ՀԱՐՑ. Ամուսնուս սիրտը ստենտավորված է, զոբ ունի, ինսուլտ է տարել: Մեր օգնությամբ մի կերպ տեղաշարժվում է, ինքնուրույն չի կարողանում քայլել: Հաշմանդամության կարգը փոխել են: Խնդրում եմ ասել` կա՞ նման իրավունք: Ուզում եմ կոնկրետ օրենքով սահմանված կարգով տեղեկանալ, թե նա որ կարգի հաշմանդամություն պետք է ունենա:
Մուրադյան Մաքրուհի (ք. էջմիածին, գյուղ Արաքս)
ՊԱՏԱՍԽԱՆ․«ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` անձին հաշմանդամ են ճանաչում, հաշմանդամության խումբ սահմանում ՀՀ կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան` ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից, հիմք ընդունելով անձի օբյեկտիվ զննումն ու բժշկական հետազոտման արդյունքները։
ՀՀ կառավարության 02.03.06թ․ թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն՝ անձը հաշմանդամ է ճանաչվում, եւ անձին հաշմանդամության խումբ է սահմանվում բշժկասոցիալական փորձաքննության արդյունքում, որն իրականացնում են բշժկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` Գործակալություն) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը եւ տարածքային մարմինները, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները` ելնելով առկա հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի որեւէ ֆունկցիայի կամ ֆունկցիաների կայուն տեսակից եւ աստիճանից։ Հետեւաբար միայն հիվանդության առկայությունը բավարար չէ հաշմանդամություն սահմանելու համար։
ԲՍՓ հանձնաժողովը օրգանիզմի որեւէ ֆունկցիայի կամ ֆունկցիաների կայուն խանգարումների հետեւանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակն ու աստիճանը որոշելու համար հիմք է ընդունում ոչ միայն անձի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերում առկա հետազոտման ու բուժման արդյունքները, այլեւ հանձնաժողովի համապատասխան մասնագետների կողմից իրականացված օբյեկտիվ զննման արդյունքները:
Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձին հաշմանդամություն սահմանվում է հաշմանդամության սահմանման գործող՝ ՀՀ կառավարության 13.06.2013թ․թիվ 780-Ն որոշմամբ հաստատված բժշկասոցիալական չափորոշիչներին եւ ՀՀ կառավարության 02.03.2006թ․ N 276-Ն որոշմամբ հաստատված բշժկասոցիալական փորձաննության իրականացման կարգի դրույթներին համապատասխան։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Փաստորեն հիվանդությունը, ֆունկցիաների խանգարումն ու արատները բավարար չեն հաշմանդամության կարգ ձեռք բերելու համար։ Այն, որ անձն ունի առողջական խնդիրներ, ու գոյություն ունեն դրանից բխած հետեւանքներ, դեռ բավական չէ. նա ստիպված է բախվել պետության կողմից սահմանված ու պարտադրված անհարմարություններին։
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: