Ծանր օրեր. պատգամավորի ընկերությունը` սև ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սեւ ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ «Սլավմեդ» բժշկական կենտրոնին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով:

Ի դեպ, Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Սլավ մոթորս» ընկերությամբ եւ «Սնիկերս», «Մարս», «Նեսթլե» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու մենաշնորհով. նրանց ընկերությունը ՀՀ-ում այդ ապրանքանիշների ներկայացուցիչն է:

Բայց առողջապահական ոլորտում պատգամավորի ընտանիքին պատկանող բժշկական կենտրոնին, կարծես թե, չի հաջողվում հաջողություններ գրանցել: Չէ՞ որ «Սլավմեդ» ԲԿ-ի դեմ դատական տարբեր հայցեր կան ինչպես գույքային, այնպես էլ գումարի բռնագանձման պահանջով: Ավելին, այս բժշկական կենտրոնում մահվան մի քանի դեպքեր էին գրանցվել, որին իրավապահ համակարգը համապատասխան ընթացք էր տվել: Այս անգամ բժշկական կենտրոնի «կռիվը» Երեւանի քաղաքապետարանի հետ է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնանշման հարցման ընթացակարգին եւ գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել է առաջին տեղ զբաղեցրած մասնակից: Բայց որոշ ժամանակ անց պարզվել է, որ բժշկական կենտրոնը չի բավարարել հրավերով սահմանված որակավորման չափանիշների պահանջներին:

Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվել է բժշկական կենտրոնի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց հարկային պարտավորությունների վերաբերյալ: Քաղաքապետարանի հարցմանը ՊԵԿ-ից արձագանքել են, որ ընկերության «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշը չի բարավարարում օրենքով սահմանված պահանջներին: Այսինքն` ընկերության հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա պարտավորություններն ակտիվներից ավելի շատ են եղել:

Սակայն «Սլավմեդ»-ը ստեղծված իրավիճակի համար այլ բացատրություն ունի: Այսպես, ընկերությունից հիմնավորել են, որ իրենք նորաստեղծ են: Եւ ժամանակակից, նորագույն սարքավորումներով հագեցնելու համար բժշկական կենտրոնին անհրաժեշտ է եղել հսկայական ֆինանսական ներդրումներ, որոնք տրամադրվել են բանկի եւ հիմնադրի կողմից երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով: Այդ պատճառով «Սլավմեդ» ԲԿ-ի պարտավորությունների չափն ավելի մեծ է, քան ակտիվների արժեքը:

Պարզվում է` «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտը ներկայացնելու նախորդող հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների չափը կազմել է 2 մլրդ 249 մլն 218 հազար դրամ, իսկ ակտիվների հաշվապահական հաշվեկշիռային արժեքը`1 մլրդ 413 մլն 795 հազար դրամ: Բայց չնայած սրան` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը «Սլավմեդ»-ին առաջարկել է աշխատանքային մեկ օրում շտկել առկա անհամապատասխանությունը: Սակայն սահմանված ժամկետում ընկերության կողմից այն չի շտկվել, եւ գնահատող հանձնաժողովը, օրենքի պահանջների համաձայն, մերժել է ԲԿ-ի հայտը:

Ըստ գնումների բողոքարկման խորհրդի` առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը` այս դեպքում բժշկական կենտրոնը, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ: Մինչդեռ ըստ «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի` հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չպետք է գերազանցի ակտիվների հաշվեկշիռային արժեքը:

Եւ քանի որ պայմանագիրը կնքված չի եղել, քաղաքապետարանը որոշել է տվյալ մասնակցի հայտը մերժել: Բացի այդ, եթե սահմանված ժամկետում ընկերության կողմից անհամապատասխանությունը չի շտկվում, ապա հանձնաժողովի որոշմամբ այն մերժվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գնումների բողոքարկման խորհուրդը գտել է, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում թույլ է տվել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորության խախտում: Եւ խորհուրդը որոշում է կայացրել «Սլավմեդ» ԲԿ-ին ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում երկու տարի ժամկետով: Այսինքն` բժշկական կենտրոնը ֆինանսների նախարարության սեւ ցուցակում կմնա մինչեւ 2020 թվականի մարտի 22-ը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս