ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նպաստառու ընտանիքների թիվը կրճատելու  մոլուցքով հայաստանյան կառավարությունը այնպիսի մեթոդներ է  մշակել, որ կարիքավոր ընտանիքները հայտնվել են ուղղակի անելանելի վիճակում:Բանն այն է, որ ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանքը տրամադրելու են անձնագրային բաժանմունքները: Եթե նախկինում տասնյակ կառույցներ  էին տրամադրում այդ տեղեկանքները, հիմա ընդամենը մեկն է: Այս օրերին Գյումրիի անձնագրային բաժանմունքի դիմաց սարսափելի հերթեր են: 70-ն անց կանայք ու տղամարդիկ ստիպված են ժամերով սպասել` ընդամենը մեկ  տեղեկանք  ստանալու  համար: Պատճառը նախ այն է, որ անձնագրային բաժանմունքները դեռեւս այդքան էլ քաջածանոթ  չեն  գործընթացին եւ  հետո, բացի  բնակության վայրի մասին տեղեկանք տրամադրելուց, այլ գործառույթներ  էլ ունեն: Մեխանիզմն այնքան չհղկված է  ու անորոշ, որ արդյունքում տուժում է բնակիչը, ով շատ հավանական է, որ զրկվի նպաստից, թեկուզ  այն պատճառով, որ չի հասցնի փաստագրվել: Հետաքրքիր է` արդյոք նոր որոշումն ընդունելուց առաջ կառավարության ներկայացուցիչները հաշվի չե՞ն առել այս հանգամանքը: «Վիրավորական է, որ քաղաքացու  հետ նման կերպ  են վարվում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց անձնագրային բաժանմունքի դիմաց հերթ կանգնած քաղաքացին: Իսկ Գյումրիի 1 սոցիալական ծառայության ղեկավար Ռաֆիկ Քոթանջյանն էլ հանգստացրեց, թե «Ժողովուրդը պատրաստ չէր այս  փոփոխություններին, փետրվարին ամեն ինչ կանցնի»:   Այս պատմության մեջ զավեշտն այն է, որ անգամ բազմաբնակարան շենքի, ասենք, 7-րդ հարկում բնակվող քաղաքացին պարտավոր է  անասնագլխաքանակի  վերաբերյալ  տեղեկանք տրամադրել: «Երեւի մարդկանց վրա  են ծիծաղում: Չե՞ք ուզում նպաստ տալ, մի՛ տվեք, դա  էլ պահեք ձեզ, հարստացեք, բայց բավական է ժողովրդի հոգու  հետ խաղաք»,- բարկացավ նպաստառու, 64-ամյա Ռիմա Մուրադյանը: Կառավարության որոշման տրամաբանությունը հատկապես գյումրեցիները չեն կարող  հասկանալ: Տնակներում ապրողների թիվն այստեղ անցնում  է 4000-ը: Անասնաբուժական բաժանմունքի դիմաց էլ հերթեր  են, որտեղից տնակում ապրող բնակիչը պիտի վերցնի թուղթ այն մասին, որ կենդանիներ չի պահում:Քանի որ կառավարության որոշման եւ ստեղծված  թղթատարական քաշքշուկի պատճառով բազմաթիվ ընտանիքներ կարող են զրկվել նպաստից, Գյումրիի սոց.ծառայությունները դիմել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ նպաստառուների  հաշվառման գործընթացը երկարացնելու ակնկալիքով:  ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս