ՖՈՏՈ. Սևանը մեր օգնության կարիքն ունի. լճի հիմնախնդիրները՝ արվեստի լեզվով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւանը մեր օգնության կարիքն ունի». այսպես է կոչվում Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում դեկտեմբերի 4-ից բացվելիք ցուցահանդեսը, որի նպատակն է արվեստի միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել Սեւանի հիմնախնդրին: Ցուցահանդեսը, հավանաբար, բաց կլինի մեկ շաբաթ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ գեղանկարիչ Սեւադա Սարգսյանը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության նպատակն է գեղանկարչության, էկոպեյզաժի հանրահռչակումը Հայաստանում:

Նույնանուն հասարակական կազմակերպությունն էլ միտված է արվեստը որպես բնապահպանական միջազգային հաղորդակցման լեզու դարձնելուն:
Նշենք, որ մինչեւ Մարտունի տեղափոխվելը ցուցահանդեսը ներկայացված է եղել մայրաքաղաքում, Հայաստանի նկարիչների միությունում, այն ունեցել է «Էկո Սեւան. Սեւանն ահազանգում է» խորագիրը:

«Հեղինակների առաջարկությամբ ցուցահանդեսը տեղափոխվեց Գեղարքունիքի մարզ: Հիմա մենք բանակցում ենք մարզի մշակութային այլ կենտրոնների հետ, որպեսզի ցուցահանդեսը «շրջի» Սեւանա լճի ափին»,-տեղեկացրեց Սեւադա Սարգսյանը:
Հարցին, թե ցուցահանդեսի արդյունքում կլինի՞ արդյոք նվիրատվություն Սեւանի խնդիրների գոնե փոքր մասը լուծելու համար, կազմակերպիչը պատասխանեց. «Ցուցահանդեսին հրավիրել ենք արվեստի դպրոցների նկարիչների, մարզպետին, ունենք մշակույթի եւ բնապահպանության նախարարությունների աջակցությունը: Կան նկարիչներ, որոնք պատրաստ են կտավների վաճառքից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերել Սեւանի որեւէ խնդիր լուծելու համար»:


Մենք նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք ցուցահանդեսին մասնակցում են միայն Նկարիչների միության անդամները, եւ արդյոք առկա է տարիքային սահմանափակում. «Քանի որ բնապահպանական խնդիրները բոլորինս են, ամեն նկարչի էլ տրվել է ցուցահանդեսին մասնակցելու հնարավորություն: Տարիքային սահմանափակում էլ չկա. 18-ից 96 տարեկան նկարիչներ ցուցադրվելու շանս են ստացել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս