Թող գլուխները խփեն պատին, բացահայտեն, թե չէ դառնում են ծաղրի առարկա. Գուրգեն Եղիազարյանը` գաղտնալսման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է իր եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:

«Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, եւ իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում»,-մասնավորապես ասել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսել է ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարո՛ն Եղիազարյան, ստացվում է, որ որեւէ պաշտոնյա ապահովագրված չէ՞ սրանից:

-Ոչ: Ամեն ինչ կապված է ծախսերի հետ: Խնդիրը ոչ այնքան այս լուծումների մեջ է, որից այսօրվա իշխանությունը փորձում է ամեն կերպ ձերբազատվել, այլ խնդիրը լրիվ այլ հարթության վրա է: Մենք փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում մի երկրի հետ, երկրորդն էլ կանգնած է թիկունքին: Մեզ ապահով կապ է հարկավոր: Իսկ այն, որ ասում են, թե իմացան` ով է հրահանգավորում իրավապահներին եւ այլն, դա պարզից էլ պարզ է: Պետք էր բացահայտել: Չբացահայտեցին, եղավ երկրորդ ձայնագրությունը, հետո կլինի երրորդը, չորրորդը եւ այդպես շարունակ:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ սա մարտահրավեր է մեր պետականությանը:

-Ոչ, նման բան չենք կարող ասել: Սա մարտահրավեր է թափթփվածությանը:

-Ի՞նչ լուծում եք տեսնում:

-Պետք է բացահայտվի: Մնացածների համար դաս կլինի: Քանի դեռ չի բացահայտվել, մարդիկ ծաղրում են ու հաճույք ստանում:

-Կարծում եք` լուրջ քայլեր չե՞ն իրականացվում բացահայտելու համար:

-Սերժ Սարգսյանը անվտանգությունը վերածել էր քաղաքական ոստիկանության: Նրանք չեն զբաղվել իրենց գործով: 10 տարի շարունակ ծառայել են Սերժին. Էդ տղաները մեղք չունեն: Նրանց պատվեր է իջեցրել, որ մեզնով զբաղվեն: Հիմա էլ նույն բանն է կատարվում: Ավելի քան համոզված եմ, որ հիմա իմ հեռախոսը լսվում է: 10 տարի Սերժի ժամանակ է լսվել, 5 ամիս էլ Նիկոլի ժամանակ է լսվում: Իրենց գործով զբաղվելու փոխարեն հիմարաբար այդ միջոցները այլ տեղ են ծախսում: Եթե հաշվենք, թե վերջին 10 տարում որքան գումար է ծախսվել ինձ հետեւելու, հեռախոսներս լսելու համար, հսկայական գումար կլինի: Եվ դա ինձ պես մինիմում մի 30-40 հոգու: Սա ուղիղ արհամարհանք է անվտանգությանը: Թող գլուխները խփեն պատին, բացահայտեն, թե չէ դառնում են ծաղրի առարկա:

Լուսինե Մինասյան




Լրահոս