ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ:-Կոնգրեսը դնում է պահանջներ, Սերժ Սարգսյանը չի կատարում: Որպես քաղաքագետ ինչպե՞ս կբնութագրեք ստեղծված իրավիճակը: -Եթե իշխանությունները հանրահավաքի նախօրյակին  կոշտ մոտեցում են ցուցաբերում ՀԱԿ-ի պահանջների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ դրանով կրակը հրավիրում են իրենց վրա եւ Կոնգրեսին պարտավորեցնում  իրագործել այն այլընտրանքը, որը ՀԱԿ առաջնորդը մատնանշել էր մարտի 1-ի հանրահավաքում: Ըստ որում, այս պարագայում պարզ է, որ բողոքավոր ընտրազանգվածի վրա իր ազդեցությունը չկորցնելու համար ՀԱԿ-ը ստիպված է  հետամուտ լինել իր առաջ քաշած պահանջների ամբողջական լուծմանը:-Այսինքն` վե՞րջ այդքան քննադատված սահմանադրական ճանապարհով գնալուն:-Այն ներառում է նաեւ զանգվածային միջոցառումների ճանապարհով իշխանություններին որոշակի լուծումների պարտադրման հնարավորություն: Այսինքն` այն, ինչ միջազգային հանրությունն այսօր իբրեւ պահանջ  ներկայացնում է տարբեր վարչակազմերի` ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների դեմ, հնարավորություն տալ ժողովրդին հանդես գալու դատավորի դերում այն հարցերում, որոնք վիճահարույց են ընդդիմության եւ իշխանության միջեւ: Ուստի գերագույն դատավորի դերում պետք է հանդես գա նորին գերազանցություն ժողովուրդը, որի  խոսքը պետք է լինի վերջնական եւ անբեկանելի: Եւ դա ցույց կտա մարտի 17-ի հանրահավաքը:-Ձեր կարծիքով միջազգային հանրությունն այս անգամ թույլ չի՞ տա ուժի կիրառում:-Միանշանակ կարող եմ ասել, որ դա ենթադրում է  «բարեկամի զանգը», որը եղել է թե՛ վրաստանյան իրադարձություններից, թե՛ ուկրաինական հեղափոխությունից առաջ. երբ Քոլին Փաուելը զանգահարել էր Կուչմային ու Էդուարդ Շեւարդնաձեին եւ նախազգուշացրել ու պահանջել, որ իշխանությունները  չփորձեն բիրտ ուժային մեթոդներով կանխել ժողովրդի կամարտահայտությունը: Եթե  այդ «բարեկամի զանգը» չի եղել 3 տարի առաջ, ինչը բերել է նրան, որ, ըստ էության, իշխանությունները ստացել են թույլտվություն` դիմելու հատուկ միջոցների օգնությանը, ապա այս դեպքում, եթե այս «բարեկամի զանգը» եղավ, բնականաբար, իշխանությունները չեն համարձակվի ուժ կիրառել: Եւ այդ դեպքում մենք կարող ենք ականատես լինել այն իրավիճակին, որը դրսեւորվել է մի շարք երկրներում, այսինքն` ներքեւից նախաձեռնված փոփոխություններ:-Իսկ Մարի Յովանովիչի ելույթը ԵՊՀ-ում կարելի՞ է համարել «բարեկամի այդ զանգը»:-Մարի Յովանովիչի ելույթը կարելի է դիտել որպես «բարեկամի զանգի» հնարավորության, նույնիսկ հավանականության ակնարկ:-sms(՞):-Այո՛, սա իշխանություններին նախազգուշացում է, որ այս անգամ այդ «բարեկամի զանգը» լինելու է: Ես հեռու եմ ՀՀ իշխանությունների կերպարը եւ վարքագիծը դիվայնացնելուց: Մեր իշխանություններն ավելի դաժան չեն, քան Կուչման էր, քան Շեւարդնաձեն, որը իշխանությունը կորցնում էր ՊԱԿ-ի դպրոցն անցնելուց հետո: Նրանցից  դա պահանջվել էր: Մինչդեռ նմանատիպ պահանջ չէր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին եւ հայաստանյան իշխանություններին, ինչը կնշանակի` լռելյայն թույլտվություն, որ նրանք զսպեին ժողովրդի բողոքը: Այս անգամ,կրկնում եմ, շատ հավանական է, որ նման թույլտվություն չլինի:-Ինչո՞ւ այս անգամ չի լինի: Նույն ՀԱԿ-ը, բոլորն ասում են, որ Սարգսյանը վայելում է Արեւմուտքի աջակցությունը: -Սերժ Սարգսյանը ուներ որոշակի պայմանավորվածություններ Արեւմուտքի հետ, նաեւ Շվեյցարիայի հովանու ներքո  Թուրքիայի հետ սահմանները բացելու եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու  հարցերով: Ուզում եմ հիշեցնել մի իրադարձություն, որին թեթեւամտորեն լուրջ չվերաբերեցին: Այն, որ երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, Ջորջ Բուշը նրան շնորհավորեց  այդ  կապակցությամբ: Մինչդեռ ԱՄՆ նախագահները վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորանքներ չեն անում: Այս ամենից կարելի է ենթադրել, որ այն պատճառները, որով մեր իշխանություններին մինչ այդ թույլատրվում էր լուծել իրենց ներքին խնդիրները, այլեւս չկան, ուստի այլեւս  մեղքերի թողություն  չի լինելու: -Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց 10 տարի խաբել միջազգային հանրությանը, ինչո՞ւ դա չի կարող անել Սարգսյանը:-Տալիս եք հարց, որը ենթադրում է ծավալուն, պատճառաբանված պատասխան: Այո՛,   Ռոբերտ Քոչարյանը իսկապես կարողացավ ժամանակ շահել, խուսանավել Սցիլլայի եւ Քարիբդայի միջեւ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա այստեղ շատ ավելի բարդ կացություն է, եւ պատճառը մեկը չէ: Սկսած նրանցից, որ ես շարադրել եմ «Ամբողջատիրական իշխանության բումերանգ»-ը  հոդվածում: Այն, որ ղեկավարելով ՀՀԿ-ի նման գերկուսակցություն եւ  նմանվելով Բեն Ալիին` Սերժ Սարգսյանին  այս  բացարձակ հաղթանակը բումերանգի նման խփեց: Թունիսի օրինակն եմ բերում, որովհետեւ  այստեղ ազգաբնակչությունը 16 միլիոն է, որից  2 միլիոնը Բեն Ալիի կուսակցության անդամ էին: Մոտավորապես նույն տոկոսային հարաբերակցությունն է, ինչ մեզանում: Երբ երկրի նախագահը ղեկավարում է այդպիսի գերկուսակցություն, նա հնարավորություն չունի մանեւրելու, ավելի ճկուն լինելու, time-out-ների հնարավորություն ստանալու,  ճնշումներից խուսանավելու: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս