Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին եւ ելույթ ունեցել:
«Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ, քանի որ թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ», – նշել է նա:
Փաշինյանը ընդգծել է, որ ինքը տեղյակ է այս հանձնաժողովի աշխատանքային ընթացքի մասին, եւ իրեն պարբերաբար զեկուցում են: Նշենք, որ այս հանձնաժողովի ղեկավարը Մհեր Գրիգորյանն է, անդամներից է հանդիսանում նաեւ դեռեւս պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով երեկ ներկա չի եղել հանդիպմանը:
«ժողովուրդ» օրաթերթը դեռեւս օգոստոսին անդրադարձել էր այս հանձնաժողովի գործունեությանը, ավելի ճիշտ՝ անգործությանը, քանի որ այդ պահի դրությամբ 2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով պայմանավորված որեւէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով դեռ տրված չէր:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ` Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Այդ հանձնաժողովի նախագահ էր նշանակվել հենց ներկայումս փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: Սակայն այդ հանձնաժողովը հուլիսի 2-ից մինչեւ օգոստոսի 26-ն անգամ նիստ չէր գումարել: Ու միայն ընդհանուր դժգոհություններից հետո այս հանձնաժողովը սկսել է աշխատել, մշակել է նաեւ գործողությունների ճանապարհային քարտեզ եւ այն ներկայացրել եվրոպական կողմին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան