Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս կարող է օտարերկրյա քաղաքացին Հայաստանում ԱՁ բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ՀՀ քաղաքացի չեմ, ուզում եմ ՀՀ-ում ԱՁ բացել, սակայն թույլ չեն տալիս: Հարկայինից ինձ տեղեկացնում են, որ պետք է կուտակային վճարումներ կատարեմ: Բայց ես ինչո՞ւ պետք է կուտակային վճարեմ, ես այստեղի քաղաքացի չեմ, եւ այս երկիրն ինձ թոշակ չի տալու: Խնդրում եմ ինձ հստակ տեղեկացնել, թե ինչու պետք է Ռուսաստանի Դաշնության քաղաքացին ՀՀ-ում կուտակային մուծումներ կատարի: Ուզում եմ օրենքով սահմանված կարգով տեղեկանալ իմ իրավունքներին:

Վարազդատ Հակոբյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ֆիզիկական անձի` (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի հանդիսացող) որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումն իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժելու հիմքերը սահմանված են նշված օրենքի 28-րդ հոդվածով:
Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների կողմից սոցիալական վճարներ կատարելուն, ապա այդ կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը:

Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է նույն մասում սահմանված պայմաններից որեւէ մեկը, մասնավորապես` ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս