1988 թ. դեկտեմբերին դաժան ողբերգության բոթը թակեց համայն հայության դուռը: Դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին Հայաստանի հյուսիսային մասում գրանցվեց ուժգին երկրաշարժ:
Բնական արհավիրքի հետևանքով հիմնահատակ ավերվեց երկրաշարժի էպիկետրոնում գտնվող Սպիտակ քաղաքը: Զգալի վնասվեցին Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Աղետի հետևանքով զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձան, շուրջ կես միլիոնը մնաց անօթևան:
Աղետի առաջին իսկ օրվանից հայ ժողովրդին աջակցության ձեռք մեկնեցին աշխարհի 113 երկրներ: Հումանիտար մղմանը չխանգարեց անգամ դեռևս շարունակվող Սառը պատերազմը: Վերոնշյալ երկրներից աղետի գոտի շարժվեցին որոնողափրկարարական խմբեր, ինչպես նաև՝ հատկացվեց տարաբնույթ հումանիտար օգնություն:
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ մեծ արհավիրքը վերապրած Սպիտակ և Գյումրի քաղաքների բնակիչները շնորհակալական նամակներ հղեցին հայ ժողովրդին աջակցության ձեռք մեկնած բոլոր 113 երկրներին: Նամակները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ փոխանցվեցին այդ երկրների դեսպանատներ: Կազմակերպչական աջակցություն ցուցաբերել է Գյումրի և Սպիտակի համայնքների համայնքապետարանները՝ համապատասխան տեղեկատվություն տրամադրելով քաղաքացիների մասին: