ԵԹԵ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԵՄ, Ո՞ՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐԵՄ. ՋՈՒՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո յուրաքանչյուր քաղաքացի ակնկալում է փոփոխություն նաեւ իր կյանքում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Ջուսի հետ պարզելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երգարվեստի ներկայացուցիչների կյանքում Նոր Հայաստանում:

-Ջո՛ւս, հետհեղափոխական Հայաստանում ի՞նչ փոփոխություններ են եղել Ձեր կյանքում:
-Երգարվեստի մեջ դեռ բան չի փոխել: Նկատեցի որ տարբեր միջոցառումներին, թեկուզ Հանրապետության հրապարակում, երգում են նույն մադրիկ, ինչպես երգել են անցյալ ժամանակներում: Ամեն ինչ նույնն է մնացել, նույն կազմակերպիչներն ու նույն մարդիկ: Ինձ էլ շատ երգիչների նման չեն հրավիրել «Երեւանի տոն»-ին կազմակերպված համերգին: Ես էլ ունեմ նոր երգ, կոչվում է «Երեւան», որն ունի նաեւ տեսահոլովակ: Սակայն ոչ մի ձայն չկա, երբեք չեն խոսում, որ կարո՞ղ եք երգել այս կամ այն երգը: «Երեւան» երգը երգում եմ փոքր դհոլահարների հետ: Ի դեպ, օրերս կայացավ «Թոփ մոդել ԱՊՀ-2018» միջազգային մրցույթը: Այնտեղ նույնպես հիսուն դհոլահարների հետ ներկայացրել ենք «Երեւան» երգը: Ես ամեն տեղ ներկայացնում եմ Հայաստանը, բայց դե կառավարական համերգներին չեն կանչում երգիչներին, որոնք ունեն նմանատիպ երգեր: Ընդհանրապես ոչինչ չի փոխվել:
-Արդյոք նոր Հայաստանն այնպիսին է, ինչպիսին դուք ցանկանում էիք տեսնել:
-Դե, հեղափոխությունից մի քանի ամիս է անցել, քիչ ժամանակ է անցել: Միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ թանկանում է:
-Օրինակ` ի՞նչն է թանկացել, որը Ձեզ անհանգստացրել է:
-Դե միշտ մայրս է մեր տան առեւտուրն անում, գիտեմ, որ առաջնային անհրաժեշտության մթերքները թանկացել են: Գուցե պետք է բյուջեն լցնե՞ն…: Ասում են` աշխատավարձերը, թոշակները կբարձրանան…, տեսնենք:
-Նոր Հայաստանում նոր իրավիճակ է, նոր բարքեր են: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն որոշել է հարկային դաշտում ներգրավել նաեւ շուուբիզնեսի ներկայացուցիչներին: Սպասելի՞ որոշում էր ձեզ համար, դե՞մ եք, թե՞ կողմ: Կվճարե՞ք հարկեր:
Հարկ մուծելուն կողմ եմ, բայց եթե դա, օրինակ, որեւէ ընկերություն է կազմակերպում համերգը եւ հենց նա էլ վճարի հարկը: Կամ, օրինակ, ես մենահամերգ եմ տալիս համալիրում, ես դրանից պետք է վճարեմ հարկ: Այսինքն` եթե լինում են գրանցված համերգներ, ապա հարկը վճարելը պարտադիր է: Սակայն եթե դա այլ առիթ է, օրինակ` ծնունդ, կնունք կամ հարսանիք, ապա ինչպե՞ս պետք է վճարել կամ ՀԴՄ կտրոն տրամադրել. էդ գործընթացը չի վերահսկվում, չի երեւում, թե ով ինչքան գումար է ստանում: Լինում է, երբ առանց գումարի, ընկերական ենք երգում: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ երգիչները շատ գումարներ են վաստակում, օրինակ` մի երգի համար 3000 ԱՄՆ դոլար են վերցնում, բայց Հայաստանում չկա նման բան: Լինում է, երբ երգի համար վերցնում են հիսուն հազար դրամ: ժողովուրդը չի կարող շատ գումար տրամադրել, հատկապես, որ հարսանիքները վարկով են անում: Իսկ Հայաստանից դուրս իհարկե լինում են հարսանիքներ, որոնք արդեն թանկ են վճարվում, օրինակ 25000-ից մինչեւ 50 հազար դոլար են վերցրել:
-Թեկուզ քիչ գումարի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում հարկման պրոցեսը:
-Սխեմա չկա` ում պետք է հարկ վճարես, եթե ես գրանցված չեմ ոչ մի տեղ: Ես այդ հարսանիքին որ երգում եմ, գրանցված չեմ, ո՞նց հարկ վճարեմ:
-Դուք եզակի աստղերից եք, որը վատ չի զգում խոսել իր անձնական կյանքի մասին: Հիմա ի՞նչ կարգավիճակում եք:
-Զրոյական: Անձնական կյանքով չեմ էլ զբաղվում: Հիմա չեմ տեսնում այն հետաքրքրությունը, հետաքրքիր տղամարդ չկա դեռ ինձ համար:
-Ձեր սրտում հիմա անդո՞րր է, թե՞ փոթորիկ:
-Իմ սրտում միշտ փոթորիկ է: Եթե չի լինում, ապա ես գտնում եմ:
-Ձեր կյանքում ե՞րբ եք ապրել ամենամեծ հիասթափությունը:
-Երբ շատ մոտ ընկերուհին դավաճանել է, երբ իմ տղամարդն է ինձ դավաճանել, բայց դա եղել է շատ վաղուց եւ ընդամենը մեկ անգամ: Հիմա բաժանվել ենք:
-Ո՞րն է այս տարվա ձեր ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը:
-Կորուստ չունեմ, ինչը շատ լավ է: Այս տարի շատ լավ տարի էր ինձ համար, քանի որ մասնակցել եմ «Թոփ մոդել ԱՊՀ-2018» միջազգային մրցույթին, քսան երկրներից ավելի ներկայացուցիչներ են եղել: Նախատեսված է եւս մեկ համերգ Սոչիում, որտեղ տարբեր երկրների երգիչներ կլինեն, դա մրցույթ չէ, այլ համերգ է, որին ինձ հրավիրել է շատ հայտնի ոճաբան Գեորգի Կոտը` համաշխարհային ոճաբան, վարսահարդար:
-Մի փոքր խոսենք Ձեր կերպարային փոփոխություններից: Ինչո՞ւ եք նման կտրուկ փոփոխություններ արել, ինչի՞ հետ է կապած:
-Փոփոխությունները կապված են իմ բնավորության հետ: Ինձ հաճախ չեն ճանաչում: Իմ վարսահարդար Սերժ Հարությունյանի խորհրդով` միշտ դիմում եմ ոճային փոփոխությունների: Ըստ Ս. Հարությունյանի` արտիստը պետք է միշտ տարբեր լինի, որպեսզի չհոգնեցնի: Երեւի ես միակ արտիստներից եմ, որ նման կտրուկ էքսպերիմենտներ է անում մշտապես:
-Տարին գրեթե ամփոփվում է, ի՞նչ կիսատ թողած գործեր ունեք:
-Դուետ պետք է ձայնագրեմ, Աղասի Գեւորգյանի գրած երգը, որը գրել է նաեւ «Հայաստան» եւ «Երեւան» երգերը: Նախատեսվում է նաեւ դուետ երգիչ Սերգոյի հետ, հետաքրքիր տեմբրով, շատ ռոմանտիկ եւ ռուսական ոճի մեջ է լինելու:

Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

 

200 ԳՈԼ
Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, գոլի հեղինակ դառնալով չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում, դարձել է Արքայական ակումբում 200 գոլ խփած 7-րդ ֆուտբոլիստը:
«Ռեալ»-ում ֆրանսիացի հարձակվողից ավելի շատ գոլ խփել են միայն Կրիշտիանու Ռոնալդուն, Ռաուլ Գոնսալեսը, Ալֆրեդո Դի Ստեֆանոն, Կարլոս Սանտիլյանան, Ֆերենց Պուշկաշը եւ Ուգո Սանչեսը: Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում Քարիմ Բենզեման 59 գոլով չորրորդն է: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին, Լիոնել Մեսիին եւ Ռաուլին:

 

 

ՆԵՐԽՈՒԺԵԼ ԷՐ ՀՐԱՊԱՐԱԿ
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգն անդրադարձել է Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում նշանակված սկանդալային 11 մետրանոցին: Մանչեսթերում կայացած հանդիպման ժամանակ անգլիացի ֆուտբոլիստը ներխուժել էր մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ ոտքով հարվածել էր խոտածածկին եւ ընկել: Խաղի գլխավոր մրցավար Վիկտոր Կաշային սխալմամբ նշանակել էր 11 մետրանոց հարված: «Ցանկանում էի հարվածել գնդակին, իսկ հետո չգիտեմ` ինչ պատահեց: Ես հարվածեցի խոտածածկին եւ ընկա, այնպես որ ներողություն եմ խնդրում մրցավարից ու «Շախտյոր»-ից: Խնդրում եմ ներել ինձ»,- ասել է Ստերլինգը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն խփել էր 6 անպատասխան գոլ, իսկ Ստերլինգն աչքի էր ընկել մեկ անգամ:

 

 

ՖԵԴԵՐԵՐՆ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատասխանել է այն հարցին, թե որ թենիսիստին կերկրպագեր, եթե հիմա փոքր երեխա լիներ. «Միանշանակ, կերկրպագեի Ռաֆայել Նադալին: Նա շատ հետաքրքիր, եռանդուն թենիսիստ է եւ իդեալական օրինակ է երիտասարդ սերնդի համար: Շատ եմ գնահատում Ռաֆային եւ Նովակ Ջոկովիչին: Նրանք կորտում ջանք չեն խնայում: Նրանք ինձանից երիտասարդ են, սակայն ֆիզիկական տեսանկյունից ես հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քան 20 տարեկանում»,-ասել է Ֆեդերերը:
37-ամյա Ռոջերը նաեւ նշել է, թե մյուս թենիսիստների որ որակներից կցանկանար ունենալ.«Կցանկանայի այնպիսի հզոր հարվածներ կատարել, ինչպիսին կատարում են Կարլովիչն ու Իսները: Նրանք մեկ հարվածով միավորներ են վաստակում: Կամ էլ Էդբերգի նման ընթացքից հարվածներ կատարել: Ինձ միշտ դուր են եկել այն թենիսիստները, ովքեր ուժեղ են այդ տեսանկյունից»,- ասել է նա:

 

 

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է
Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը նոյեմբերի 6-ին վթարի է ենթարկվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ բալետային թատերախմբի տնօրեն Արմեն Գրիգորյանի` 23-ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել Երեւան-Աշտարակ ճանապարհին: Նա եղբոր, նրա կնոջ ու նրանց երեխայի հետ տաքսու մեջ է եղել, երբ վթարը տեղի է ունեցել:




Լրահոս