Որ նախարարությունները կմիանան, և ինչ տեսք կունենա ԱԺ ղեկավար կազմը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին:

Այսպիսով, պետք է արձանագրենք, որ երկարատեւ ընդմիջումից հետո առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքներն ընդունում են ե՛ւ ՀՀ քաղաքացիները, ե՛ւ ընտրություններին մասնակցած, անգամ պարտված ուժերը, ե՛ւ միջազգային հանրությունը:

Ավելին, ընտրություններին մասնակից ուժերից որեւէ մեկը չի պատրաստվում արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում: Միայն ԲՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներից երկուսն են դիմել մի քանի տեղամասում վերահաշվարկի պահանջով` հայտարարելով, որ իրենց ձայները սխալ են հաշվել: Եւ եթե բացահայտվեն ընտրախախտումներ, ապա հազիվ թե դրանք մեծ ազդեցություն ունենան ընդհանուր արդյունքների վրա: Եւ ուրեմն ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել կայացած:

Հիմա շատ ավելի կարեւոր է ապագան. ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս է աշխատելու նոր իշխանությունը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ առաջ ծառացած ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին մարտահրավերները ոչ միայն չեն նվազել, այլեւ, ընդհակառակը, բազմապատկվել են` հաշվի առնելով այն տխուր ժառանգությունը, որ Փաշինյանի իշխանությունը ստացել է նախորդից: Այդ մարտահրավերների մասին շատ-շատ է խոսվել: Այնպես որ, այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ստացած ավելի քան 70 տոկոս քվեն իրականում պատասխանատվության շատ լուրջ բեռ է իշխանության վրա: Եւ իշխանությունն այսօրվանից պետք է ամեն ինչ անի, որպեսզի արդարացնի հասարակության ակնկալիքները: Այլապես, հիասթափության ալիքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Թեեւ ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, ըստ այդմ՝ դեռեւս չի կազմավորվել օրենսդիր ու գործադիր իշխանությունները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել առաջիկայում սպասվելիք կառավարության կառուցվածքային փոփոխություններից: Մասնավորապես, քննարկվում է առաջիկայում ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության ու գիտության, նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները միացնելու հնարավորությունը: Իսկ նորաստեղծ այդ նախարարությունը ղեկավարելու է ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ նախարարությունների թվի կրճատման մասին նոյեմբերի 20-ի իր ասուլիսում խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ապագա ղեկավար կազմը կունենա հետեւյալ տեսքը՝ խորհրդարանի խոսնակ է դառնալու Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահներ կլինեն Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ թե ո՞վ կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, դեռ վերջնական որոշված չէ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս