ՀԱՐՑ. Հայրս եւ մայրս ավանդներ են ունեցել իրենց անուններով: Խնդրում եմ ասեք` ես` որպես նրանց ժառանգ, կարող եմ ստանալ իրենց ավանդի գոնե մի մասը: Մայրս 1 ամիս շուտ մահացավ: Գյուղապետարանից տեղեկացնում են, որ գումարը եկել է, որ տրամադրեն, սակայն քանի որ մահացած է, չեն տրամադրում: Խնդրում եմ ասեք` ես կարո՞ղ եմ ստանալ իրենց ավանդը:
Վրեժ Հասրաթյան, Նոյեմբերյանի շրջան, Բարեկամավան գյուղ
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի թիվ 352-Ն որոշմամբ հաստատված 1-ին կարգի կետի (այսուհետ` Կարգ)` ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք են ունեցել 2005թ. հուլիսի 1-ից սկսած մինչեւ նպաստառու ընտանիքների ցուցակների ճշտման օրը` 2006թ. ապրիլի 1-ը ընկած անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված այն ավանդատուները, որոնք նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներառյալ: Նունուֆար Հասրաթյանի ընտանիքը 2005թ. հուլիսի 1-ից սկսած 2006թ. ապրիլի 1-ն անընդմեջ ստացել է ընտանեկան նպաստ:
Որպես դրամական ավանդների դիմաց ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձ` 2006թ. մայիսին Նունուֆար Հասրաթյանը հաշվառվել է ավանդների փոխհատուցման ծրագրում, սակայն 2007թ. ապրիլի 17-ին մահացել է` չստանալով փոխհատուցման գումարը:
Կարգի 20-րդ կետի համաձայն` ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել դրավի առարկա: Իսկ 22-րդ կետով սահմանված է, որ ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարվմամբ, կամ ավանդատուի մահով:
Ելնելով վերոգրյալից` Ն. Հասրաթյանի կողմից ներդրված դրամական ավանդների դիմաց տրամադրվող փոխհատուցումը Վրեժ Հասրաթյանին վճարել հնարավոր չէ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ.հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կրել(ում) է հասցեական բնույթ եւ նպատակաուղղվել է առաջին հերթին հանրապետության բնակչության սոցիալապես առավել անապահով խմբերին դասված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: