ԻՄ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ Է, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է «Մենք» դաշինքը գլխավորող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։

-Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ սկզբունքով են կազմվել «Մենք» դաշինքի ցուցակները։
-Երկու հիմնական սկզբունք. առաջինը՝ ի՞նչ ծառայություններ ունի մարդը հայրենիքի հանդեպ, ի՞նչ է արել, եւ երկրորդ սկզբունքը` կիսո՞ւմ է արդյոք այն գաղափարախոսությունը, ինչը ունի «Մենք» դաշինքը։ Քանի որ մեր մոտեցումները ե՛ւ տնտեսության առումով, ե՛ւ աշխարհաքաղաքական մոտեցումների առումով իրարից ոչնչով չեն տարբերվում, եւ ուզում եմ նշել, որ սա բացառիկ բան է, միանշանակ նպատակահարմար է ընտրությունների դաշինքով գնալ։ Երկրորդ՝ կար խնդիր. քանի որ ես մշտապես դաշինքով էի մասնակցել, հիմա առանձին մասնակցելը դառնում էր վտանգավոր, որովհետեւ երբ դու մեծից իջնում ես փոքրի, դու կասկածի տակ ես դնում քո անցողիկության հնարավորությունը։ Սա արդեն կասկած է առաջացնում, թե վախեցար։ Իսկ հերիք է` դու ցույց տաս, որ վախեցար` կարող ես չանցնել, բոլորն են սկսում կասկածել՝ դու կանցնես, թե չէ, եւ քո մրցակիցներն էլ դա օգտագործում են։ Միասնականությունը շատ կարեւոր եմ համարում երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու. ե՛ւ դաշինքով, ե՛ւ հենց «Մենք» անվանումով ուզում եմ, օրինակ, ցույց տալ, որ խնդիրներ լուծել պետք է ոչ թե ձեւական դաշինքներով, այլ իրական դաշինքներով, իրական համախմբմամբ, գաղափարական նույն ուժերի միավորմամբ։ Մեր դաշինքը քաղաքագիտական առումով ամենագրագետ ձեւավորված դաշինքն է։
-«Մենք» դաշինքը նոր է ձեւավորվել. մտավախություն չկա՞, որ այն դեռ չի ընկալվել հասարակության կողմից։
-Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում մտավախություն պիտի չունենա «Քաղաքացիական պայմանագիրը», որովհետեւ «Իմ քայլը» դաշինքը ավելի շատ ՔՊ-ն է, եւ այնտեղ դաշինքային հարաբերություններ չեն, իսկ մերը իրական դաշինք է։ Իհարկե, մտահոգություններ կան, բայց դա հաղթահարելու համար պետք է աշխատել։ Պետք է ճիշտը ասել, հանրության հետ հաճախ հանդիպել, լինել բակերում, փորձել հնարավորինս շատ քվե հավաքել։ Ընտրությունների խնդիրը քվեներ հավաքելու մեջ է, բերքահավաք պիտի անես եւ դա պիտի անես գրագետ եւ խելացի, առանց չարության, որովհետեւ առանց էն էլ ժողովուրդը հոգնել է վեճերից ու կռիվներից, պիտակավորումներից։ Ժողովուրդը հանգիստ կյանք ու լուծումներ է ուզում տեսնել, ժողովուրդը պաշտպանվածություն է ուզում, ու եթե դու ունես բանալիներ, որոնք իրենց հոգեհարազատ կլինեն, դու քվեներ կունենաս։ Ժամանակը բոլորին է ստուգում, չկան ժամանակի մեջ չստուգվող մարդիկ։
-Քաղաքական ուժերը, խոսելով իրենց շանսերի մասին, ասում են՝ գնում ենք խորհրդարան երկրորդ ուժը լինելու։ Այսինքն՝ բացի «Իմ քայլից» բոլորը պայքարում են երկրորդ տեղի համա՞ր։
-Դա շատ օրինաչափ է, որովհետեւ ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո իշխանության է գալիս հեղափոխություն կատարած ուժը։ Ես համարում եմ, որ «Իմ քայլը» վաստակել է առաջին տեղը լինելը։ Այստեղ օրինաչափ է, ու գնալ, ասել, թե «Իմ քայլը» վաստակել է, բայց մենք եկել ենք հաղթենք, դա որեւէ ուժ հիմա չի կարող իրեն թույլ տալ։ Եթե «Իմ քայլը» կաշխատի այնպես, որ կգոհացնի ժողովրդին, վաղն էլ դա հնարավոր չի լինի, իսկ եթե ոչ, ժամանակը իրենց էլ կփորձի։ Ես խնդիրը ավելի շատ դնում եմ երկրին պիտանի լինելու տեսանկյունից։ Խնդիրը փորձել եմ լուծել թե՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, թե՛ Սերժ Սարգսյանի եւ դա անում եմ նաեւ հիմա։ Խնդիրը ոչ թե չարությունն է, այլ երկրում եղող խնդիրները ճիշտ մեկնաբանելն ու լուծման ուղիներ առաջարկելը։ Ու երբ տեսել ես, որ գործող իշխանությունը հակառակն է անում ու սեփական շահի մասին է մտածում, քան ժողովրդի, որ իրենք էս երկիրը հետ են գցում իրենց պահվածքով, որ իրենց գործունեությամբ վտանգներ են առաջացնում, սկսել ես քննադատել այդ մարդկանց։ Բայց ես մշտապես քննադատել եմ առանց պիտակների, թույլատրելիի սահմաններում։ Եթե ինչ-որ տեղ էլ երբեւէ վիրավորել եմ, ներողություն եմ խնդրել։
-Խորհրդարանում հայտնվելու ի՞նչ շանսեր ունեք:
-Նորից եմ ասում՝ վստահ կարող է լինել միայն «Իմ քայլը» դաշինքը, մյուսների շանսերը կերեւան քարոզարշավի ժամանակ։ «Մենք» դաշինքը ճանաչելիության խնդիր ունի, որը պիտի աշխատենք լուծել, եւ «Մենք» դաշինքը ունի խնդիր իր դավանած արժեքները ավելի հոգեհարազատ դարձնելու համար։ Մեկ ու կես տարի առաջ ծանոթացել եմ մի հարցման, որտեղ ներկայացված էր, որ Հայաստանի բնակչության 42,5 տոկոսը կողմնակից էր եվրոպական մոդելի պետություն ունենալուն։ Ես գտնում եմ, որ այդ 42 տոկոսից գոնե կլինի 10-15 տոկոս մարդ, որը «Մենք» դաշինքի մեջ կտեսնի այդ գաղափարի տարածողին, կտեսնի այդ գաղափարի հավատարիմին եւ իր քվեն կտա մեզ։ Մենք 2,5 միլիոն ընտրող ունենք, ու եթե այդքանի մեջ կա 150-200 հազար մարդ, որը բացի Ռուսաստանից տեսնում է, որ Հայաստանի ճիշտ տեղը Եվրոմիությունն է, արեւմտյան մոդելի պետությունն է, ուրեմն կհասկանա, որ այդ գաղափարը այսօր միայն մենք ենք առաջ քաշում. չկա որեւէ այլ ուժ, որը այս գաղափարը բարձրաձայնի ժողովրդի մոտ։ Իսկ եթե այդքան մարդ չգտնվի, ապա այդ դեպքում մեր պետությունը լուրջ մտածելու բան ունի, եւ ավելի լավ է` էդ դեպքում գնանք, դառնանք Ռուսաստանի որեւէ մարզ, ասենք, Մագադանի նման մարզ, որովհետեւ էդքան Ռուսաստանն են սիրում ու կարծում են՝ ճիշտ տեղը դա է։ Ես այդպես չեմ մտածում, ես այդ մասին ասել եմ այն ժամանակ, երբ շատ քիչ մարդիկ էին այդ մասին խոսում, դա համարում էին կոպիտ սխալ, շատ ռիսկային, համարում էին Ռուսաստանից կես քայլ անելը շատ վտանգավոր, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը մեզ չի ապահովագրում պատերազմերից։ Նույն Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, վարչապետը արդեն ասում է՝ պիտի նայենք ՀԱՊԿ-ում լինելը որքանով է մեր անվտանգությունը ապահովում։ Ես ասում եմ, որ չի ապահովում, հետեւություններ անել է պետք։ Իհարկե, հենց այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալ պետք չէ, բայց քայլ առ քայլ այլ ուղղությամբ գնալ է պետք։ Եվրասիական տնտեսական միությունը չի կարող հրաշքներ գործել, որովհետեւ նույն Բելառուսը, Ռուսաստանը իրենք ներդրումների խնդիր ու կարիք ունեն, իսկ այստեղ աշխատատեղեր կարող են ստեղծվել միայն ներդրումների միջոցով։ Դրսից ռեալ ներդրումներ են պետք այդ խնդիրները լուծելու համար։ Հետեւաբար, ըստ մեզ, մեր տեղը Եվրոմիությունն է։
-Եթե «Մենք» դաշինքը չհայտնվի խորհրդարանում, եւ Նիկոլ Փաշինյանի կողմից Ձեզ՝ որպես անհատի, առաջարկ լինի ինչ-որ ֆորմատով համագործակցելու իրենց հետ, հնարավո՞ր է` ընդունեք։
-Ցանկացած ուժ, որը քարոզարշավի մեջ է, նման ենթադրություն չպիտի անի, ու դրանից ելնելով, ներեք, այդ հարցին չեմ պատասխանի, որովհետեւ չեմ ուզում նման ենթադրություն անել։ Կարծում եմ՝ մեր երկրում կգտնվի 100 հազար մարդ, որը մեր անցած ուղին, մեր ներկայացրած գաղափարները կհամարի օպտիմալ ու մեզ քվե կտա։ Տա՛ Աստված` էդպես լինի. մյուսի մասով չեմ ուզում մտածել։ Ինչ վերաբերում է առաջարկներին որեւէ պաշտոնի եւ այլնի, խնդիրը ինձ համար երբեք չի եղել պաշտոնը։ Ինձ համար քաղաքականությամբ զբաղվելը որոշակի առումով ստեղծագործական պրոցես է, որը սովորեցնում է ապրել, ճիշտ քվեներ հավաքել, հնարքներ գտնել եւ այդ պրոցեսի մեջ արժի լինել միայն մի դեպքում` երբ դու ինչ մտածում ես, այն էլ ասում ես։ Եթե ես պիտի որեւէ գործ անեմ ու դա անելով` ինչ մտածում եմ, այդ չասեմ, ես նման գործ չեմ անի։ Միակ վարչապետն եմ եղել, ում ազատել են պաշտոնից, ոչ թե դիմում եմ գրել։ Ռոբերտ Քոչարյանը ինձ հեռացրել է, որովհետեւ ասել եմ այն, ինչ մտածել եմ։ Ինձ համար գերկարեւոր է իմ մտքի ազատությունը։ Կարծում եմ՝ այս կարգավիճակով կարող եմ շատ ավելի օգտակար լինել։ Երկու անգամ խորհրդարան անցնելով՝ արտախորհրդարանական ուժի ղեկավար եմ եղել։ Վստահեցնում եմ` չմտնելով խորհրդարան՝ իմ խոսքը պակաս լսելի չի եղել, քան Ստեփան Դեմիրճյանինն էր, Լեւոն Զուրաբյանինն էր։ Քաղաքականությունը մի քիչ ավելին է վերցնում իմ կյանքից, ինչքան ես կուզենայի, բայց դա իմ ամբողջ կյանքը չէ։ Իմ կյանքը շատ ավելի հետաքրքիր եւ լուրջ է, քան քաղաքականությունը։

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ԿԳՈՐԾԻ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Թեղուտի հանքավայրի աշխատողները երեկվանից ծանուցումներ են ստանում աշխատանքի հետ վերադառնալու վերաբերյալ: Պարզվում է` ռուսաստանյան ՎՏԲ բանկը (Թեղուտի հանքավայրը գրավադրված է այս բանկում) որոշել է վերաբացել Թեղուտի հանքավայրը: Երեկ հանքավայրի աշխատողների մի մասի հետ հանդիպել է բանկի կողմից ուղարկված, Ռուսաստանից եկած Նորայր Պետրոսյանը եւ հայտարարել, որ հանքավայրը առաջիկայում սկսելու է մեծ թափով աշխատել եւ արտադրանք թողարկել: Աշխատողների խոսքերով` Վալերի Մեջլումյանն այլեւս կապ չունի Թեղուտի հանքավայրի հետ, այն այժմ կառավարում է կա՛մ ՎՏԲ բանկը, կա՛մ էլ բանկի կողմից այլ սեփականատեր: Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Թեղուտի հանքավայրը դադարեցրեց շահագործումը` գործազուրկ թողնելով 1032 աշխատողի: Իսկ ահա Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատագիրը շարունակում է օդում կախված մնալ: Ի դեպ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ է այցելելու, նրա հետ կհանդիպեն նաեւ գործարանի գործազուրկ մնացած շուրջ 600 աշխատող:

 

 

ՄԱՀԱՑԱՎ
Երեկ հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Ռաֆիկ Խաչատրյանը, ով կալանավորվել էր Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով: Հիշեցնենք` 2017թ. սեպտեմբերի 14-ին Հանրապետության փողոցում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Ռաֆիկ Խաչատրյանը կրակոցներ էին արձակել Վահագն Աբգարյանի եւ նրա թիմակիցների ուղղությամբ, ինչի հետեւանքով սպանվեց Գագիկ Մոսինյանը: Այս միջադեպը հետեւանք էր Ալավերդիում քրեական հեղինակությունների միջեւ վաղուց ընթացող պայքարի: Այս դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին սպանությունը կատարողների նկատմամբ, որից հետո Կոտայքի մարզում հայտնաբերվեց Ռ. Խաչատրյանը, իսկ մյուս հետախուզվողներին 2017թ. հոկտեմբերին գտան Վրաստանում, բայց մինչ օրս նրանց չեն տեղափոխել ՀՀ: Եւ հիմա մահացավ աղմկահարույց գործով միակ կալանավորը, որին սկզբում մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, օժանդակելու, ապօրինի զենք տեղափոխելու համար, բայց հետո մեղադրանքը վերաորակավորվել էր. նա մեղադրվում էր միայն ապօրինի զենք տեղափոխելու մեջ:

 

 

ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ
Երեկ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչության նախագահ, հրամանատար Սասուն Միքայելյանի՝ արցախյան ազատամարտի եւ թավշյա հեղափոխության միջեւ արած համեմատությունը: Իհարկե, արդեն Շիրակի մարզում Միքայելյանը պարզաբանեց իր ասածը, բայց նրա խոսքերը հասցրել են ներկայացնել կոնտեքստից կտրված եւ այնպիսի համատեքստում, որ արձագանքեցին ոչ միայն ընտրությունների մրցակից ուժերը` հանձին ՀՀԿ-ի, այլեւ Արցախի Հանրապետության պաշտոնյաները՝ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյան, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյան: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայելյանը հայտարարեց, որ պնդում է ասածը. «Եթե չլիներ այդ հաղթանակը, արցախյան գոյամարտը կջնջվեր իսպառ, որովհետեւ բոլորս գիտակցում ենք, թե ինչ կարգավիճակում էր բանակը մինչ այդ, ինչ կլիներ Արցախի հետագա ճակատագիրը»:




Լրահոս