Նախորդ տարվանից Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում ներառված Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ Գարդասիլ պատվաստանյութի դեմ փաստարկներում հաճախ հղում է կատարվում պատվաստանյութի ներդիրին, որում որպես կողմնակի ազդեցություն թվարկված են նաեւ Գիյեն-Բարեի համախտանիշի, սուր իդիոպաթիկ պոլիռադիկուլոնեւրիտի, սուր ցրված էնցեֆալոմիելիտի, ինչպես նաեւ անաֆիլաքտիկ ռեակցիաների մասին հաղորդումները: Հարկ է նշել, որ շատ դեղերի, այդ թվում եւ` հաճախ գործածվող, ներդիրները ոչ պակաս սարսափելի եւ անհասկանալի հիվանդությունների մասին տեղեկատվություն են պարունակում, բայց քչերն են դրան ուշադրություն դարձնում, եթե հիվանդության ժամանակ դրանք հարկ է ընդունել: Սակայն վերադառնանք Գարդասիլի ներդիրին:
Կողմնակի ազդեցություններ բաժնում ասված է.
Հաճախ ցավ վերջույթներում, ջերմության բարձրացում, քոր, ներարկման տեղում արյունազեղում: Շատ հաճախ ներարկման տեղի կարմրություն, ցավ եւ այտուց: Շատ հազվադեպ բրոնխոսպազմ:
Այժմ տեսնենք, թե ինչ է «հաղորդագրություններն անցանկալի ռեակցիաների մասին», որոնցով «հնարավոր չէ հաստատել պատճառահետեւանքային կապը պատվաստանյութի կիրառման հետ»: Դա ամերիկյան VAERS համակարգում տեղ գտած հաղորդագրություններն են: Հենց VAERS համակարգի «սարսափներն» են կասկածներ հարուցում Գարդասիլի անվտանգության հարցում ոչ միայն նրանց մոտ, ում առաջարկում են պատվաստում անել, այլ նաեւ շատ բժիշկների: Առավել եւս, որ այդ վախերն ակտիվորեն սնուցվում եւ աճեցվում են:
Ե՛վ հոդվածներում, ե՛ւ սոցիալական ցանցերի գրառումներում ու մեկնաբանություններում կրկնվում է միեւնույն «մանտրան»` իբր, տեսնում եք, սա պետական համակարգ է, եւ այստեղ ընդունում են ե՛ւ հաշմանդամությունը, ե՛ւ մահը պատվաստումներից հետո:
Ընդ որում, բացարձակորեն անտեսվում է այն փաստը, որ VAERS-ը նախատեսված չէ պատճառահետեւանքային կապերի հաստատման համար: Դա պասիվ համակարգ է, որի մեջ բուժաշխատողները պարտավոր են ներառել ողջ տեղեկատվությունը ցանկացած իրադարձության մասին, որը տեղի է ունեցել պատվաստումից հետո մեկ տարվա ընթացքում: VAERS-ում կարող է մուտքագրել տվյալներ նաեւ յուրաքանչյուր անձ:
Օրինակ, VAERS-ում կարելի է գտնել տեղեկատվություն թվիթերից մի քաղաքացու մասին, որի մասին ընդհանրապես ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ նրան գարդասիլի պատվաստում են արել, եւ դրանից հետո նա մահացել է: Թվիթի հեղինակը ծայրագույնս կոնկրետ է արտահայտվել. «Գարդասիլը սպանում է»: Եվ դա բավական էր, որպեսզի հաղորդագրությունը հայտնվեր VAERS բազայում:
Ահա այլ օրինակ` «Տեղեկատվությունը ստացվել է բուժքրոջից, որը լսել է ER բուժքրոջից, թե նա լսել է` ինչպես բժիշկն ասաց, որ 11-ամյա աղջկա մահը (սրտի կանգ) անաֆիլակտիկ ռեակցիա էր պատվաստանյութին, որը նրան ներարկել էին հոսպիտալացումից 3 օր առաջ»:
Լրացուցիչ տեղեկատվության հայթայթման եւ նորմալ հետաքննություն անցկացնելու դեպքում արդյունքը կարող է լինել ինչպես 2013 թվականի գրառումներից մեկում.
«Տեղեկատվությունը ստացվել է բուժքույրից, որը հաղորդել է 22-ամյա խնամառուի մասին, ում 2007 թվականի մայիսի 21-ին 0.5մգ պատվաստանյութ են ներարկել: Խնամառուի մասին հայտնի է, որ նա ընդունել է ինչ-որ հակաբեղմնավորիչներ: Մայիսի 23-ին, այսինքն` 2 օր անց, կինը մահացել է»:
Տվյալ դեպքի պարագայում հերձում եւ թունաբանական անալիզ է կատարվել: Դրանց արդյունքում մահացածի արյան մեջ հայտնաբերվել է մետադոն, բենզոդիազեպին, կանաբինոիդ, նիկոտին, դիֆենգիդրամին (հակահիստամինային միջոց) եւ նապրոքսեն (ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց): Բայց, միեւնույն է, ըստ պատվաստման հակառակորդների բանակի` մեղավորը գարդասիլն է:
Ամենակարեւոր տեղեկատվությունը բովանդակվում է «Ինչպես մեկնաբանել VAERS-ի տվյալները» բաժնում, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «VAERS-ի տվյալները գնահատելիս կարեւոր է նշել, որ իրադարձությունների մասին ցանկացած հաղորդագրության համար պատճառահետեւանքային կապերը չեն քննվել: Համակարգում գրանցվում են պատվաստանյութերի ու հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին զուգորդումների բոլոր հնարավոր զեկույցները: VAERS-ի համար հաղորդագրությունն անբարենպաստ իրադարձության մասին վավերական ապացույցը չէ այն բանի, թե տվյալ պատվաստանյութն է հարուցել այդ իրադարձությունը»:
Իսկ այժմ քննենք այն հետազոտությունները, որոնք ներկայացվում են որպես ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի վտանգավորության ապացույցներ:
Դրանցից մեկը «Մահ մարդու պապիլոմավիրուսի դեմ քառավալենտ պատվաստումից հետո. պատճա՞ռ, թե՞ պատահականություն» https://sanevax.org/death-after-quadrivalent-human-papillomavirus-hpv-vaccine-causal-or-coincidental/ հետազոտությունն է, որն իրականացրել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանից Քրիստոֆեր Ա. Շոուն եւ Լուչիա Տոմլենովիչը:
Շոուն եւ Տոմլենովիչը գրում են, որ մահացած աղջիկների ուղեղի հյուսվածքների նմուշների մեջ հայտնաբերվել է աուտոիմունային վասկուլիտ, որն առաջացել է ՄՊՎ դեմ պատվաստանյութում առկա հակամարմիններից:
Հակամարմինները մեծ քանակությամբ հայտնաբերվել են ուղեղի արյունատար անոթներում, ինչը եւ հանգեցրել է մահվան: Հետազոտության «ծանոթագրությունների» բաժնում Շոուն եւ Տոմլենովիչը շնորհակալություն են հայտնում Դվոսկին ընտանեկան հիմնադրամին ֆինանսական աջակցության համար: Դվոսկին հիմնադրամը, ըստ CNN-ի, կապված է տարբեր հակապատվաստումային կառույցների հետ եւ մշտապես ֆինանսավորում է նմանատիպ հետազոտությունները:
Մեկ այլ հոդվածում Դեյվիդ եւ Մարկ Գեյերները, օգտագործելով VAERS համակարգը (որի թերությունների մասին արդեն խոսեցինք), փորձում են Գարդասիլի հետ կապել աուտոիմունային խանգարումները: Այս հետազոտությունը եւս ֆինանսավորվել է Դվոսկին ընտանիքի կողմից:
Հարկ է նշել, որ մասնագետները մեկ անգամ չէ, որ հերքել են Շոուի, Տոմլենովիչի, եւ Գեյերների եզրակացությունները, ինչպես նաեւ Յեհուդա Շոնֆիլդի «հեղինակած» ASIA համախտանիշի առկայությունը, քանի որ պատվաստանյութի հակամարմինները չեն կարող հաղթահարել հեմատոէնցեֆալիտիկ պատնեշը եւ հայտնվել ուղեղում:
Սակայն լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում այս «տեղեկատվության» ակտիվ տարածումը հանգեցրեց այն բանին, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կասկածներ է հարուցում հատկապես ծնողների մոտ:
ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ներարկման եւ աուտոիմունային հիվանդությունների հետագա զարգացման միջեւ ճշգրիտ կապն ուսումնասիրելու համար Տորոնտոյի համալսարանի գիտնականները Լինդա Լեւեսկու գլխավորությամբ ուսումնասիրել են 12-ից 17 տարեկան 290939 կանադացի աշակերտուհու նմուշները: Նրանց 62,2 տոկոսն անվճար պատվաստում է ստացել 2007 եւ 2013 թվականներին, իսկ մնացածը հրաժարվել են պատվաստումից:
Պատվաստումից հետո դիտարկման ժամանակահատվածում աուտոիմունային հիվանդությունների զարգացման 681 դեպք է գրանցվել. ընտրված աղջիկների շրջանում առավել հաճախ ռեւմատոիդ արթրիտ է ախտորոշվել: Վերլուծելով աղջիկների մոտ իմունային համակարգի այլ հիվանդությունների զարգացման պատմությունը` գիտնականները ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի եւ աուտոիմունային հիվանդությունների զարգացման միջեւ կապ (p = 0,4) չեն հայտնաբերել:
Աուտոիմունային այլ հիվանդությունների, ինչպիսիք են դեմիելինիզացնող հիվանդությունները, եւ պատվաստման միջեւ կապի բացակայությունը նույնպես բազմիցս հերքվել է:
Կան այլ հետազոտություններ, որոնք վկայում են ոչ միայն աուտոիմուն, այլ նաեւ այլ խանգարումների եւ ՄՊՎ-ի դեմ քառավալենտ պատվաստանյութի միջեւ կապի բացակայության մասին:
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/28190705,
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2492590:
Այս բոլոր հետազոտությունների հեղինակների կարծիքով ստացված արդյունքները պետք է հանգստացնեն ծնողներին, որոնք վախենում են պատվաստումների տարբեր հետեւանքներից, սակայն, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մեծ քանակությամբ մասնակիցների ընդգրկմամբ գիտական ուսումնասիրությունները ոչ միշտ են փաստարկ համարվում հօգուտ պատվաստման:
Հետազոտողները նշում են, որ դժբախտաբար նեգատիվ տեղեկատվությունն ակտիվորեն տարածվում է լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում, ինչը չես ասի լուրջ գիտական հետազոտությունների մասին, ինչն, ըստ էության, սպասելի է, քանի որ մարդիկ հեշտ են տրվում սենսացիաների, իսկ լուրջ գիտական աշխատությունները մարսելն ու հասկանալն այնքան էլ հեշտ չէ: Նրանք կարծում են, որ գիտական հետազոտությունների ճիշտ մատուցման եւ մեկնաբանման համար բժշկական ընկերակցության եւ գերատեսչությունների ակտիվ աշխատանք է պետք: