Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայելու այդ մարտահրավերներին. Արփինե Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝ դրանով ցույց տալով, որ պատրաստ են բաց աչքերով նայել իրականությանը, մտահոգ են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով։ Ձեր վստահության քվեն չի արժեզրկվելու և մեր ուղին շարունակվելու է ։ Մի պարզ պատճառով` ինչ խնդիր բարձրաձայնել ենք` առկա է։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ օգտին քվեարկած լոռեցիներին։ Չնայած Լոռու մարզում իմ դե ֆակտո ինքնաբացարկին, չնայած, որ կոչ էի արել քվեարկել գործընկերոջս օգտին, չնայած, որ որևէ աշխատանք չէի կատարել և մարզում ակնկալում էի ստանալ 0 ձայն, դուք միևնույն է՝ ինձ աջակցություն ցույց տվեցիք։ Դա ավելի քան պարտավորեցնող է։

Հ.Գ. Հաջողություն եմ մաղթում խորհրդարանական մեծամասնությանը` դե ֆակտո խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին։ Այժմ դուք եք ու մարտահրավերները։ Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայելու այդ մարտահրավերներին։ Ձեր գիտելիքները, փորձը, պատրաստվածությունը տեսել է ողջ հանրությունը ու ձեզ տվել մանդատ։ Ամենայն անկեղծությամբ բարի երթ Ձեզ այդ խնդիրները լուծելու ճանապարհին: Մենք կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում։ Այն չի ուշանալու։

Խաղաղություն ու առաջընթաց մեր բոլորի հայրենիքին»։




Լրահոս