Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա, և պետք է ամեն-ինչ պետք է անել, որ դրանք շարունակեն այդպես մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կապանում քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:
«Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները: Եվ ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ և Հայաստանի, և Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները ու կապահովեն Հայաստանի-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը: Եվ դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար:
Մենք գիտենք, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը բավականին լարված է և համոզված ենք, որ ցանկացած միջազգային խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ու առանց հարկադրանքի: Հույս ունենք, որ իրադարձությունները կընթանան հենց այդ ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ մինչ այդ միջոցներ են ձեռնարկվում, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգացնելու համար:
«Առաջիկայում Եվրամիության ֆինանսավորմամբ վերակառուցվելու է Իրանի հետ սահմանային մաքսակետը, և մենք ունենալու ենք ժամանակակից մաքսատուն և հսկիչ սահմանային կետ»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև անդրադարձավ իրանցի և հայ վարորդների որոշակի դժգոհություններին՝ կապված իրենց գործունեության պայմանների հետ:
«Գիտեմ նաև, որ իրանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն՝ կապված Հայաստանում իրենց գործունեության պայմանների հետ, իսկ հայաստանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն Իրանում իրանց աշխատանքի պայմանների հետ: Բայց համոզված եմ, որ մեր երկրների կառավարությունները բարեկամության և եղբայրության մթնոլորտում այս բոլոր հարցերը կքննարկեն և կետ առ կետ այդ հարցերը կստանան լուծումներ»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանը հայտնեց, որ մինչ այդ բարեհաջող շարունակվում են Իրանի և Հայաստանի միջև միջկառավարական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես` էներգետիկ ոլորտում: Նա հույս հայտնեց, որ ինչպես էներգետիկ, այնպես էլ մյուս ոլորտներում երկու երկրների առևտրաշրջանառությունը կավելանա, ինչպես նաև տնտեսական նոր կապեր կհաստատվեն, ներդրումներ կլինեն:
« Հայաստանի Հանրապետությունը բաց է նաև իրանյան ներդրումների համար, և մենք հույս ունենք, որ նորանոր ներդրումներ կլինեն Հայաստանում՝ այդ թվում Իրանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից»,- եզրափակեց Փաշինյանը: