Խորհրդարան անցնելու դեպքում մենք աջակցելու ենք «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին. Լուսինե Հարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ազգային առաջընթաց» կուսակցության պատգամավորի թեկնածու Լուսինե Հարոյանի հետ:

-Տիկի՛ն Հարոյան, Ձեր կուսակցությունը կհայտնվի՞ Աժ-ում:

-Մենք չենք շարժվում ստերիոտիպերով: Մենք չենք ընկնում 2-րդ, 3-րդ տեղի հետեւից: Մենք ուզում ենք ճանաչելի դառնալ ժողովրդի համար, լսելի լինել ժողովրդին: Մենք իսկապես շատ լավ ծրագիր ունենք եւ ուզում ենք ներկայացնել ժողովրդին:

– Այսինքն՝ ընդամենը ձեր ծրագիրն եք փորձո՞ւմ ներկայացնել:

– Եթե մենք հասցնենք մեր ծրագիրը ներկայացնել, վստահ ենք, որ կանցնենք: Մենք ունենք շատ լավ շանսեր: Եթե մենք ունենայինք մոտ մեկ ամիս ժամանակ, այս հարցին կպատասխանեի, որ մեր շանսերը շատ ավելի մեծ են: Անգամ չանցնելու դեպքում մեր գործունեությունը չենք դադարեցնելու եւ պատրաստվելու ենք հաջորդ խորհրդարանական ընտրություններին:

-Ձեզ տեսնո՞ւմ եք վարչապետի պաշտոնում:

-Պարտադիր չէ, որ քաղաքական ուժի առաջին համարը լինի վարչապետ: Մենք այլ կերպ ենք մտածում: Խորհրդարան անցնելու դեպքում պարտադիր չէ, որ մենք վարչապետի թեկնածու առաջադրենք: Մենք կարող ենք աջակցել ուրիշ կուսակցության թեկնածուին: Այս պարագայում խորհրդարան անցնելու դեպքում մենք աջակցելու ենք «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին: Ես ունեմ բավականաչափ գրագիտություն եւ փորձ, բայց մարդը պետք է անընդհատ սովորի եւ կատարելագործվի: Չկա մի բան, որը մարդը ունակ չլինի հաղթահարել: Հարցը մի քիչ ստերիոտիպային է, եւ մենք այն քաղաքական ուժն ենք, որ շատ հարցերի յուրովի մոտեցումներ ենք ցուցաբերում: Վստահ ենք` դա մեծապես կօգնի նոր լուծումների ուղիներ ցույց տալ եւ օգնել մարդկանց ճիշտ կողմնորոշվել:

Լուսինե Մինասյան




Լրահոս