Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է արդյոք բողոքարկել ԴԱՀԿ-ի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ անունով ակտ եմ ստացել, սակայն չեմ իմացել, արդյունքում գործը հայտնվել է ԴԱՀԿ-ում: Նշեմ, որ ակտի մեջ եղած արձանագրությունը կազմվել է հեղափոխության օրերին: Հիմա չեմ կարողանում աշխատավարձ ստանալ: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարող եմ անել: Կարո՞ղ եմ բողոքարկել. խնդրում եմ որեւէ տարբերակ առաջարկել:

Գոռ Մանուկյան (35 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մանուկյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանապետության օրենքի 88-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտով սահմանված դրամական պահանջը ներկայացվում է հարկադիր կատարման միայն վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, այսինքն` նույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներն անցնելուց հետո: Հետեւաբար, եթե վարչական ակտն արդեն իսկ ներկայացվել է հարկադիր կատարման, ուրեմն այն բողոքարկել հնարավոր չէ:
Ինչ վերաբերում է հարցի կարգավորման ինչ-որ տարբերակ առաջարկելուն, ապա վարչական ակտը հարկադիր կատարման ծառայություն ուղարկելուց հետո վարչական ակտով սահմանված տուգանքի գանձման հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ կատարվում հարկադիր կատարման ծառայության կողմից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ցավալի է, բայց հասարակության մեջ նման կարգավիճակում հայտնված քաղաքացիների թիվն օր օրի ավելանում է: Մնում է ներկայանալ ՀՀ արդարադատության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն եւ խնդրի լուծման որեւէ տարբերակ գտնել:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս