Որքան են Երևանում բնակարանների գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին մի քանի ամիսներին անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել: Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ:

Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչեւ Ամանոր դրանք ավելի են բարձրանալու: Պատճառը վերջին շրջանում անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի աճն է: Անշարժ գույքի գործակալների խոսքերով` Հայաստանում բնակարաններ ձեռք բերելով հետաքրքրված են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով` այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Միայն Էրեբունի վարչական շրջանում է բնակարանի մեկ քմ-ն հոկտեմբերին պահպանել սեպտեմբեր ամսվա գնի մակարդակը. Էրեբունիում ե՛ւ սեպտեմբերին, ե՛ւ հոկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն կազմել է 260 հազար 800 դրամ:

Իսկ ահա կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերին բնակարանի մեկ քմ գերազանցում է շուրջ 1100 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` կենտրոնում բնակարանի մեկ քմ հոկտեմբերին վաճառվել է 560 հազար 600 դրամ, մինչդեռ սեպտեմբերին այն կազմել է 552 հազար դրամով: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում 8600 դրամով թանկացել է: Համաձայնեք, որ բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2300 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 2800 դրամով: Նույնքան բնակարանը թանկացել է Շենգավիթ վարչական շրջանում: Աջափնյակ վարչական շրջանում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակարանի մեկ քմ-ի գինը զգալի բարձրացել է (4050 դրամով): Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում հոկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 295 հազար դրամով, Ավանում` 261 հազար դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 244 հազար 200 դրամով, Նոր-Նորքում` 246 հազար 700 դրամով:

Ի դեպ, նշենք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում եւս բնակարանների գները բարձրացել են (3300 դրամով): Բայց զբոսաշրջային քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանների մեկ քմ-ն հոկտեմբերին կազմել է 285 հազար դրամ: Այն Ծաղկաձորում ավելի թանկ է, քան Երեւանի մի շարք վարչական շրջաններում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաեւ, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին թանկանում են: Բայց այս երեւույթը նկատելի է Երեւանի ոչ բոլոր թաղամասերում: Օրինակ` Կասկադի մոտակայքում մինչեւ 20 տոկոսով թանկացել են հողատարածքները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս