Հայաստանը ոչ մեկին խնդրանքով ու առաջարկությամբ չի դիմել. Փաշինյանը` ռուսական կողմի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսեսուսով: Այս մասին Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնող «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նշեց լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանը ոչ մեկին խնդրանքով ու առաջարկությամբ չի դիմել, մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի հարցի շուրջ: Ես բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է:

Գլխավոր քարտուղարի կարգավիճակը առանցքային չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանդիպելու դեպքում անպայման քննարկվելու են առաջացած հարցերը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։




Լրահոս