ՀՀԿ-ն իմ սպասածից ավելի շատ ձայն ստացավ. նախկին պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանի հետ:

-Նախ խոսենք ընտրությունների մասին: Ինչպե՞ս եք գնահատում ընթացքը:

-Անցածներից բավականին տարբերվում էր: Նախ էդ փողային բաների հետ կապված: Կար թերություններ, բայց ինչ-որ նոր եւ հետաքրքիր բան կար քարոզարշավի մեջ: Միանշանակ, քարոզարշավի ձեւը փոխված էր, բայց բովանդակությունը էլի նույնն էր: Չկային լուրջ ծրագրեր, չկար լուրջ գաղափարախոսություն: Բոլորը նույն բաներից էին խոսում` անվտանգության մասին, երկրի մասին: Այդպես չէ, կուսակցությունների ծրագրերը պետք է հիմնված լինեն սեփական գաղափարախոսության վրա, երկրի տեսլականի վրա: Բոլորը խոսում էին մի քանի ընդունված բաների մասին, որոնցից ժողովրդի զահլեն արդեն գնացել ա:

-Ձեւավորված ԱԺ-ն համապատասխանո՞ւմ է Ձեր սպասելիքներին:

-Անկեղծ ասած` ոչ բոլորին եմ ճանաչում: Հին գործիչները շատ քիչ են: Երիտասարդությունը մեծ մասն է կազմում: Մի կողմից` դա վատ չէ, մյուս կողմից էլ` անփորձությունն է շատ, եւ դրա մեջ վտանգավոր բան կա: Կապրենք, կտեսնենք: Կարծում եմ` կունենանք լավ պատգամավորներ:

-Կմտածեի՞ք, որ ՀՀԿ-ն չի լինի խորհրդարանում:

-Անկեղծ ասած` ես սպասում էի, որ չի հայտնվի, որովհետեւ շատ դժվար էր այդ պայմաններում: Համենայնդեպս, ՀՀԿ-ն իմ սպասածից շատ ձայն ստացավ: Բայց դե գիտեք, դա շատ բնական է, որովհետեւ մենք այդ վերաբերմունքը տեսել ենք կոմունիստների նկատմամբ, ՀՀՇ-ի նկատմամբ: Մեր հասարակությունը սիրում է ծայրահեղություններ: ՀՀԿ-ն ինչքան էլ բացասական վերաբերմունքի արժանացավ, պետք է նշենք, որ ՀՀԿ-ում կան շատ առողջ ուժեր, մարդիկ, որոնք առանձնապես խառնված չեն այս ալան-թալանին, ինչի մասին խոսվում է: Եթե մի քիչ խորը վերլուծության ենթարկենք, ՀՀԿ-ն լուրջ պոտեցյալ ուներ եւ կարող էր:

– ՀՀԿ-ին` որպես արտախորհրդարանական ընդդիմության, ինչպե՞ս եք պատկերացնում: Կարո՞ղ է այդ կարգավիճակով հակազդել ներկայիս կառավարությանը:

-Ամեն ինչ կախված է հենց ՀՀԿ-ից: Եթե գնա ինքնամաքրման, եթե համագումարի ժամանակ դրվի այն խնդիրները, որոնք ուրիշներն են դնում, տեսնի սխալները, փորձի ուղղել կամ չկրկնել, վերջապես կարողանա շահել ժողովրդի եւ հասարակության վստահությունը, ապա կարող է լավ ընդդիմություն լինել: ՀՀԿ-ում մարդիկ կան, որոնք իրոք գաղափարի համար են պայքարում: Քաղաքական այդ կմախքի վրա ճիշտ քաղաքականության դեպքում կարող է ճիշտ բան հավաքվել: Իմ խորին համոզմամբ` ՀՀԿ-ն կմնա քաղաքականության մեջ եւ հաջորդ ընտրություններում կանցնի ԱԺ:

-Խորհրդարանում հայտնված երկու ուժերը` ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» փոխհրաձգություն են սկսել: Սա ինչի՞ հետեւանք է` ըստ Ձեզ:

-Շատերը խեղաթյուրում են ընդդիմություն հասկացողությունը եւ պատկերացնում են, որ միայն քննադատողն է ընդդիմություն: Ես այդ ձեւով չեմ պատկերացնում: Ընդդիմությունը հասարակության մեջ իշխանությունից դժգոհ մասսայի առաջնորդը պետք է լինի: Ընդդիմությունը երկրի զարգացման տեսլականի ուրիշ տարբերակ պիտի ներկայացնի: Եթե կուսակցությունները նույն բանն են ուզում, ապա ինչ ընդդիմության մասին է խոսքը: Ընդդիմությունը իշխանություններին զսպող, աջակցող ուժ պետք է լինի: Ընդդիմության խնդիրը շատ ավելին է, քան այսօր մենք պատկերացնում ենք: Ասում ենք` լավ ընդդիմություն կարող են լինել ՀՀԿ-ն «Դաշնակցությունը», բայց գուցե եւ այդպես չէ: Լավ ընդդիմություն կարող է լինել շարժման մեջ եղած ուժերը, որովհետեւ այն ուժերը, որոնք եղել են իշխանություն, արդեն խոցելի են: Իսկ շարժումից պոկված ընդդիմությունը շատ ավելի արմատական կարող է լինել, քան մյուսները, որվհետեւ իրենք խոցելի չեն: Մենք ունենք Վազգեն Մանուկյանի օրինակը: Արդեն մենք ունենք նման մի քանի ուժեր, որոնք ավելի արմատական հայացքներ ունեն, օրինակ, «Սասնա ծռերը»: Չի բացառվում, որ ընթացքում ընդդիմությունը ավելի կծանրանա նրանց վրա:

-Կարեն Կարապետյանը լքեց ՀՀԿ-ն: Այսինքն` ստացվում է, որ երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, լծակներ ուներ, բոլորը ձգտում էին անդամագրվել, հիմա երբ ծանր վիճակում է, լքում են: Ինչո՞ւ է նման պատկեր ստեղծվել:

-Դա Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ն լքող մյուս մարդկանց մեղքը չէ: Դա ՀՀԿ-ի մեղքն է: Կարեն Կարապետյանը շատ լավ կառավարիչ էր, լավ մարդ, բայց նա հանրապետական չէր, նա ՀՀԿ-ի հետ կապ չի ունեցել: Չի կարող մի տարում, վեց ամսում մարդը դառնա կուսակցության լիդերներից մեկը: Դա ամենակոպիտ սխալն էր ՀՀԿ-ի: ՀՀԿ-ի ամենամեծ սխալն այն է, որ գալիս էին մարդիկ, պաշտոնատար անձինք, որ իշխանությունն ու կուսակցությունը միաձուլվեր: Դա երկրորդ նախագահի ժամանակ եղավ, թե մարզպետները, գործադիր անդամները պիտի անպայման լինեն ՀՀԿ-ականներ, լինեն լիդերներ: Դա շատ բացասական երեւույթ է, եւ ժամանակին այդ թեզը, որ բանավոր կամ գրավոր ասվում էր, ես դեմ եմ եղել դրան: Դա եղել է դեռ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ժամանակ: Ասեմ` ինքն էլ էր դեմ նման երեւույթին եւ ասում էր, որ ամենամեծ սխալներից մեկն է կուսակցության: Այդ ամենը, չգիտես ինչու, ամրապնդվեց 3-րդ նախագահի ժամանակ, թե, օրինակ, գյուղապետերը պետք է անպայման լինեն ՀՀԿ անդամներ: Ադմինիստրատիվ կեղտը մենք բարդեցինք կուսակցության վրա, հենց դրա համար էլ ՀՀԿ-ն ավելի խոցելի դարձավ: Բնականաբար, գյուղապետերից, մարզպետերից դժգոհողներ միշտ էլ կան, եւ այդ ամբողջ դժգոհությունն ու կեղտը եկավ, լցվեց կուսակցության վրա: Բացասական կերպարները սկսեցին ասոցացվել կուսակցության հետ, եւ կուսակցության դեմքը շատ ավելի բացասական դարձավ: Կարեն Կարապետյանն էլ վարչապետ էր, լավ հեղինակություն ուներ, բայց ինչ պարտադիր էր, որ դառնար կուսակցության նախագահի տեղակալ:

Լուսինե Մինասյան




Լրահոս