Գյումրու թիվ 18 դպրոցում հարկադիր պարապուրդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու թիվ 18 դպրոցում հարկադիր պարապուրդի են մատնված թե՛ ուսուցչական կազմը, թե՛ աշակերտական հանրույթը: Արդեն մեկ ամիս դասապրոցեսները խաթարված են: Դպրոցի դասասենյակները դատարկվեցին, երբ մեկ ամիս առաջ աշակերտները բողոքի ակցիա կազմակերպեցին: Պատճառն այն էր, որ դպրոցը չէր ջեռուցվում, եւ դաս անելը գրեթե անհնար էր: Դպրոցի կաթսայատունը վթարային է, կառուցվել է խորհրդային տարիներին ու չի վերանորոգվել: Հետագայում որոշում է կայացվել աշակերտներին ուղարկել արձակուրդ մինչ խնդրի հարթումը, սակայն նախատեսված օրը արձակուրդը դադարեցված չէ, դպրոցը դատարկ է, դուռն էլ` փակ:

«Երեխաներին որոշեցին արձակուրդ ճանապարհել, համաձայնեցինք, այսինքն` դա նաեւ մեր պահանջն էր, բայց արդեն մեկ ամիս երեխաները տանն են, դասերից հետ են ընկել, ո՞նց ենք անելու` չգիտենք: Սկզբից ասացին` մինչեւ 15-ը կմնան տանը, արդեն 20-ն է մոտենում, ոչ ոք ոչինչ չի ասում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գյումրու թիվ 18 դպրոցի ծնողներից մեկը:

Քննարկվել են հնարավոր տարբերակներ, անգամ դպրոցը ժամանակավորապես այլ վայր տեղափոխելու հարցը, սակայն տարբերակները հավանության չեն արժանացել: Պետական միջոցներից 17 միլիոն դրամ էր հատկացվել դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման համար: Գումարը վաղուց կար, բայց ինչ-ինչ պատճառներով այն չէր տրամադրվում, չէր ծախսվում նպատակի համար:

Միայն բողոքի ակցիաներից հետո մարզային իշխանությունները գործի անցան: Նախագծային աշխատանքները կատարվեցին, շինկազմակերպությունն էլ ընտրվեց, ու աշխատանքների մեկնարկը տրվեց:

Մեկ ամիս անց, սակայն, աշխատանքները դեռ ավարտված չեն: Միայն վերջնականապես ավարտվել են ապամոտնաժման գործողությունները. «Ապամոնտաժումն ավարտված է: Ամբողջ դպրոցը ջեռուցվելու է, սակայն խնդիրներ են ծագել` կապված աշխատանքների հետ: Գազի ներս բերելն է դարձել գործի ձգձգման պատճառ: Եթե խնդիր չծագեր, դասերն արդեն վերսկսված կլինեին»,-ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Շիրակի մարզպետն էլ հորդորել է ծնողներին ու աշակերտներին համբերատար լինել ու սպասել մինչ ջեռուցման համակարգը անցկացվի: Ըստ վերջինիս` մինչեւ դասարաններում 18 աստիճան ջերմություն չապահովվի, դասերը չեն վերսկսվի. «Չեմ կարծում` բողոքներ կան ծնողների շրջանակում, այս գործը երեխաների համար է:

Այժմ թեեւ խնդիր կա, բայց կհարթվի: Մի քանի ջեռուցման կաթսա է տեղադրվելու միանգամից, ջեռուցման մարտկոցներն էլ ամբողջությամբ փոխարինվելու են նորով»,-ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Դասընթացներն այս տարի, ամենայն ահավանականությամբ, չեն վերսկսվի, քանի որ դեռ հայտնի չէ` շինկազմակերպության եւ Գազպրոմ Արմենիայի միջեւ ծագած խնդիրը ինչպես կհարթվի:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս