ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԲԱԺԻՆ ԿՀԱՍՆԻ 11 ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են վարկանիշային ընտրակարգով, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր ուժի համար առանձին քվեաթերթիկ է լինելու:

Քվեարկության կարգն ու ձեւը միշտ շփոթմունքի պատճառ է հանդիսացել եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիները եւ հատկապես մեծահասակները դժվարությամբ էին կողմնորոշվում, թե ինչպես պետք է քվեարկել:
Նախ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին եւ կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից: Ընտրողը պետք է մոտենա մասնագետին, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթը, որից հետո մասնագետը ստուգելու է այն եւ անցկացնի տեխնիկական սարքավորման միջոցով: Եթե ամեն ինչ նորմալ է, ապա էկրանին հայտնվելու է տվյալ ընտրողի լուսանկարը, ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը եւ կանաչ նշան: Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան, իսկ եթե ընտրողն իր անձը հաստատող որեւէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան:
Երբ էկրանին հայտնվում է կանաչ նշան, ապա ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Դա ներմուծելու անհնարինության դեպքում մատնահետքի ներմուծման քայլը բաց է թողնվում: Դրանից հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը, իսկ թվային շտեմարանում առկա լինելու դեպքում` նաեւ ընտրողի լուսանկարը պարունակող քվեարկության կտրոն:
Մասնագետը պետք է տպված քվեարկության կտրոնը ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձնի ընտրողին, որից հետո ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի համապատասխան անդամին: Քվեարկության կտրոնը ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին եւ ներկայացնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ եւ քվեարկության մեկ ծրար, այսինքն` այս դեպքում 11 ծրար, եւ ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց: Եվ դրանից հետո ընտրողն անցնում է քվեարկության խցիկ քվեարկելու:
Ընտրողն ուժերից որեւէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Ապա երկրորդ էջում միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմաց, որին կողմ է քվեարկում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ: Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամին եւ նրան է հանձնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը եւ ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու քվեատուփի մեջ:
Հավելենք, որ քվեաթերթիկի առաջին էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները: Քվեաթերթիկի երկրորդ էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության համապատասխան տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները ազգանունների այբբենական հերթականությամբ:
Հետաքրքիր գործընթաց է ներկայացնում մանդատների բաշխումը, որը կախված է ընտրությունների արդյունքներից: Նախ մանդատները բաշխվում են այն ուժերի միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս ուժ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները:
Մինչեւ 101 մանդատ մնացած մանդատները տրվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Ինչպես հայտնի է, խորհրդարանի 3/5-րդը պետք է լինի ընդդիմություն, եւ այժմ շատ է քննարկվում, որ «Իմ քայլը» դաշինքի` բացարձակ առավելություն ունենալու պարագայում ընդդիմության թվաքանակը փոքր է լինելու: Սակայն իրականում այդպես չէ եւ հստակ ամրագրված է 3/5-րդի փաստը, իսկ դա նշանակում է, որ եթե օրինակ «Իմ քայլը» դաշինքը ստանա 70 տոկոս, եւ շեմն էլ երեք ուժ չհաղթահարի, ապա լրացուցիչ մանդատներ են բաշխվելու, եւ պատգամավորների թիվն էլ այնքան է ավելանալու, մինչեւ ընդհանուր թվի 3/5-րդը լինի ընդդիմություն: Ստացվում է` միգուցե խորհրդարանում չորս ուժ ներկայացված չլինի, սակայն չի բացառվում, որ անգամ երեքի դեպքում պատգամավորների թիվն ավելին լինի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԻՄԱ ԷԼ ԲՀԿ-ՈՒՄ
Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուների թվում է Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանը: Նա 2013-2017 թվականներին ղեկավարել է սահմանամերձ, 4500 բնակիչ ունեցող Աչաջուրը: 2017թ. նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում նա չի ընտրվել: Կ. Ղալթախչյանը նախկինում եղել է ՀՀԿ անդամ, ղեկավարել է այդ կուսակցության Աչաջուրի կազմակերպությունը: Նա իր չվերընտրվելուց հետո մեկնել էր Մոսկվա, ուր գործարարությամբ էր զբաղվում: Իսկ հիմա, փաստորեն, վերադարձել է ու ԲՀԿ ցուցակով է առաջադրվել:

 

 

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ` ՎԱՏԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ
Այս տարվա սեպտեմբերի սկզբին քանդվեց Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցին հարակից տարածքում գտնվող Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի փայտե պատշգամբը: Դրա քանդվելու պատճառների մասին դիլիջանցիների շրջանում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որոնցից մեկն այն է, որ գեղեցիկ այդ պատշգամբը քանդվել է բեռնատար մեծ ավտոմեքենայի հարվածի հետեւանքով: Դեպքից մոտ երկուսուկես ամիս է անցել, շենքի վիճակը վատթար է: Դիլիջան քաղաքից դեպի Վանաձոր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրին հառնող այդ թանգարանի փայտե մուտք-տախտակամածը կիսաքանդ է, դրա տակ խոր փոս է: Որպեսզի անցորդները պատահաբար այդ փոսը չընկնեն, փողոցի երկանքով երկար ժապավեն են կապել: Դիլիջանցիները ցավ են ապրում, որ քաղաքի հին դիմագիծը կազմող շենքերից մեկը քանդվում է: Դիլիջանի քաղաքապետարանից հայտնեցին, որ շենքը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռում: Թանգարանի շենքը դիլիջանցիների համար կարեւոր է նաեւ այն առումով, որ այն եղել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի սեփական տունը, որը խորհրդային տարիներին Շարամբեյանը նվիրել է քաղաքին, դարձրել թանգարան: Հ. Շարամբեյանի անվամբ են կոչվում Երեւանում ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը եւ իր վերակառուցած Դիլիջանյան հին փողոցը: Համացանցում դիլիջանցիները քննարկում են թանգարանի շենքի ճակատագրի հարցը, հայտնում, որ Հովհաննես Շարամբեյանի որդին պատրաստ է իր միջոցներով վերանորոգել շենքը: Համացանցի օգտատերերը նշել են, որ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարար դառնալուց հետո առնվազն երկու անգամ Դիլիջան է այցելել, սակայն թանգարանի քանդվող շենքով չի հետաքրքրվել:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՈՐԱԿՅԱԼ ՋՈՒՐ ԿԱ, ՍԱԿԱՅՆ ԱՆՈՐԱԿ ՋՈՒՐ ԵՆ ԽՄՈՒՄ

2016թ. «Հայջրմուղկոյուղ»-ին եւ ԻՖԱԴ-ը Բագրատաշենում խմելու ջրի ցանց են կառուցել: Ստեփանավանի սարերից ձգվող խմելու ջրատարն արդեն երրորդ տարին է` Բագրատաշեն է մտնում, սակայն բնակիչները զրկված են Ստեփանավանի որակյալ ջրից, շարունակում են խմել Դեբեդ գետի ափին գտնվող անորակ ջրից:

2800 բնակիչ ունեցող Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հայտնեց, որ ստեղծված իրավիճակի պատճառը բնակիչների տներում ջրաչափերի բացակայությունն է: Բագրատաշենի բնակիչները բնակավայրի հիմնելու ժամանակից`1936թ.-ից մինչ օրս խորքային հորից մղված անորակ ջուրն են խմում: Գյուղի խմելու ջրի պոմպակայանը գտնվում է Դեբեդ գետից 3 մ հեռավորությամբ: Խորհրդային տարիներին Բագրատաշենի խմելու ջրի պոմպակայանը գտնվել է գետից 25 մ հեռու: Դեբեդի մեջ մեծ է Լոռու հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտանետած ծանր մետաղների` պղինձի, կապարի, արճիճի եւ այլնի պարունակությունը, այդ մետաղները մարդու օրգանիզմում կուտակվելու հատկություն ունեն: Բագրատաշենին մատակարարված խմելու ջուրը կոշտ է, այն եռացնելուց հետո թեյնիկի հատակին մեծ քանակի կիր է գոյանում: Գյուղի շատ բնակիչներ այլ բնակավայրերից մեքենաներով խմելու ջուր են ներկրում: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ գյուղին խմելու ջուրը մատարակարում է «Տավուշ» ՋՕԸ-ն, որը նույն պոմպակայանով նաեւ ոռոգման ջուր է մղում: Համայնքը մատակարարված խմելու ջրի դիմաց վճարում է ՋՕԸ-ին: Նա ասաց, որ խորքային հորից մատակարարված ջուրը լաբորատոր հետազոտության են ենթարկել, ջուրը վնասակար նյութեր չի պարունակում, սակայն որակյալ չէ: Խորքային հորի ջուրը բնակչությանը տրվում է 5 օրը մեկ: Մակյանը հայտնեց, որ Բագրատաշենում եւ խմելու ջրի սուր խնդիր ունեցող հարեւան Դեբեդավան գյուղում մեկնարկել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագիրը, որով Բագրատաշենում ջրաչափեր կտեղադրվեն, Բագրատաշենը կօգտվի Ստեփանավանի ջրից, Դեբեդավանում էլ խմելու ջրի ներքին ցանց կկառուցվի: Արդեն կայացել է շինարարության մրցույթը, որի արդյունքում կորոշվի ծրագիրն իրականացնող կազմակերպությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս