Լուկաշենկոյի մատնանշած օրը Երևանում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքիր մանրամասներ է հայտնել ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Նա մասնավորապես պատմել է, որ 2016 թվականին  Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում խոսք է եղել 5 շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու մասին:

«Ես և Պուտինն առաջարկեցին հանձնել 5 շրջաններն Ադրբեջանին: Նա (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը) ասաց՝ եթե հանձնի այդ շրջանները, Ադրբեջանը կկտրի ճանապարհը և կօկուպացնի Ղարաբաղը: Ես և Պուտինը խոստացանք, որ կներգրավենք մեր զորքերը և թույլ չենք տա անել դա: Նա մերժեց առաջարկը»,- պատմել է Բելառուսի նախագահը և նշել, թե զարմացած է եղել:

Նշենք, որ ՀԱՊԿ գագաթաժողովի նիստը տեղի էր ունեցել 2016 թվականի հոկտեմբերին` Երևանում: Եվ հետաքրքիր է, որ այդ տարի տեղի ունեցած գագաթաժողովից հետո ՀԱՊԿ երկրների ղեկավարները հայտարարություն էին արել ԼՂ հակամարտության վերաբերյալ:

Մասնավորապես հայտարարության մեջ նշված է. «Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ն Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու պայմանների ստեղծմանը:

Հաստատելով ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված ջանքերին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի և մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»:

Եվ ահա պարզվում է` այս հայտարարությունից զատ երկրների ղեկավարների միջև նաև այդպիսի խոսակցություն է եղել:




Լրահոս