Դաշնակցությունը գալու է ժողովրդի համար արդար Հայաստան ապահովելու. ՀՅԴ-ն տվեց քարոզարշավի մեկնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց Երևանի Հանրապետության հրապարակում՝ Առաջին Հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանի մոտից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախ հնչեցին հայրենասիրական երգեր, ինչից հետո բեմ բարձրացան ՀՅԴ թեկնածուները:

Առաջինը ելույթով հանդես եկած պատգամավորի թեկնածու, լրագրող Գեղամ Մանուկյանը նշեց, որ իրենց կուսակցության՝ 1890 թվականից սկսած ճանապարհն ու կարգախոսը նույնն են: «Այս ընտրությունները մի կարևոր տարբերություն ունեն: Լիակատար հույս կա, որ ընտրություններն անցնելու են արդարության պայմաններում, առանց փողի քսակների կամ պարկերի: Բայց այս ընտրություններն ունեն մի վտանգավոր հատկություն. արդյոք անցնելո՞ւ են ծրագրային, գաղափարական պայքարի հիման վրա: Այստեղից կրկին ու կրկին կոչ եմ հղում ընտրությունների մասնակից բոլոր կուսակցություններին ու դաշինքներին՝ մտնել ընտրապայքար ներկայացնելու ծրագրերը, գաղափարները»,- հորդորեց Գեղամ Մանուկյանը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց այն պատճառները, թե ինչու է կուսակցությունը որոշել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Հայաստանում այսօր անցումային շրջան է: Սա մի կարևոր պատմական շրջափուլ է, որի մեջ գտնվում է մեր երկիրը: Եվ այս անցումային շրջանում առաջացել են շատ լուրջ մարտահրավերներ և վտանգներ: Դաշնակցությունը գալիս է այս ընտրություններին մասնակցելու, որպեսզի այդ վտանգների ու մարտահրավերների մասին խոսելով՝ առաջարկի դրանց չեզոքացման ճանապարհներն ու լուծումները»,- ասաց Ռուստամյանը:

Նրա գնահատմամբ՝ այսօրվա չլուծված խնդիրներից մեկը սուպերվարչապետական համակարգից ազատվելն է: «Ավելի ու ավելի պետք է ամրապնդվի խորհրդարանական համակարգը, ավելի հավասարակշռված պետք է դառնա իշխանությունների գործունեությունը»,- նշեց Ռուստամյանը, ով կարևորեց անցյալի սխալները չկրկնելը:

«Հեղափոխությունը կհասնի իր նպատակին, երբ դրա դրական փոփոխությունները մտնեն ամեն մեկի կենցաղ, երբ մեր կողքին որևէ չքավոր մարդ չունենանք, երբ կադրեր նշանակենք արժանիներից, վաստակ ու գործ անել ընդունակ մարդկանցից: Նրանք են կարողանալու երկիրը տանել դեպի զարգացում: Այս վճռականությամբ է ՀՅԴ-ն գալիս մասնակցելու ընտրություններին: Մենք պետք է հասնենք արդար Հայաստանին, եթե հավատարիմ մնանք մեր արժեհամակարգին: ՀՅԴ-ն, հավատարիմ իր ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական և հեղափոխական տեսակին ու նկարագրին, գալու է ժողովրդի համար արդար Հայաստան ապահովելու: Հավատարիմ իր սկզբունքներին, հողին ու հային՝ առաջ դեպի ընտրություններ, դեպի մեր հաղթանակը, ազգային ներուժի ամրապնդումն ու հաջողությունները»,- եզրափակեց խոսքը Արմեն Ռուստամյանը:




Լրահոս