Կառավարությունը երեկ կայացրել է հերթական «բարեփոխիչ» որոշումը` ըստ որի առաջին անհրաժեշտության ապրանքների գների անհիմն բարձրացման դեպքում պետությունը կմիջամտի: Գնային քաղաքականության վերաբերյալ այս դրույթը պետք է ամրագրվի նաեւ օրենսդրությամբ:Թվում է, թե հայրենի կառավարությունը «կաշվից դուրս է գալիս», որպեսզի ժողովրդի խնդիրները լուծի, դժգոհությունը մեղմի: Բայց հենց որոշման երկրորդ պարբերության մեջ սկսվում է «կինոն»: Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշել է, որ ըստ որոշման` 30 եւ ավելի օրերի ընթացքում մանրածախ ապրանքների 30 եւ ավելի տոկոս գների աճի դեպքում կառավարությանը կտրվի միջամտելու լիազորություն եւ իրավունք սահմանելու առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների վերին շեմը:Ըստ վարչապետի` մեր օրենսդրությամբ էլ կամրագրվի այն դրույթը, թե երբ կարող է կառավարությունը միջամտել եւ մեղմել գնային աժիոտաժը: «Ցանկալի է, որ չօգտագործվի այս գործիքը, սակայն դրա առկայությունը դրական ազդեցություն է ունենում: Այս գործիքը մեր օրենսդրության մեջ չկար, սակայն պետք է, քանի որ մենք գտնվում ենք բարձր գնաճային գոտում»,-իր նոր գործիքների մասին խոսելիս ասել է վարչապետը: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ իրավիճակ է ձեւավորվել: Գործարարները, որոնք այսքան տարիների ընթացքում այնպես են «թրծվել», որ պատրաստ են ցանկացած մանեւրների, պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան հեշտ կլինի նրանց համար ՀՀ կառավարությանը «ֆռռացնել»: Հայրենի օլիգարխները իրենց ապրանքների գները կբարձրացնեն ամեն ամսվա 25 օրը միայն, մյուս մասն էլ` մյուս ամսվա 25 օրերին կանեն: Ի՞նչ է անելու Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Չէ՞ որ սահմանված 30 օրը չի լրանում: Կամ ո՞ր դեպքում է կառավարությունը գնաճը համարելու հիմնավոր, որ դեպքում` անհիմն: Ի՞նչ գործիքներով է չափելու: Սրանք հարցեր են, որոնք պարզաբանման կարիք ունեն:Ի վերջո, եթե կառավարությունն իսկապես մտահոգ էր այս խնդիրների կապակցությամբ, ինչո՞ւ ժամանակին, երբ հավկիթի շուկայում խայտառակ վերադասավորումներ եղան, չմիջամտեց: Այդ ժամանակ ինչպես կառավարությանը, այնպես էլ Սերժ Սարգսյանին գործարարները համոզեցին, թե հավկիթները քչություն էին անում: Բայց բոլորին է հայտնի, որ պարզապես Ամանորից առաջ լավ փող աշխատելու խնդիր էր դրված, ու դա կատարվեց ամենակոշտ ու զզվելի ձեւերով: Այնպես որ խոսել կառավարության ազնիվ մղումների մասին մի փոքր ծիծաղելի է:Բայց դառնանք վարչապետի կողմից արված ձեւակերպումներին` «միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդ»: Փաստորեն, ՀՀ վարչապետը նույնիսկ իր կուսակցության ղեկավարի ասածները հաշվի չի առնում իր մարտավարությունը կազմելիս: Սերժ Սարգսյանը խոսում է հայկական մենթալիտետի մասին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը` միջազգային փորձերից: Վարչապետը մոռանում է, որ այլ երկրներում չկան կոնկրետ ոլորտների մենաշնորհատերեր: Եւ փոխանակ դաշտը դեմոնոպոլիզացնելու, հարկային ոլորտում իրական բարեփոխումներ անելու, որոշել է իր «միջազգային մատը խառնել» գնային քաղաքականությանը: Իսկ թե ինչ ազդեցություն կունենա մատը, արդեն երկրորդական հարց է: Փաստն այն է, որ վարչապետը վերջին շրջանում կառավարության` գնաճը զսպելուն ուղղված քայլերը էական արդյունքներ չեն տվել, եւ Հայաստանը ԱՊՀ-ում առաջինն է իր արձանագրած գնաճով:Մի խոսքով, Հայաստանի կառավարությունն ու նրա ղեկավարի գործունեությունը բավականին զվարճալի են: Եւ որ որեւէ թեմա չլինի խոսելու, Տիգրան Սարգսյանն ու նրա վարած քաղաքականությունը ամենօրյա անսպառ թեմա են դարձել Հայաստանի բնակչության համար: Ընդ որում, վարչապետի գործունեությունից դժգոհ են նաեւ իշխանական բուրգում եղածները: Իսկ թե մինչեւ երբ պետք է շարունակվեն այս զվարճալի շոուները, Աստված գիտե:ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՎԱԾ Է, ՄՆԱՑ` ՄՆԱՑԱԾԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ