ՀԱՐՑ. Իմ թոշակը կազմում է 16000 դրամ, 3-րդ կարգի հաշմանդամ եմ: Ուզում եմ իմանալ` ամուսնուս թոշակից որոշ մաս կարո՞ղ եմ ստանալ: Նրա թոշակի գումարը կազմում էր 25.000 դրամ, ուներ 2-րդ կարգի հաշմանդամություն, մահացել է: Նշեմ, որ ես չեմ աշխատում:
Պետրոսյան Նունե (ք․ Երեւան, Նուբարաշեն փողոց)
ՊԱՏԱՍԽԱՆ․«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ամուսնուն, եթե չի աշխատում: Ելնելով վերոգրյալից` եթե Նունե Պետրոսյանն իր ամուսնու մահվան օրվա դրությամբ հանդիսացել է հաշմանդամություն ունեցող անձ կամ լրացած է եղել նրա 63 տարին, ապա կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու հարցով կարող է դիմել կենսաթոշակ նշանակող ցանկացած տարածքային բաժին։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: