Պատրաստ եմ բոլորի հետ էլ համագործակցել, այդ թվում ՕԵԿ-ի. Հովհաննես Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանը հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին` միաժամանակ հրաժարվելով ՕԵԿ նախագահի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախկին ՕԵԿ-ական, «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի հետ։

-Պարո՛ն Մարգարյան, Ձեր հարզացրույցներում ասում էիք, որ մասնակցելու եք ԱԺ ընտրություններին։ Ինչո՞ւ մտափոխվեցիք։

-Միակ պատճառն այն էր, որ իմ «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը չհասցրեցինք գրանցել։ Իսկ ես չէի ուզում որեւէ այլ ուժի ընտրացուցակով մասնակցել։

-Ընտրություններից ի՞նչ տպավորություն ունեցաք։

-Պայքարը գաղափարական չէր։ Սրանք աննախադեպ ընտրություններ էին, բայց ժամանակը շատ կարճ էր, ծրագրերի մրցակցություն չկար։ Քաղաքացին հիմնականում չէր տրամադրվում, որ ուսումնասիրեր ծրագրերը։ Այն վարկանիշը, որը վաստակեց Նիկոլ Փաշինյանը, հիանալի էր։ Եթե ժողովուրդը հնարավորություն ունենար ուղիղ ընտրել Նիկոլ Փաշինյանին, կգնար եւ էլի 70% կտար։ Այսինքն` այդ տոկոսի վաստակը ստացավ Նիկոլ Փաշինյանը. երկրորդ կարծիք լինել չի կարող։

-Այսինքն` խորհրդարանի կազմը սպասելի՞ էր Ձեզ համար։

-Կազմը սպասելի էր, բայց ինձ համար անսպասելի էր պատգամավորների թիվը։ Այնպես ստացվեց, որ շատ ուժեր անցողիկի շեմը չհաղթահարեցին, այլապես էսպիսի պատկեր չէինք ստանա։ Աստված չաներ, որ եթե ինչ-որ քաղաքական ուժ մեծամասնություն չհավաքեր, կունենայինք, օրինակ, 170 պատգամավոր, եւ դա այս բոնուս-ֆոկուսների արդյունքում։ Մի կարեւոր բան ասեմ. հենց մեր կուսակցությունը գրանցվեց, ստորագրահավաք ենք սկսելու սահմանադրությունում փոփոխություններ անցկացնելու։

Առաջինը ուզում ենք ժողովրդին հետ վերադարձնենք առաջնային մանդատով պետության գլխին ընտրելու հնարավորությունը։ Ժողովուրդը ուզում էր Նիկոլ Փաշինյանին, եւ որպեսզի նա ընտրվեր, ժողովուրդը ստիպված էր 70-80 քաղաքացիների ընտրել ԱԺ-ի համար, որ նրանք էլ երաշխավորեին, թե իրենք, մտնելով ԱԺ, կընտրեն Նիկոլին։ Դե մեկից թող ընտրեր։ Բացի դրանից` երկրում միահեծան իշխանություն է ձեւավորված, որը, իհարկե, այս իշխանությունների մեղքով չէ, այլ նախկին։ Վերջինս սահմանադրությամբ ստեղծել էր մի խայտառակ իրավիճակ, որ ոչ թե իրենք ցմահ ղեկավարեին երկիրը, այլ նաեւ հետմահու միանձնյա ղեկավարեին։

-Ընդդիմության մեջ կռիվը ինչի՞ց սկսվեց։

-Մենք բոլորս տեսանք, որ դեբատից։ Բայց հիմա մենք պետք է ձգտենք ունենալ ավելի քան միասնական իշխանություն։ Ինձ համար տարօրինակ է, որ ասում են` որպեսզի ես լինեմ երկրորդ տեղը, դու չպիտի մասնակցես ընտրությանը։ Է որ Նիկոլն էլ չմասնակցեր, առաջին տեղում կլինեիք։ Սա շատ անընդունելի մոտեցում է եւ սա քաղաքական օրակարգ չէ։

Մեր հիշողությունը շատ թարմ է։ Ես ինքս ականատես եղա, թե ինչպես Գագիկ Ծառուկյանը կարողացավ կանգնել հեղափոխության կողքին։ Այսօրվա դրությամբ պետք է գնահատենք այն, որ Ծառուկյանը մեծ ներդրումներ է անում Հայաստանում։ Շատ կարեւոր է, որ այդ մարդը իր երկրում ստեղծում է աշխատատեղեր։

-Արթուր Բաղդասարյանը լքեց կուսակցությունը, թողեց քաղաքականությունը։ Որպես նախկին ՕԵԿ-ական` Ձեզ համար սպասելի՞ քայլ էր։

-Ճիշտն ասած` ես դա որեւէ կերպ չեմ ուզում մեկնաբանել։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ` առավել եւս Արթուր Բաղդասարյանի նման փորձառու մեկը, ինքն է որոշում կայացնում։ Ժամանակ առաջ ես էլ որոշում կայացրի եւ դուրս եկա քաղաքականությունից։ Ես ընդամենը հարգում եմ այդ որոշումը։ Կարծում եմ` դա պահի տակ որոշում չէ, այլ կշռադատված որոշում է։

-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք մեկնաբանում սա։ Հնարավո՞ր է, որ սա նրա հետեւանքն էր, որ ՕԵԿ-ը ձախողեց վերջին մի քանի ընտրությունները, եւ հրամայական էր ծառացած սերնդափոխության։

-Սերնդափոխությունը միշտ կարեւոր եւ առաջնային պայման է երկրում, բայց նորից եմ կրկնում` այդ մասին միայն որոշողը կարող է ասել։ Ես միշտ բարձր եմ գնահատել Արթուր Բաղդասարյանի դերակատարությունը քաղաքականության մեջ։

-Ի՞նչ եք սպասում նոր սերնդի ներկայացուցիչներից։

-Ներ սերունդը հաջողության կհասնի այն դեպքում, երբ իր կողքին կլինեն փորձառու, ճանապարհ անցած մարդիկ։ Բարձր եմ գնահատում երիտասարդների արած գործը` թավշյա հեղափոխությունը, որի միջոցով իշխանությունը վերադարձավ ժողովրդին։ Շատ քննադատելու տեղեր ունեն, բայց ես ձեռնպահ կմնամ դրանից, որովհետեւ հասկանում եմ, որ էնքան լավ բան են արել` լեզուդ չի բռնում քննադատես։ Այնուամենայնիվ, ասեմ, որ դրանով երիտասարդները հասնելու են նրան, որ փորձառու մարդկանց փորձը չօգտագործելով` լուրջ խնդիրների են բախվելու։

-Հնարավո՞ր է` նորից միանաք ՕԵԿ-ին։

-Ես այլ կուսակցության ղեկավար եմ, այլ կուսակցություն եմ հիմնադրել։ Այսինքն` լուծարեմ, գնամ միանա՞մ։ Իսկ, ընդհանուր առմամբ, մեր քաղաքական ուժի գաղափարների շուրջ պատրաստ եմ բոլորի հետ էլ համագործակցել եւ այդ թվում եւ բնականաբար ՕԵԿ-ի, որովհետեւ ՕԵԿ-ը ինձ շատ բան է տվել։

Լուսինե Մինասյան




Լրահոս