«Օրինաց երկիր» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարաական ըտրությունների նախընտրակա քարոզարշավը շարունակել է Վայոց Ձորի մարզում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եղեգնաձորի բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կիսվեց առկա մտոհգություններով և դրանց փարատմանն ուղղված ՕԵԿ առաջադրած ծրագրային մոտեցումներով:
Խոսելով մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին Արթուր Բաղդասարյանը ի թիվս շարք հարցերի մատնանշեց գյուղատնտեսության խթանման կարևորությունը: «Գյուղատնտեսությունը պետք է սուբսիդավորվի պետության կողմից: Պետությունը այս հարցում չպետք է լուռ դիտողի կարգավիճակում մնա: Այսօր արդի աշխարհը անցել է գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգին, որի պայմաններում գյուղացին կարողանում է աղետների դեպքում ստանալ երաշխավորված ֆինանսական օգնություն: Այստեղ նոր հեծանիվ ստեղծելու կարիք չկա, պարզապես պետք է կարդալ, ուսումնասիրել միջազգային փորձը»:
Արթուր Բաղդասարյանը նշեց նաև, որ իրենք մշակել են գյուղաբնակ ժողովրդի և հատկապես կանանց աշխատանքը որպես աշխատանքային ստաժ հաշվարկելու և նրանց վճարելու գործուն մեխանիզմներ: «Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ: Սա է մեր մոտեցումը: Այս գաղափարը թույլ կտա նաև յուրաքանչյուր տարի ինդեքսավորել և բարձրացնել մարդկանց կենսաթոշակը»:
Ըստ Արթուր Բաղդասարյանի այս ոլորտում մեկ այլ հրատապ լուծում պահանջող խնդիր էլ համարվում է գյուղական համայնքներում ոռոգման ջրի բարձիթողի վիճակը: «Պետք է հետևողականորեն զարգացնենք այսպես կոչված Գյուղատնտեսության ցանցապատման գործընթացը: Վերադառնալով ամենակարևոր խնդրին՝ ոռոգմանը, այստեղ մենք առաջարկում ենք 100% անցում կատարել կաթիլային համակարգին: Այո, մեր ծրագրերը ամբիցիոզ են, սակայն հետևողական աշխատանքների դեպքում վստահ եմ, որ Հայաստանը կդառնա զարգացած գյուղատնտեսության համբավ ունեցող երկրներից մեկը: Ընդհանրապես մեր թիմը նորարարությունների ներդրման կողմնակից է, մեր երկրին միայն ինտելեկտուլ գյուղատնտեսություն է անհրաժեշտ»: