Ժամը 18:00-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ:

Ստացված ահազանգերը մեծ մասամբ վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրն ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը:

Բարձրացվել են նաև հարցեր գաղտնի քվեարկության իրավունքի իրացման, ընտրատեղամասում և դրան հարակից տարածքներում կուտակումների, առանց նախապես ծանուցելու ընտրական տեղամասի վայրի փոփոխության, դեսպանատուն կամ այլ հիմնարկ ՀՀ անձնագրի հանձնման պատճառով քվեարկությանը մասնակցելու անհնարինության և այլ խնդիրների հետ կապված:

Բոլոր ահազանգերով տրվել է ամբողջական խորհրդատվություն: Ըստ անհրաժեշտության իրավասու պետական մարմիններից, ներառյալ՝ Տարածքային ընտրական հանձնաժողովներից և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

Թեժ գծի զանգերին զուգահեռ՝ նաև ուսումնասիրվել են լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 750 հրապարակում:

Առանձին ուշադրության կենտրոնում են դիտորդների և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները:

Արձանագրված դեպքերով Պաշտպանի աշխատակազմի և արագ արձագանքման համար մարզեր գործուղված օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրավասու մարմիններից պարզում են դրանց մասով ձեռնարկված միջոցները:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով:

• (043) 512-116՝ Շիրակի մարզ.
• (043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ.
• (043) 513-116՝ Սյունիքի մարզ.
• (043) 506-116՝ Լոռու մարզ.
• (043) 507-116՝ Արագածոտնի մարզ.
• (043) 514-116՝ Տավուշի մարզ:




Լրահոս