Կցանկանայի, որ «Սասնա ծռեր»-ն անցնեին խորհրդարան, քանի որ իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ». Ռուբեն Հախվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը: Այն միաձայն հաստատվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում: ԿԸՀ-ի հաստատած ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության համաձայն` խորհրդարան է անցել քաղաքական 3 ուժ՝ «Իմ քայլ»-ը դաշինքը, որը ստացել է 70.44% ձայն, ԲՀԿ-ն՝ 8.27% ձայնով եւ «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37% ձայնով: Ընտրությունների արդյունքների եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ:

-Պարո՛ն Հախվերդյան, ընտրությունների արդյունքներից ի՞նչ ընդհանուր տպավորություն ունեք: Փաստորեն, ձայների առյուծի բաժինը քաղաքական մեկ ուժի է բաժին հասել: Արդյոք սա չի՞ նշանակում, որ կրկին կանգնած ենք միահեծան իշխանություն ունենալու վտանգի առաջ:

-Հա, իհարկե, դրանից խուսափելու համար էլ ամբողջ ընտանիքով «Սասնա ծռեր»-ին էինք ընտրել: Ուզում էի, որ խորհրդարանում հակակշիռ լիներ, բայց չստացվեց:

-Փաստորեն, խորհրդարանում չի լինելու ռեալ ընդդիմություն, որը կզսպի, այսպես ասած, բռի մեջ կպահի իշխանությանը:

-Խելացի մարդիկ կան, իհարկե, թե՛ ԲՀԿ-ում, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ում, բայց ես կցանկանայի, որ «Սասնա ծռեր»-ն անցնեին խորհրդարան, քանի որ իշխանությանը կոշտ ընդդիմություն էր պետք, ոչ թե «սապոնվողներ»: Ամեն դեպքում, իրավիճակն այնքան էլ մտահոգիչ չէ: Եթե իշխանությունը որեւէ խոշոր սխալ կատարի, ժողովուրդը ոտքի կելնի, ցույցեր կանի: Եթե Նիկոլը չարդարացնի ժողովրդի հույսերը, մարդիկ կըմբոստանան:

-«Հանրապետական» կուսակցությունը որպես ընդդիմություն, որպես ռեալ հակակշիռ պե՞տք էր ներկայիս իշխանությանը: Դուք ի՞նչ կասեք:

-Չէ, այ մարդ, դրանցից վատ հոտ էր գալիս: Մեծ երիզորդից ազատվեցինք (նկատի ունի Սերժ Սարգսյանին-հեղ.), իսկ մնացածն արդեն նրա որդերն էին: Հիմա իշխանությունն ինչ սխալ էլ անի, ակնհայտ կերպով երեւալու է: Ժողովուրդը պետք է առավել քան երբեւէ զգոն եւ ակտիվ լինի: Այս պարագայում մեծ նշանակություն եմ տալիս մամուլի ազատությանը: Բայց մի բան պետք է ասեմ. կոնկրետ ինձ համար այդ առումով իրավիճակ չի փոխվել: Խորհրդային միության փլուզումից ի վեր ինձ մեկ-երկու անգամ են թույլ տվել ուղիղ եթերում խոսել:

-Այսինքն՝ ընդդիմության դերը պետք է ստանձնեն ժողովուրդն ու մամու՞լը:

-Հա, բայց կարեւոր է, որ հեղափոխությունը մարդկանց գլխների մեջ լինի, այլապես նույն ճաշակի են մնացել:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Ընդհանուր առմամբ, անճաշակություն է տիրում: Որպես երգահան` ասեմ՝ հայ ազգը 6∕8 ռիթմից չկարողացավ դուրս գալ: Երգարվեստով կարելի է որոշել ժողովրդի տեսակը, ճաշակը: Այդ առումով ոչինչ չի փոխվել, ավելի է վատացել վիճակը: Առաջ գոնե գիտեինք, որ եթերը Բադալյանինն էր, Մաթեւոսյանինն էր, բայց հիմա բեմ են դուրս գալիս ինչ-որ լպրծուններ ու մկկում են: Չմոռանամ ասել, որ երգերի խոսքերին ընդհանրապես ուշադրություն չի դարձվում: Երգը պետք է ինչ-որ թեմա, պրոբլեմ շոշափի: Կարեւոր չէ՝ ինչ ձայով կերգես, կարեւորն այն է, թե ինչ կերգես, ինչ տեղ կհասցնես: Բայց հիմա այնքան գարշահոտություն է գալիս… Տպավորություն է, որ ժամանակը շատերի կողքով պարզապես անցնում է:

-Մշակույթի նախարարությունն այս պարագայում անելիք ունի՞:

-Մշակույթի նախարարությունը պետք է բոլորից մեկ աստիճան բարձր կանգնած լինի եւ պետք է բոլորին ստիպի ենթարկվել իրեն: Մշակույթը նախ եւ առաջ ապրելակերպ է: Դրա մեջ մտնում է էկոլոգիան, մարդկանց նիստուկացը: Այստեղից է պետք մաքրել գարշելիությունները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս