Հարց քաղաքացիներից` եթե անձը մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը կորցրել է աշխատանքը, ապա նա իրավունք ունի՞ ստանալու իր կուտակային կենսաթոշակը մինչեւ 63 տարեկան դառնալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Եթե անձը մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը կորցրել է աշխատանքը, ապա նա իրավունք ունի՞ ստանալու իր կուտակային կենսաթոշակը մինչեւ 63 տարեկան դառնալը:

Սաթենիկ Խաչատրյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Մասնակիցը մինչեւ 63 տարին լրանալը կարող է ստանալ իր կուտակային միջոցները հետեւյալ դեպքերում՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ
2) առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակից է եւ վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Օրենքը նախատեսում է կուտակային միջոցների` մինչեւ 63 տարեկանը ստանալու եւս մեկ դեպք`
եթե լրացել է մասնակցի 55 տարին, եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից` կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 63 տարին լրանալու դեպքում անձը կարող է ստանալ իր պետական կենսաթոշակը եւ անորոշ ժամանակով հետաձգել կուտակային կենսաթոշակի ստացումը: Անձի մահվան դեպքում ստացված կուտակային կենսաթոշակային միջոցները կժառանգվեն սահմանված կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս