Որքան խորանում են աշխարհի տարբեր վայրերում առանձին ճգնաժամերը, այնքան կրկին փոթորկվում է ԱՄՆ ներքաղաքական կյանքը: Այս անգամ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ արձանագրված հերթական լարումը նոր թափ է հաղորդել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ամերիկյան լրատվականների ու նախագահի հակառակորդների քննադատությանը: Իսկ պատճառը նույնն է. ըստ նրանց` նախագահը բավարար վճռականություն ու կոշտություն չի ցուցաբերում Պուտինի նկատմամբ:
Ռուսական եւ ուկրաինական փոխհրաձգությունը Կերչի նեղուցում նոր աղմկահարույց սկանդալ առաջացրեց ամբողջ աշխարհում: Ինչպես եւ ակնկալվում էր, ուկրաինացիները մեղադրանքների տարափ ուղղեցին ռուսների հանդեպ, իսկ վերջիններս էլ հայտարարեցին, որ միջադեպի պատճառը բացառապես ուկրաինացիների սադրանքն էր: Եվ քանի որ համաշխարհային տերություններից յուրաքանչյուրն իր շահերն ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում, բնական է, որ միջադեպն էլ պիտի մեկնաբանվեր բազմապիսի ձեւով: Եվրոպական երկրները փորձեցին քննադատական կեցվածք ընդունել Ռուսաստանի նկատմամբ` դա բացատրելով Ղրիմի բռնակցման հանգամանքով: Եվրոպական տերությունների ղեկավարներն արդեն իսկ զրույցներ ունեցել են Պուտինի ու Պորոշենկոյի հետ` հասկանալու իրավիճակն ու միջադեպը հանգուցալուծելու համար, քանի որ թվացյալ ռազմական խաղաղությունն այս անգամ կարող է կրկին խաթարվել լայնամասշտաբ գործողությունների հանգելով: Սակայն հաշվի առնելով ուկրաինական հետաքրքրություններն ու ռուսական կողմի պասիվ կեցվածքը` նոր ռազմական լայն գործողություններ հազիվ թե տեղի ունենան: Պորոշենկոն հստակ քայլեր է ձեռնարկում երկրում ռազմական դրություն մտցնելու ուղղությամբ, ինչը ակնհայտորեն ուղղված է ոչ այնքան ռազմական նախապատրաստություններին, որքան սեփական դիրքերը առաջիկա նախագահական ընտրություններում ամրապնդելուն: Այս տեսանկյունից ռուսական շրջանակների հայտարարություններն ավելի արժանահավատ են թվում: Սակայն միջազգային հանրությունն այնքան էլ խորամուխ չի լինում իրադարձությունների համապարփակ ընկալման ուղղությամբ` նախընտրելով շարունակել ռուս-ուկրաինական հակամարտության հանդեպ ի սկզբանե որդեգրած դիրքորոշումը:
Այս տեսանկյունից հատկապես աչքի են ընկնում ամերիկյան այն լրատվականներն ու վերլուծաբանները, որոնք թշնամական հարաբերություններ ունեն նախագահ Թրամփի հետ եւ առիթը կրկին օգտագործում են նրան քննադատելու համար: Թրամփը մեկ օր անց միայն անդրադարձավ ռազմական բախմանը` հայտարարելով, որ ԱՄՆ-ն բոլորովին ուրախ չէ ստեղծված իրադրությամբ եւ իրապես չի ցանկանում տեսնել նման դեպքերի կրկնություն: Ավելին` նա հույս է հայտնել, որ իրավիճակը կմեղմվի կարճ ժամկետում: Ամերիկյան լրատվականները Թրամփին ծանր քննադատության ենթարկեցին` նրա ու նրա վարչակազմի նախնական լռությունը հակադրելով Անգելա Մերքելի, Թերեզա Մեյի խոսնակի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Կանադայի եւ մյուս երկրների ԱԳ նախարարների ու դեսպանների հայտարարություններին: Հատուկ ուշադրություն գրավեց Մայք Փոմփեոյի «ընդհատակ» անցնելը, որը միայն Թրամփից հետո գրավոր հայտարարությամբ մեղադրեց երկու կողմերին ու արտահայտեց ամերիկյան մտահոգությունները: Այս նույն տրամաբանությունը շարունակելով` Թրամփին մեղադրեցին նաեւ Ռուսաստանի հանդեպ մեղմ վերաբերմունքի, Ղրիմի բռնակցման հարցում հստակ դիրքորոշում չարտահայտելու ու Պուտինի նկատմամբ բարյացկամության մեջ: Հասարակական-քաղաքական շրջանակներում կրկին ակտիվացել է այն թեզը, թե Պուտինը շարունակում է ազդեցություն ունենալ Թրամփի վրա եւ վերջինս չի համարձակվում որեւէ քննադատական խոսք հնչեցնել ռուսական գործողությունների վերաբերյալ:
Ի հեճուկս սրա` հակաթրամփյան մեդիայի հերոսն է դարձել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին, որը մեկ ամիս առաջ հայտարարեց տարվա վերջին պաշտոնաթող լինելու մասին: Եվ ահա կաշկանդված չլինելով հետագա պաշտոնավարությամբ` դեսպանը բավականին կոպիտ է արտահայտվել ռուսական գործողությունների վերաբերյալ: Ըստ նրա` տեղի ունեցածն անփույթ լարում էր, որի մեղավորությունը Ռուսաստանինն է: Հեյլին վերջինիս կոչ է արել վերջ տալ ապօրինություններին ու հարգել այլ պետությունների նավավարման իրավունքները: Ռուսական քայլը դեսպանը որակել է որպես Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտող գործողություն, որը Ղրիմի բռնակցման տրամաբանական շարունակությունն էր: Հղում անելով նախագահի նախկին հայտարարություններին` Հեյլին նկատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, եթե վերջինս վերջ տա սադրիչ բնույթի գործողություններին: Կարելի է ենթադրել, որ Հեյլին իրեն որոշակի ազատություն է տվել Ռուսաստանի գործողությունները ՄԱԿ-ի ամբիոնից գնահատելու հարցում, քանի որ նրա հայտարարությունների կոշտությունը, ըստ էության, հակադրվում է նախագահի ու պետքարտուղարի անորոշ ձեւակերպումներին: Կարելի է միայն փաստել, որ Հեյլին այսպիսի վարքագծով նախանշում է իր ապագա քաղաքական գործունեությունը, երբ կարող է հպարտանալով հայտարարել, որ ավելի կոշտ է եղել ռուսական ագրեսիայի հանդեպ, քան նախագահը: Իսկ Թրամփը թերեւս հայտնվել է երկու քարի արանքում, քանի որ չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաեւ չի կարող միակողմանի ջերմացման գնալ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԴԱՍԱԴՈՒԼ ՀՈՎՔԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Նոյեմբերի 19-ին Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը չէր կայացել: Պատճառն այն է, որ Հովքի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը օրենքով սահմանված կարգով մրցույթի անցկացման մասին կրթության եւ գիտության նախարարություն նախապես գրավոր չի ծանուցել, որպեսզի այնտեղից ներկայացուցիչ ուղարկվեր: 3 օր անց` նոյեմբերի 22-ին, Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար նոր մրցույթ էր նշանակված: Ի սկզբանե այդ պաշտոնի 3 թեկնածու կար` Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանը, դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Ասիրյանը, կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մարզային մասնաճյուղի մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը: Վերջինս, տեսնելով, որ դպրոցի տնօրենի ընտրությունն անցնելու է լարված պայմաններում, ինքնաբացարկ է հայտնել: Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքում Ս. Սիմոնյանը եւ Ս. Ասիրյանը ստացել են հավասար` 4-ական քվե: Գործող օրենքի համաձայն` 2 թեկնածուների փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ փոխվարչապետին, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում 2 թեկնածուներից մեկին կառաջարկի որպես Հովքի դպրոցի տնօրեն եւ այդ մասին գրավոր կհայտնի Տավուշի մարզպետին: Նոյեմբերի 27-ին Հովքի դպրոցում դասադուլ է եղել, ուսումնական պարապմունքներ չեն կայացել: Դպրոցի ուսմասվար, դպրոցի տնօրենի պաշտոնի թեկնածու Սեդա Ասիրյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանին ասել է, որ դասադուլի կազմակերպիչը դպրոցի կոլեկտիվն է, որն այդ կերպ արտահայտել է իր կարծիքը տնօրեն նշանակելու մասին: Այսինքն` Հովքի դպրոցի կոլեկտիվը ցանկանում է, որ դպրոցի տնօրեն նշանակվի Սեդա Ասիրյանը: Ընդ որում` դպրոցի կոլեկտիվը Հովքի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանի դեմ որեւէ բողոք կամ դժգոհություն չունի, վերջինս հակաօրինական ոչինչ չի արել: Մ. Ղազումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղի է ունեցել անօրինականություն, կարծիք արտահայտելու համար հարկ չկար դասադուլ անել: Նա ասաց, որ դասադուլի կազմակերպիչները օրենքով սահմանված կարգով կպատժվեն: Դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Ասիրյանն ասել է, որ նոյեմբերի 27-ի չկայացած դասերի փոխարեն դասեր կարվեն առաջիկա շաբաթ օրը` դեկտեմբերի 1-ին: Սակայն Մանե Ղազումյանն ասաց, որ դրա համար հարկ է, որ Տավուշի մարզպետարանը համապատասխան թույլտվություն տա, այդ հարցը դեռ որոշված չէ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳԱՐԵՋՈՒՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաեւ գարեջրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ առաջատարը «Երեւան գարեջուր» ընկերությունն է: Ի դեպ, նշենք, որ գարեջրի գործարանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին է պատկանում: Այսպես, այս ընկերությունը ՀՀ պետական բյուջե այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 1 մլրդ 987 մլն 482 հազար դրամ հարկ ու տուրք`զբաղեցնելով 61-րդ տեղը: Անցած տարվա նշված ժամանակահատվածում այս ընկերությունը ՀՀ պետբյուջե վճարել է 1 մլրդ 922 մլն 589 հազար դրամի չափով հարկ: Այսինքն` պատգամավորին պատկանող ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 64 մլն դրամի չափով ավելացրել է հարկային վճարումները:
Նույնն է նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերության դեպքում, քանի որ այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է հարկային վճարումները: Քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե կատարել է 1 մլրդ 769 մլն 100 հազար դրամի չափով հարկային վճարում եւ զբաղեցրել 67-րդ տեղը: Նախորդ տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 1 մլրդ 251 մլն դրամ հարկ` զբաղեցնելով 85-րդ տեղը: Այս ընկերությունը ՊԵԿ ուշադրության կենտրոնում հայտնվեց թավշյա հեղափոխությունից հետո, երբ պարզվել էր՝ 360 մլն դրամ հարկ չի վճարել պետական բյուջե: ՊԵԿ-ն այս մասին հայտարարություն տարածեց հունիսին, իսկ արդեն սեպտեմբերին տեղեկացրեց, որ գործարանը կատարել է հարկային պարտավորությունները: Ինչեւէ, ըստ մասնագետների` ընկերությունների հարկային վճարումների ավելանալը պայմանավորված է արտադրության եւ իրացման ծավալների աճով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` գարեջրի արտադրության ծավալները աճել են 8.4 տոկոսով: Եթե անցած տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 17 մլն 766 հազար լիտր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 19 մլն 259 հազար լիտր գարեջուր: Բայց մասնագետները համոզված են, որ հաջորդ տարում հազար խոշոր հարկատուների ցանկում այս ընկերությունների դասավորումը կփոփոխվի, քանի որ ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:
Իսկ, ահա, «Կոտայքի գարեջրի գործարան»-ը այս տարվա 9 ամիսներին հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 756-րդ տեղը, իսկ պետբյուջե կատարել է 132 մլն 884 հազար դրամի հարկային վճարում: Բայց անցած տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը խոշորների ցանկում տեղ չի գտել: Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին: Հայաստանում կան գարեջրի մի քանի այլ գործարաններ եւս Դիլիջանում, Սեւանում, բայց նրանք խոշոր հարկատուների թվում չեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ