Զորամասի հրամանատարներին ներքին հրահանգ է իջեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի է ահագնանում վտանգը այն առնչությամբ, որ հնարավոր է` պետական մարմինները խառնվեն խորհրդարանական ընտրություններին եւ փորձեն ներազդել ընտրողների կամքի վրա: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարությունում այս օրերին կոնկրետ հրահանգներ են իջեցվել, որպեսզի հրամանատարները, նրանց տեղակալները ընտրություններին ընտրատեղամաս ներկայանան քաղաքացիական հագուստով եւ զերծ մնան քաղաքական գործընթացներից:

Ինչպես հայտնի է, նախկին բոլոր ընտրությունների ժամանակ զինծառայողները ուղղորդված քվեարկել են իշխանական ուժի օգտնին, եւ այդ վատ ավանդույթը փոխելու, նման երեւույթները կանխելու համար այժմ կոնկրետ քայլեր են իրականացվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղիղ հրահանգով: Զորամասի հրամանատարներին իջեցված ներքին հրահանգից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, զորամասի հրամանատարներին եւ տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը կոնկրետ հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը ընտրությունների օրը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն: Ավելին, լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու չշփվեն որեւէ մեկի հետ, որը կապ ունի Զինված ուժերի հետ եւ հնարավոր է` լինի տեղամասում կամ դրա շրջակայքում:

Այս հրահանգը տալով` ՊՆ ղեկավար կազմը հրամանատարներին բացատրել է, որ սրա նպատակը մեկն է՝ որպեսզի զինվորները չտեսնեն իրենց ղեկավարներին եւ ավելորդ անգամ չկաշկանդվեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այսքանով հատուկ հրահանգների շարքը չի ավարտվում: Ինչպես հայտնի է, Գորիսում նոյեմբերի 7-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ: Մասնավորապես, զորավարժությունից վերադառնալիս Կամազ մեքենան վթարի ենթարկվեց, որի հետեւանքով ունեցանք 4 զոհ: Այդ օրերին ՊՆ ղեկավար կազմը զորամասի հրամանատարներին հրահանգ է իջեցրել, ասել` հաշվի առնելով ողբերգական վթարը` պետք է առավել զգույշ լինեն, մասնավորապես, եթե դեկտեմբերի 9-ի ընտրությունների օրը եղանակային պայմանները լավ չլինեն, կամ ճանապարհների հետ կապված խնդիրներ լինեն, ապա թույլ չտան որեւէ մեքենա զորամասերից դուրս գա: Եթե այս հրահանգը անտեսվի, ապա հետագա դեպքերի համար պատասխանատվությունը կկրի զորամասի հրամանատարական կազմը:

Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս նոյեմբերի 20-ին գրել էր, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այցելել է ԶՈՒ մի շարք կորպուսներ եւ աշխատակիցներին հրահանգներ է տվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով՝ Բալայանը հրահանգել է, որ արգելված է զորամասերում որեւէ քարոզչություն իրականացնելը, ու եթե որեւէ զինվոր կամ ՊՆ աշխատակից որեւէ թեկնածուի նկատմամբ նախապատվություն ունի, ապա այդ քարոզչությունը կարող է իրականացնել միայն իր ընտանիքի շրջանում եւ, ամենակարեւորը, այդ գործընթացը պետք է իրականացնել քաղաքացիական հագուստով:

Մեզ հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր տեղեկությունը` նշելով. «Ինչպես հայտարարեց պաշտպանության նախարարը, ՀՀ վարչապետի հանձնարարականով` բանակում որեւէ քարոզչություն արգելված է, համազգեստով անձի քարոզչությունը որեւէ տեղում արգելված է, բանակի ներքաշումը քարոզչությանը խստիվ արգելված է: Այո, փոխնախարարը զորքերի հետ հանդիպել է տարբեր տեղերում եւ ոչ միայն դրա համար է հանդիպել, այլ նաեւ ուրիշ հարցերով, բայց նաեւ այդ թեմայով, ինչը նորմալ է»:

Ավելին` այս հրահանգից հետո զորամասի զինվորներին ասել են` եթե կա որեւէ մեկը, որին չի հետաքրքրում ընտրությունները, կարող է չներկայանալ ընտրության. որեւէ մեկը չի կարող եւ իրավունք չունի նրան ստիպել գնալ այդ քայլին:

Քնար Մանուկյան




Լրահոս