Ամեն դեպքում, մեկ բան հայտնի է. օրեցօր ՀՀԿ-ի վիճակը վատթարանում է, եւ նույնիսկ այն անձինք, ովքեր մի քանի օր առաջ համաձայնել էին առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով եւ մեծ խոստումներ տվել կուսակցությանը, հիմա քիչ-քիչ հետ են կանգնում իրենց որոշումից` խուսափելով ժողովրդի արձագանքից, ինչու ոչ նաեւ անհանգստանալով, որ այս իրավիճակում երեւալու է իրենց իրական ընտրազանգվածը, ովքեր առանց ընտրակաշառք ձայն կտան նրանց: Իսկ համաձայնեք, որ թավշյա հեղափոխությունից հետո եւ հատկապես վերջին ամիսներին եւ հոկտեմբերի 2-ի դեպքերից հետո ՀՀԿ-ի վարկանիշն ավելի է ընկել: Սակայն մյուս կողմից էլ` նրանք ոգեւորվել են Կապանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից եւ կարծում են, որ կլինեն տեղեր, որտեղ կհաջողեն: Եվ այժմ շատ ակտիվ քննարկումներ են, թե ով կլինի Սյունիքի մարզի թեկնածուն, քանի որ Կապանի արդյունքները հաշվի առնելով` այստեղ շանսեր կլինեն: Թե ի վերջո ով որտեղ կառաջադրվի եւ ինչ կլինի, պարզ կլինի առաջիկա համաժողովին, սակայն փաստ է մեկ բան` համամասնական ցուցակի բոլոր թեկնածուները կառաջադրվեն նաեւ վարկանիշային ընտրակարգով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԴԱՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՄԱՐ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ուշագրավ նախագիծ է մշակվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է «Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող, աշխատանք փնտրող անձանց` մինչեւ երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսել որոշակի հարկային արտոնություններ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տալու նպատակով: Ըստ սոցապ նախարարության` նախատեսված աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված` դայակի կողմից կատարվող աշխատանքները կհամարվեն նվազեցվող եկամուտներ: Եթե օրինակ վերցնենք դայակին վճարվող 110 հազար դրամ աշխատավարձը, ապա կստացվի, որ ծրագրի շրջանակներում 55 հազար դրամը սահմանված կարգով ծնողին կփոխհատուցի պետությունը: Մինչդեռ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով` մինչեւ 150 հազար դրամի դեպքում 23 տոկոս սահմանված է որպես եկամտային հարկ, ինչի արդյունքում դայակի աշխատավարձից կհարկվի 25 հազար 300 դրամ: Հաշվի առնելով նաեւ նպատակային սոցիալական վճարն ու դրոշմանիշային վճարը` պարզ է դառնում, որ պետությունն իրականում ավելի քիչ գումար է փաստացի հատկացնում անձին որպես աջակցություն:
Նշենք, որ դայակների աշխատավարձը համաֆինանսավորելու կառավարության նախաձեռնությունը օրենքով ուժի մեջ է մտել հուլիս 7-ին, ինչից հետո սկսվել է ծրագրի իրականացումը: Ի դեպ, ծրագիրը մշակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի օրոք, բայց սկսել է կիրառվել Մանե Թանդիլյանի պաշտոնավարման ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ծրագրի շնորհիվ մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Ավելին, այս ծրագրի արդյունքում մեծանում են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՋՈՒՐՆ ԵՆ ԼՑՎԵԼ
Շիրակի մարզի Վարդաքար գյուղում 7,5 կմ երկարությամբ կառուցված նոր ջրագծերը մասամբ են շահագործվում: Մի քանի միլիոնի կատարված ներդրումները ջուրն են լցվել: Աշխատանքները կատարվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվերով եւ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ջրահեռացման եւ ջրամատակարարման նոր համակարգը պետք է որ գյուղում մոռացնել տար խմելու ջրի ու ոռոգման խնդիրը: Բայց դա ընդամենը ժամանակավոր էր:
Ըստ ներկայացված նախագծի` պետք է կատարվեր 7,460 կմ ընդհանուր երկարությամբ տրամագծերի պոլիէթիլենի խողովակներով ջրագծերի կառուցում, նախատեսված էր նաեւ 200 ջրաչափական հորերի տեղադրում, երեք փականային կարգավորման հանգույցների, յոթ թաղված փականային հանգույցների կառուցում, ինչպես նաեւ իրականացվելու էր մոտ 200 խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորման ջրամբարի վերանորոգում: Աշխատանքները ոչ լիովին, բայց ավարտված են, սակայն ընդունում-հանձնում չի եղել: «Հայջրմուղկոյուղին» այժմ փաստացի լուծարված է, գյուղը սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ընկերությունից սակայն պատասխանում են, որ իրենց փաստաթղթեր չեն հանձնվել, եւ կառույցը չի հանդիսանում խնդրի պատասխանատուն:
Վարդաքարի գյուղապետը մեր հետ զրույցում վստահեցրեց աշխատանքների ընդունում եւ հանձնում չի եղել, եւ ինքն էլ չգիտի` ում դիմել խնդրի կարգավորման համար. «30 տարի ջրագծերը քայքայված ու շատ վատ վիճակում են եղել: Վերջապես գյուղի բնակչությունը ուրախ էր, որ ծորակից հոսող ջուր կունենանք: Բայց ուրախությունը կարճ տեւեց, ձմռանը ջրագծերը սառեցին, ու մինչեւ մայիս ջուր չկար գյուղում: Ասում են` գյուղապետը պետք է հոգա խնդիրները, ես ինչ կապ ունեմ, ո՛չ ընդունել, ո՛չ էլ հանձնել են»,-ասաց Վարդաքարի համայնքապետը:
Օրվա կարգավորիչ ջրամբարների հետ կապված խնդիր եւս կա, ըստ նախագծի` պետք է վերանորոգվեր, սակայն ոչ մի գործ չի կատարվել: «Շինարարը բերել, ասում է` ակտը ստորագրեք, բայց ես հրաժարվեցի: Եթե չեն վերջացրել, ո՞նց ստորագրեմ, ես այդ ջրից մեկ բաժակ էլ չեմ խմել, ոնց գնամ, հետո պատասխան տամ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Վարդաքարի համայնքապետ Գալուստ Ավետիսյանը:
Շիրակի մարզպետարանից էլ պատասխանեցին, որ աշխատանքների հետ որեւէ առնչություն մարզպետարանը չունի եւ պատասխանատվություն էլ չի կրում: Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը խնդրին տեղյակ էր, սակայն աջակցել համայնքապետին այս պարագայում չի կարող:
Խնդրով համայնքապետը պետք է դիմի Ջրային պետական կոմիտե, որպեսզի կատարվի ընդունում եւ հանձնում, ինչից հետո էլ անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել պարզելու` ինչն է աշխատանքների ոչ լիովին ավարտման պատճառը: Իսկ այն, որ ջրագծերն անորակ են, գյուղաբնակներ են վստահեցնում: Առաջիկայում ձմեռ է, իսկ ջրագծերի սառցակալելը անխուսափելի է:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի




Լրահոս