Եթե Արմեն Ամիրյանը մեր ֆիլմին հասցրել է 6 ու կես միլիոն դրամի վնաս, ապա Լիլիթ Մակունցը՝ 60 միլիոն դրամի. Հովհաննես Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018-ին ավարտվում է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։

2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի հետեւանքով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին կինոկենտրոնը ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից 3 տարի առաջ ստանձնած ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ Ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային կինոկենտրոնի։

Մինչեւ 2018-ի ավարտը կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների եւ կրած վնասների փոխհատուցում։

«Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի համառեժիսոր եւ համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ է սկսել եւ պահանջում է կինոնախագծի հանդեպ Ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ, կինոնախագծից 2017-ին վերցրած գումարի վերադարձ, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» հայտերի հանդեպ ապօրինի որոշման չեղարկում։

Նրա խոսքով՝ հացադուլը Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երեւույթները հրապարակայնացնելու եւ կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլն է: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Հովհաննես Գալստյանի հետ:

-Պարո՛ն Գալստյան, Դուք առաջին ռեժիսորը չեք, որը իր խնդրի մասին բազմիցս բարձրաձայնելուց հետո դիմել է ծայրահեղ քայլի՝ հացադուլի: Ամիսներ առաջ ռեժիսոր Արամ Շահբազյանը եւս նման քայլ արեց, եւ արդեն հայտնի է, որ «Չնչիկ» ֆիլմի համար պահանջվող 16 ու կես միլիոնը հատկացվել է: Գուցե նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով՝ հույս ունեք, որ Ձեր պահանջը եւս կբավարարվի:

-Անչափ ուրախ եմ, որ Արամի ֆիլմի հարցը լուծվել է: Ինչ վերաբերում է մեր ֆիլմին, մենք դատարան ենք դիմել, եւ չի կարող խնդիրը չլուծվել, պարզապես ես ուզում եմ, որ հնարավորինս շուտ լինի դա, որպեսզի միջազգային ներդրողների չկորցնենք:

-Հացադուլից հետո պետական պաշտոնյաներից, մշակույթի նախարարությունից որեւէ մեկն արձագանքե՞լ է Ձեզ, խոսե՞լ է Ձեզ հետ:

-Ո՛չ, ոչ ոք չի արձագանքել, ի՞նչ ասեն, ինչ էլ ասեն՝ իրենց դեմ է օգտագործվելու: Անկեղծ ասած՝ պաշտոնյաներից որեւէ մեկի հետ խոսելու ցանկություն չունեմ, որովհետեւ ոչ ոք ադեկվատ չէ, կինոյի ոլորտից ոչինչ չեն հասկանում: Ես չէի ուզենա, որ միջազգային ատյանները դատեին Հայաստանին. դա վնասելու է ե՛ւ ֆիլմին, ե՛ւ, որ ավելի վատ է, Հայաստանի Հանրապետությանը: Կինոկենտրոնին բազմիցս զգուշացրել եմ, որ 2018-ին իրենց ստանձնած պարտավորությունները կատարեն, բայց այդ մարդիկ այնքան անտեղյակ են, որ չեն հասկանում՝ ինչ է նշանակում միջազգային համատեղ ֆիլմարտադրություն: Չեն հասկանում, որ Հայաստանը տույժերի տակ է ընկնելու, վճարելու է ներդրումների սառեցման եւ կանխատեսվող շահույթի համար:

Իմ նպատակն է խնդրի հրապարակայնացումը: Ի դեպ, ես աշխատել եմ բացառապես համատեղ ֆիլմարտադրության դաշտում, մշտապես համագործակցել եմ միջազգային գործընկերների հետ ու գիտեմ, թե որքան դժվար է դա. 5-6 տարում ենք գտնում գործընկերների: Հիմա եթե խնդիր լինի, 15 տարի որեւէ ֆիլմարտադրող չի գա Հայաստանի հետ աշխատելու:

Կինոկենտրոնը հույս ուներ, որ Բուլղարիայի եւ Գերմանիայի իմ գործընկերները հետ կկանգնեին նախագծից, ես կմնայի մենակ եւ կդադարեի իրենց դեմ պայքարել: Բայց այդպես չի լինելու: Հայաստանում կինոյի զարգացման համար ամենամեծ խոչընդոտը կինոյի պետական կառավարումն է: Արդեն 30 տարի է՝ Հայաստանում միջազգային շուկային հարիր ֆիլմ չի նկարահանվում: Խնդիրը ոչ թե ռեժիսորներն են, այլ պետական կառավարումը, որը կատարվում է կեղծիքով, ստվերային, թայֆայական մեթոդներով:

-Այսինքն՝ թավշյա հեղափոխությունից հետո մշակույթի նախարարությունում, կինոկենտրոնում իրավիճակ չի՞ փոխվել:

-Նոր իշխանությունը մշակույթի ոլորտում անհնարին բան է արել՝ կարողացել է լինել ավելի վատը, քան իր նախորդները: Վերջիններս այնքան վատն էին, որ թվում էր՝ ավելի վատը չի կարող լինել, բայց, փաստորեն, եղավ:

Եթե Արմեն Ամիրյանը մեր ֆիլմին հասցրել է 6 ու կես միլիոն դրամի վնաս, ապա Լիլիթ Մակունցը՝ 60 միլիոն դրամի վնաս: Նրանք պետական հանցագործներ են. կասեցրել են մի ֆիլմի ֆինանսավորում, որում ներառված են եղել պետական միջոցներ: Ես թույլ չեմ տա, որ ոչ կոմպետենտ մշակույթի նախարարի, փոխնախարարի, Ազգային կինոկենտրոնի տնօրենի պատճառով որպես պրոդյուսեր 375 հազար եվրոյի չափ ներդրում կորցնեմ: Համբերությանս բաժակը լցվել է:

Հ.Գ. Մշակույթի նախարարության արձագանքը «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի ավելի ուշ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս