ՀԱՐՑ. Ես դիմել եմ մեր տարածքային սոցիալական բաժին, որպեսզի լինեմ իմ 1-ին կարգի հաշմանդամ տղայի խնամակալը, սակայն ինձ տեղեկացրին, որ չեմ կարող: Ուզում եմ իմանալ` ինչու: Մինչեւ նրա 18 տարեկան դառնալը հայրն է եղել խնամակալը, հետո կտրեցին խնամակալությունից: Նորից դիմել եմ, սակայն մերժում են: Ինչո՞ւ:
Սվետլաննա Չախմախչյան (ք. Սպիտակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության եւ հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի (թաղապետարանի) խնամակալության եւ հոգաբարձության մարմինը մեկ ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ նշված մարմնին հայտնի է դարձել քաղաքացու նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտությունը:
Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` խնամակալություն սահմանվում է 14 տարին չլրացած անչափահասների, ինչպես նաեւ հոգեկան խանգարման հետեւանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ: Հետեւաբար, հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ խնամակալ նշանակվել չի կարող, եթե նա դատարանի կողմից անգործունակ չի ճանաչվել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամակալը կամ հոգաբարձուն նշանակվում է իր համաձայնությամբ: Ընդ որում, պետք է հաշվի առնվեն նրա բարոյական եւ անձնական այլ հատկանիշները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններ կատարելու ունակությունը, նրա ու խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի միջեւ եղած հարաբերությունները, իսկ հնարավորության դեպքում` նաեւ խնամարկյալի ցանկությունը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: