Հիմա մեզ պետք է ընտրություն, որի արդյունքում կծնվի երեխա` հաջորդ լեգիտիմ ընտրությունը. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների, նախընտրական քարոզարշավի եւ հանրության սպասելիքների մասին զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին ծանո՞թ եք: Համաձա՞յն եք, որ այսօր ծրագրերը, քարոզարշավի բովանդակային մասը մղվել է հետին պլան, եւ առաջնային տեղում պոպուլիզմն է:

-Հայաստանյան նախկին ընտրություններում ուժ, փող ունեցողներն առաջարկում էին ծրագրեր, որոնք կազմվել էին մասնագետների կողմից, բայց անգամ այդ մասնագետները գիտեին, որ տվյալ ծրագիրը պարզապես թղթի կտոր է, որը իրական կյանքի հետ կապ չուներ: Այսօր գոնե ինչ-որ բաներ փոխվել են, ու կարող է պատահել այնպես, որ ներկայացվող ծրագրերն իրագործվեն: Սակայն այսօր Հայաստանը ինտելեկտուալ առումով սարսափելի ծանր վիճակում է:

Վերջին 20 տարվա ընթացքում հնդկական ու հայկական տխմար սերիալներն իրենց գործն արել են, դպրոցներում կրթության ցածր որակն իր գործն արել է: Ուստի այս համատարած անգրագիտության ֆոնին խոսել ծրագրերից, նշանակում է փորձել ազդել հանրության փոքրամասնության վրա: Հիմարը կուզենա կորցնել մեծամասնությանը եւ աշխատել, ասենք, 800 հոգու հետ, որոնք ունակ են կարդալ, խոսել ծրագրերի մասին:

-Բայց չէ՞ որ ժողովրդին էմոցիաներով երկար չես պահի, հանրության գիտակից հատվածը ցանկանում է ծանոթանալ հստակ ծրագրերի, ուզում է տեսնել խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմներ: Ի դեպ, նրանց մի մասը կողմնորոշված չէ, եւ բովանդակային առումով հարկավոր են երաշխիքներ` այս կամ այն ուժի հետեւից գնալու համար:

-Ես իմ վաճառած գրքերի քանակով գիտեմ, որ Հայաստանում մոտավորապես 100 հոգու է հետաքրքրում ինտելեկտի գործոնը: Սա է Հայաստանի խղճուկ, սարսափելի վիճակը: Հայաստանի աղետը Ադրբեջանը չէ, այլ անկրթությունը, անմշակույթ լինելը: Երբ հանդես եմ գալիս քննադատություններով, ինձ ասում են, որ չի կարելի միանգամից բուժվել, ասում եմ. «Ո՞նց, այսինքն` դուք գիտեք, որ հիվանդ եք, եւ բուժումը չե՞ք սկսում հենց այսօրվանից»:

-Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լեւոն Շիրինյանն այն համոզման է, որ եթե ազգովի նորից գնալու ենք ռեյտինգով ձայն ճարելու ճանապարհով, Սերժ Սարգսյանի ռեժիմը հետ է գալու: Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը:

-Այսինքն` մենք ռեյտինգային ինստիտուտը չպահելու հնարավորություն ենք ունեցել ու պահե՞լ ենք, հնարավորություն ենք ունեցել փոփոխություններ անելու, որպեսզի ընտրություններն ուրիշ ընտրակարգով ընթանային ու չե՞նք արել: Դուք առաջարկ ունեիք, մենք չե՞նք ընդունել: Ի՞նչ անել, եթե նախընտրական փուլն արդեն սկսվել է:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու: Մամուլում եղավ հրապարակում` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ նրա ընտանիքի հսկայական կարողության հետ կապված, եւ ոչ մի արձագանք այս հրապարակումներին չեղավ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Այսօր Հայաստանում ցանկացած գործարարի օլիգարխ են ասում. սա խնդիր է: Լինել օլիգարխ նշանակում է ունենալ ֆինանսական եւ քաղաքական այնպիսի կապիտալ, որով հնարավոր կլինի ազդեցություն գոծել խորհրդարանի վրա: Երբ Արթուր Վանեցյանը հարստանում էր, արդյոք ունեցե՞լ է այդ հնարավորությունը: Կարծում եմ` ոչ:

Իսկ «գործարար» բառը բաղկացած է «գործ» եւ «արար» վեհագույն բառերից: Երբ օլիգարխին եւ գործարարին շփոթում են, վերջինիս նկատմամբ սարսափելի վերաբերմունք են ձեւավորում: Մարդիկ մտածում են, որ գործարարը գող է, թալանչի, այնինչ, վերջին տարիներին մի շարք օրենքներ, որոնք ընդունվել են, եղել են հակագործարարական եւ բխել են ինչ-ինչ օլիգարխների շահերից: Հայաստանում պետք է լինեն սեփականատերեր, խոշոր սեփականատերեր, եւ եթե սեփականությունը օրինական ճանապարհով է ձեռք բերվել, այն պետք է լինի անձեռնմխելի:

– «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը տեսակետ է հայտնել, որ այս խորհրդարանն ունենալու է 2 տարվա կյանք: Նա կարեւորել է երկու տարվա ընթացքում նոր Սահմանադրության մշակումը, ժողովրդի կամարտահայտությամբ դրա ընդունումը, հետո արդեն այդ Սահմանադրության հենքի վրա նոր ընտրությունների անցկացումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքը:

-Գալիք ընտրությունը կարեւոր է, բայց էապես ավելի կարեւոր է դրա հաջորդ ընտրությունը: Հաջորդ ընտրությունը ցույց է տալու բոլոր միտումները: Այն տիպի ընտրություն, որը տեղի կունենա դեկտեմբերին, արդեն ունեցել ենք, այսինքն` ամուսնություն արդեն եղել է, բայց հաջորդ ընտրություններում երեխա չի ծնվել: Հիմա մեզ պետք է ընտրություն, որի արդյունքում կծնվի երեխա` հաջորդ լեգիտիմ ընտրությունը: Մենք ունեցել ենք սկիզբը, բայց չենք ունեցել շարունակությունը: Հիմա ամենակարեւորը այդ շարունակականությունն ապահովելն է, հիմնական խնդիրը այդ «բալիկի» ծնունդի ապահովումն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս