Շատերն այսօր փորձում են լղոզել, ինչ-որ բաներ անել, բայց վստահեցնում եմ՝ չի ստացվելու. Խաչատուր Քոքոբելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Մենք» դաշիքնի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանի հետ։

-Պարո՛ն Քոքոբելյան, ընդհանուր քարոզարշավի ընթացքը ինչպե՞ս կգնահատեք։

-Շատ բարձր տրամադրությամբ ենք իրականացնում քարոզչությունը։ Մեր հասարակության մեջ շատ խորը ըմբռնում կա գաղափարների եւ մոտցումների հետ կապված։ Կան շատ հետաքրքիր հարցադրումներ կապված ծրագրային դրույթների հետ։ ՀՀ բոլոր մարզերում եղել եմ, եւ բոլոր տեղերում էլ այդ խանդավառությունն ու վճռականությունը տեսնում եմ, եւ ամենակարեւորը, այն պատրաստակամությունն եմ տեսնում, որ մարդիկ պատրաստ են, որ ինչպես ժողովուրդն է ասում, ձեռքները քշտած` ՀՀ-ն վեր հանեն այս վիճակից։ Դա մեզ ոգեւորում է, դա մեզ պարտավորեցնում է, եւ վստահեցնում եմ Ձեզ՝ ավելի մեծ պատգամ, քան մեր քաղաքացիների պատգամն է, որ մենք ժամանակ չունենք, որ ՀՀ քաղաքացին այլեւս սպասելու ժամանակ չունի, չկա։ Մենք բոլորս` թե՛ պառլամենտում, թե՛ կառավարությունում աշխատողները, ամեն ինչ պետք է անենք, որ շատ արագ ՀՀ-ի այս խեղճացած տնտեսությունը այս վիճակից դուրս գա, եւ մեր երկիրը ունենա շեշտակի զարգացող տնտեսություն։

-Հետեւո՞ւմ եք մյուս ուժերի քարոզարշավներին։ Սեւի եւ սպիտակի բաժանում կա՞։

-Տեսնում եմ, որ որոշ ուժեր փորձում են քարոզչությունը տեղափոխել գաղափարական դաշտից անձնավորված դաշտ, սեւ ու սպիտակի դաշտ։ Շատերը չեն ուզում պատկերացնել, որ հասարակությունը լավ տարբերակում է, թե ով ինչով է զբաղվել եւ ով ինչքանով է իր ասածին հետամուտ լինում։

-Համաձա՞յն եք, որ պայքարը գաղափարական չէ։

-Ես դա բազմիցս շեշտել եմ, եւ պատճառներից մեկն էլ դա է, որ ես ՀՀ ներկայիս իշխանություններին հրավիրել եմ բանավեճի արտաքին քաղաքականության եւ տնտեսության հարցերի հետ կապված։ Ինչո՞ւ հենց իշխանություններին, այլ ոչ թե մյուսներին․մյուսների արտաքին քաղաքական ծրագրերը գրեթե չի տարբերվում այսօրվա իշխանության ծրագրերից, իսկ տնտեսական առումով պատասխանատուն իշխանությունն է։ Այն քաղաքական ուժերը, որոնք չունեն արտաքին քաղաքականության անվտանգության, տնտեսության, Արցախի հիմնախնդրի հետ կապված հստակ մոտեցումներ, ես դա թերացում եմ համարում։

-Այս քարոզարշավի ժամանակ բոլորը ընդունում են, որ «Իմ քայլը» դաշինքը առաջին տեղում է լինելու, իսկ իրենք խոսում են 2-րդ, 3-րդ տեղը լինելու մասին։ Դուք ո՞ր ուժը լինելու ակնկալիքն ունեք։

-«Մենք» դաշինքը միակ քաղաքական ընդդիմադիր ուժն է այսօրվա իշխանության։ Կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են՝ մի քիչ իշխանության հետ ենք, մի քիչ այստեղ ենք։ Հասկանում եմ, որ նախկին իշխանության դիրքավորված շատերի համար կոմֆորտի զոնայում է այսօրվա իշխանությանը ընդդիմություն լինելը, բայց գաղափարական, բովանդակային առումով միակ ուժը, որը ընդդիմադիր է, դա «Մենք» դաշինքն է։ Արտաքին քաղաքականության մասով մեր դաշինքի եւ ներկայիս իշխանությունների մոտեցումները էապես տարբերվում են։ Շատերը այսօր փորձում են լղոզել, ինչ-որ բաներ անել, բայց վստահեցնում եմ՝ չի ստացվելու։

-Դուք միշտ ընդդիմադիր եք եղել, սակայն ինչպես հասկացանք Ձեր հայտարարագրից, բավականին հաջողությունների հասցրել եք հասնել։ Հե՞շտ էր աշխատել նախկին Հայաստանում։

-Շատ դժվար էր։ Նախկին իշխանությունները ձերբակալել են իմ հարազատ եղբորը, անօրինական ձերբակալել են, 1 տարի պահել են բանտախցում եւ պահանջել, որ ես քաղաքականությամբ չզբաղվեմ։ Ես այդ մասին քիչ եմ խոսում, որովհետեւ նեղացած կեցվածք ընդունող մարդ չեմ։ Ես ընդդիմադիր եմ եղել ոչ թե նրա համար, որ դա եղել է քաղաքական կապրիզ, այլ իրոք չեմ կիսել այն մոտեցումները, որոնք ունեցել են նախկին իշխանությունները, համաձայն չեմ եղել այն թալանի հետ, որը եղել է Հայաստանում։ Եղել են շատերը, որոնք իշխանությունների մոտ ընդդիմություն են աշխատել, իսկ ես պայքարել եմ, կորցրել եմ, դրանից չեմ վախեցել եւ դրանից չեմ խուսափել։ Չեմ ուզում հիշեցնել մարտի 1-ը, չեմ ուզում հիշեցնել այն վայրագությունները, որոնք տեղի են ունեցել մեր շրջապատի նկատմամբ։ Մենք մի քանի օր առաջ Բյուրեղավան քաղաքում ոստիկանության մոտ միտինգ էինք անում։ Նախկին իշխանոությունների ժամանակ դրա մասին մտածելը նույնիսկ վտանգավոր էր։

-Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն հանցագործների բանդա է։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։

-Կա մի ակնհայտ իրողություն, որ նախկին իշխանությունների կողմից ՀՀԿ են ներթափանցել շատ-շատ կրիմինալ մարդիկ, տնտեսական հանցագործներ, եւ նրանք են ապահովել այդ կուսակցության ձայնահավաքը, փողաբաժանությունը, եւ ցավում եմ, որ Հանրապետականում լինելով` շատ քաղաքական գործիչներ այդ քաղաքական կամքը չունեցան, որ կարողանան խոչընդոտել նրանց ներթափանցումը իրենց կուսակցություն։ Այդ առումով ՀՀԿ-ն չեմ անվանի հանցագործ կուսակցություն, որովհետեւ հանցագործները մարդիկ են, որոնց ընդամենը պետք է օրենքի առաջ պատասխանատվության կանչել։ Այսօրվա իշխանությունները այդ առումով մի բացթողում են ունեցել․քաղաքական գնահատական չեն տվել նախկին ռեժիմի եւ նախկին իշխանության կատարածներին։ Եթե քաղաքական գնահատական տված լինեին, հավատացած եղե՛ք` նույն Արարատ Միրզոյանը ստիպված չէր լինի նման բան ասել։

Լուսինե Մինասյան




Լրահոս