«Ժողովուրդ» օրաթերթը նախընտրական թոհուբոհի, քաղաքական դաշտի ներկայիս վիճակի, հնարավոր հեռանկարների, մտավորականության եւ քաղաքական գործիչների ֆունկցիաների մասին զրուցել է «Կարին» ավանդական երգի եւ պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ: Նա մտավախություն է հայտնել, որ Հայաստանը կարող է կրկին գնալ միահեծան կառավարման ճանապարհով: Պարոն Գինոսյանն այն համոզման է, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանխորոշել են նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ինչ վերաբերում է մտավորականության դերին, նրա համոզմամբ՝ մտավորականը ճարտարապետ է, որը պետք է նախանշի այն, ինչը կառուցելու է աշղեկը՝ քաղաքական գործիչը:
-Պարո՛ն Գինոսյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք: Ի՞նչ դրական տեղաշարժեր եւ ի՞նչ վտանգներ եք տեսնում նախընտրական քարոզարշավի շրջանում:
-Կարծում եմ՝ գալիք ընտրությունների արդյունքներն ինչ-որ չափով կանխատեսելի են: Ակնհայտ է, որ «Իմ քայլը» ձայների մեծամասնությունն է հավաքելու եւ ակնհայտ առավելությամբ անցնելու է խորհրդարան: Պարզապես ես չէի ցանկանա, որ մենք նորից միահեծան կառավարման համակարգի անցնեինք: Միահեծան իշխանության դեպքում գայթակղությունները մեծ են, իսկ մարդիկ սխալական են: Նախորդ իշխանությունը գոնե ձեւականորեն ապահովում էր այլ ուժերի ներկայությունը խորհրդարանում:
-Բայց հիմա էլ դրա հնարավորությունը կա: Ի՞նչն է խանգարում մյուս ուժերին անցնել խորհրդարան:
-Չեմ ուզենա, որ ասածս վատ իմաստով ընկալվի, բայց ժողովրդական էյֆորիայի ներքո անցկացված Երեւանի ավագանու ընտրություններն արդեն իսկ ցույց են տվել քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն ակնհայտորեն հուշում են, թե ինչ է սպասվում խորհրդարանական ընտրություններին:
-Պարո՛ն Գինոսյան, վստահ ենք, որ քաղաքական տարբեր ուժերի կողմից առաջադրվելու առաջարկներ ստանում եք: Ի վերջո, Ձեզ երբեւէ կտեսնե՞նք նախընտրական ցուցակներում:
-Ո՛չ, ես սկզբունքորեն ոչ մի անգամ չեմ առաջադրվելու, ոչ մի քաղաքական ուժի չեմ անդամակցելու, ոչ մի կուսակցություն չեմ մտնելու, չնայած որ, այո, պարբերաբար ստանում եմ որպես պատգամավոր առաջադրվելու առաջարկներ: Իմ հիմնադրած եւ իմ կողմից ղեկավարվող «Կարին» խումբն էլ որեւէ նախընտրական քարոզարշավի սկզբունքորեն չի մասնակցել:
-Ինչու՞, արվեստի մարդը չի՞ կարող քաղաքական դիրքորոշում ունենալ:
-Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց, կարծում եմ, կոպտագույն սխալ է, եթե արվեստագետը թույլ է տալիս՝ իրեն օգտագործեն քաղաքական քարոզի համար: Կոպտագույն սխալ է մշակույթը խառնել քաղաքականությանը, մշակույթի գործիչներին զատել տարբեր բանակների: Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե Կոմիտասը հորդորեր, թե որ կաթողիկոսին ժողովուրդն ընտրեր: Այդպիսով նա ինքն իրեն կոչնչացներ: Մշակույթի գործիչն ամեն ինչ պետք է անի, որպեսզի զերծ մնա քաղաքական հոսանքներից: Նրա անելիքները վերքաղաքական են, վորկուսակցական: Քաղաքական գործիչներն ընդամենը աշղեկներ են. հասարակության ճարտարապետը մտավորականությունն է: Վերջինս պետք է նախանշի այն, ինչ պետք է կառուցեն աշղեկները:
-Չե՞ք կարծում, որ նսեմացնում եք քաղաքական գործիչների դերը:
-Ամենեւին, նման նպատակ չունեմ: Նժդեհն ասել է՝ մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը: Երբ մտավորականն իր տեղում է, մի բան է նախագծում, աշղեկը չի կարող այլ բան անել: Բայց մենք կարծես հերթական անգամ մտնում ենք մի փուլ, երբ մշակույթի գործիչը աշղեկի ձեռքին աշղեկի է վերածվում, փոխանակ ճարտարապետի իր գործը լավագույնս կատարի:
-Եվ վերջին հարցը. ընտրությունների գնալու՞ եք:
-Իհարկե, անպայման գնալու եմ եւ կատարելու եմ քաղաքացիական պարտքս:
Աննա Բաբաջանյան